ԿարևորՄշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 16 տարեկան է

Հունվարի 25-ին լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-ամյակը։ 16 տարի առաջ այս օրը կոնսերվատորիայում սովորող 18-ամյա երիտասարդների հիմնադրած նվագախումբն առաջին ելույթն ունեցավ հանդիսատեսի առջև։ 16 տարի առաջ երիտասարդ երաժիշտները հավանաբար չէին պատկերացնում, որ շատ կարճ ժամանակում կկերտեն մի կենսագրություն, որ կապացուցի՝ գործին նվիրվածությամբ, անխոնջ աշխատանքով, հստակ տեսլականով ու համախմբված թիմով կարելի է հասնել ամենամեծ նպատակների։

16 տարիների համերգային գործունեության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայաստանյան իր ունկնդրին ներկայացել է հարյուրավոր համերգներով, հարուստ ու մշտապես թարմացվող նվագացանկով, համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներով՝ նպաստելով երկրում դասական երաժշտության հանրայնացմանը։ Նվագախումբը հնչեցրել է 80-ից ավելի հայ կոմպոզիտորների ավելի քան 300 ստեղծագործություններ։

Նվագախումբը ելույթներ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների հետ, աշխարհի լավագույն բեմերում՝ «Օպերա Գարնիե» (Փարիզ), «Կոնցերտհաուզ» (Բեռլին), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի մեծ համերգասրահ (Մոսկվա), Էլբֆիլհարմոնիա (Համբուրգ), Բեռլինի ֆիլհարմոնիա, Մադրիդի թագավորական թատրոն, «Մուզիքֆեղայն» (Վիեննա), «Բարբիկան» կենտրոն (Լոնդոն), Դուբայի օպերային թատրոն և այլն՝ ներկայանալով կատարողական բարձր վարպետությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համերգային հարուստ գործունեությունից բացի, մեծ աշխատանք է ծավալում հայ կոմպոզիտորական արվեստի պահպանման ուղղությամբ՝ թվայնացնելով, ձայնագրելով ու աշխարհով մեկ տարածելով հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 16-ամյա գործունեության ընթացքում հայտնի է դարձել իր նորարարական նախագծերով, դասական երաժշտության մեջ բարձր տեխնոլոգիական տարրերի, արհեստական բանականության կիրառմամբ, որոնք մեծ արձագանք են ստանում ամբողջ աշխարհում՝ նոր խոսք դառնալով դասական երաժշտության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետաքրքիր սինթեզում։

Նվագախմբի մեծ թիմը հանդես է գալիս նաև կրթական, բարեգործական բազմաթիվ ծրագրերով՝ փորձելով երաժշտության համամարդկային լեզվով կրթել, օգնել, հուզել, ոգևորել մարդկանց ու աշխարհն ավելի լավը դարձնել։

Նվագախմբի 2022 թվականի օրացույցը նույնպես հագեցած է համերգային ծրագրերով, փառատոներով, հյուրախաղերով, նոր նախագծերով, որոնք հաճելի անակնկալներ կպարգևեն դասական երաժշտության սիրահարներին։

Նվագախումբը երախտագիտություն է հայտնում իր կողքին կանգնած բոլոր կառույցներին, կազմակերպություններին, լրատվամիջոցներին, անհատներին և իհարկե իր շատ սիրելի ունկնդրին՝ այս տարիների ընթացքում սատարելու, բոլոր նախաձեռնություններին հավատալու ու նոր ձեռքբերումների մղելու համար։  

Back to top button