ԿարևորՀասարակություն

Եթե խաղողից չէ, գինի չէ․ ՌԴ օրենքի փոփոխությունը՝ խնդիր հայ արտադրողի համար

Անցյած մայիսից Պռոշյանի կոնյակի գործարանն ունի Ռուսաստանի Դաշնություն  արտահանած, բայց չվաճառված մրգային գինիների խմբաքանակ՝ անորոշ ճակատագրով։ Ռուսաստանում, օրենսդրական փոփոխությունների արդյունքում, այդ գինիները զրկվել են «գինի» մակնանշումից՝ հայ գինիարտադրողների համար ստեղծելով տարբեր դժվարություններ։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը Պռոշյանի կոնյակի գործարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Գոհար Պողոսյանն է․

«Վաճառքը 50%-ի չափով նվազել է, 250 հազար շիշ գինի ենք անցած տարի ուղարկել, և այդ գինին մեկ տարի՝ մնացել է ու չի վաճառվում, քանի որ որպես ալկոհոլային խմիչք է ներկայացված։ Ռուս հաճախորդը չի գնում ուղղակի։ Բացի դա, մենք նախորդ տարվա սկզբին դեռ պատվերներ ենք ունեցել, որոնց համար «գինի» մակնանշմամբ պիտակներ ենք տպել, տուփեր ու տոպրակներ պատրաստել, որոնք ՌԴ համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո թափել ենք ու կրել ֆինանասական մեծ կորուստներ»,-ասում է Գոհար Պողոսյանը։

Ռուսաստանում «Խաղողագործության և գինեգործության մասին» օրենքը փոփոխվել է 2021 թվականին։ Այսօր գինին գինի է համարվում, եթե պատրաստված է խաղողից։ Մնացած բոլոր մրգային գինիները՝ օրինակ, ծիրանի, մոշի կամ նռան, խանութներում հանվել են գինիների դարակաշարերից ու շարվել պտղային ալկոհոլային արտադրանքի՝ ավելի էժան և ռուսական շուկայում դժվարությամբ սպառվող խմիչքի կողքին։

Օրենսդրական փոփոխությունը դժվարացել է հայ արտադրողի գործը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ մեր երկրում արտադրվող մրգային գինիների 80 %-ը արտահանվում, սպառվում է հենց ռուսական շուկայում, հետո Լեհաստանում ու Չինաստանում։ Հիմնադրամի տնօրենի կարծիքով՝ օրենքը խնդրահարույց է, թեպետ տրամաբանություն փոփոխության մեջ՝ կա․

«Այնուամենայնիվ, եթե մասնագիտորեն նայենք, իսկապես, գինի կոչվում է այն խմիչքը, որը պատրաստվում է խաղողից: Սա է Ռուսաստանին ստիպել, որ օրենքի մեջ այդ փոփոխություններն անեն և միայն խաղողից պատրաստված խմիչքը համարեն գինի»,-ասում է Զարուհի Մուրադյանը:

Հայաստանում արտադրվող մրգային գինիների մեջ գերակշռում է հատկապես նռան գինին։ Զարուհի Մուրադյանի խոսքով՝ շատ արտադրողներ այսօր զբաղված են տեխնիկական հատկորոշիչների մշակմամբ, որպեսզի ստանան համապատասխան ստանդարտն ու կարողանան նռան գինու կատեգորիան առաջարկել ԵԱՏՄ գործընկերներին: Հայկական նռան գինու նոր ապրանքանիշի անվան համար դիտարկվում է «Գրանատուս» տարբերակը․

«Հայաստանում ավելի շատ նռան գինի է արտադրվում, դրա համար ենք դա  շեշտադրել։ Բայց այլ հատապտուղներից ու մրգերից արտադրված գինիներն էլ այս խնդրի առջև կանգնած, և լուծման տարբերակներ ենք փնտրում արդեն մեկ տարի»,-ասում է Զարուհի Մուրադյանը։

Պռոշյանի կոնյակի գործարանում հույս ունեն, որ այս տարի կգտնվեն խնդրի լուծման տարբերակներ, այլապես մեր մրգային գինիները կմնան պտղային ալկոհոլային արտադրանքի դարակաշարերին՝ վաճառքի նվազող տեմպերով ընկնել։ «Ռուս հաճախորդի հոգեբանությունը յուրահատուկ է, եթե գինի չէ չեն գնում»-, ասում է Գոհար Պողոսյանը։ Զարուհի Մուրադյան էլ հավելում է՝ Ռուսաստանը մենակ չէ․ Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը ևս քննարկում, աշխատանքներ է տանում, որպեսզի խաղողից բացի, մյուս մրգային խմիչքները գինի չկոչվեն, չմակնշվեն: Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ լայնածավալ աշխատանք է տարվում, որ միջազգային շուկայում հայկական գինին դիրաքավորվի նորովի։

Back to top button