ԿարևորՄշակույթ

Այսօր ձեր երկիրը ձեր խոսքի, մտքի կարիքն ունի. Արիան Ասկարիդը` հայ երիտասարդներին

 Օրերս Հայաստանում էր ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ, «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի սցենարի համահեղինակ, ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի կինը՝ Արիան Ասկարիդը։  Տասնօրյա այցի շրջանակներում դերասանուհին հանդիպեց Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ։

«Տաղանդը աշխատանքի 90 տոկոսն է, պետք է շատ աշխատել, շատ ֆիլմեր դիտել ու գրքեր կարդալ», — ֆրանսիացի դերասանուհին ԵՄԱՊՔ-ի «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» մասնագիտության ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով կայացած հանդիպմանն այս խորհուրդները տվեց:

«Տարիներ առաջ, երբ ամուսնուս՝ Ռոբերտ Գեդիկյանի հետ նկարահանում էինք «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը, մեզ ասում էին՝ ինչո՞ւ եք այս թաղամասը նկարահանում, այն գեղեցիկ չէ, բայց մեզ համար կարևոր էր ոչ թե գեղեցիկ թաղամասեր նկարելը, այլ այն վայրերը, որտեղ կյանք կա։ Սիրում եմ այնպիսի ժանրերի ֆիլմեր, որոնք պատմում են ուշադրության կենտրոնից դուրս մնացած մարդկանց մասին։ Դուք էլ պիտի այս սկզբունքով առաջնորդվեք», — հորդորեց ֆրանսիացի դերասանուհին։

Տիկին Ասկարիդը Հայաստանում էր ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանի նախաձեռնած «Դրամատիկական արվեստանոց» ծրագրի շրջանակներում, իսկ ԵՄԱՊՔ էր այցելել «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Անդրադառնալով հայազգի լեգենդ, շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ տիկին Ասկարիդը շեշտեց. «Ազնավուրը հիանալի  արտիստ էր, այն ամենն, ինչ արել է Հայաստանի համար, ուղղակի հրաշալի է։ Եվ վերջապես, նրա շնորհիվ է, որ մենք այսօր հնարավորություն ունեցանք հանդիպելու»,- ուրախությամբ արձանագրեց դերասանուհին ու հավելեց. «Ինքներդ եղեք ձեր ճակատագրի տերը, համեստ մի եղեք, այլ եղեք համառ, բարձրաձայնեք այն մասին, ինչը կարևոր եք համարում։ Խոսեք ձեր ժամանակի, ձեր իրականության միջից, ինչն արտաքին աշխարհին հնարավորություն կտա հասկանալու այսօրվա Հայաստանը։ Պետք է բոլորին ցույց տաք, որ դուք կաք, գոյություն ունեք, որ ունեք սիրտ, որը շատ ուժեղ է բաբախում։ Ֆրանսիայում սիրում են հայկական ավանդական պարերը, բայց չէ որ դուք ամբողջ օրը քոչարի չեք պարում, դուք ձեր մասին պատմելու շատ բան ունեք: Օրինակ, այն ամենի մասին, ինչ հիմա է տեղի ունենում՝ ինչպիսին է ձեր երիտասարդությունը, ձեր վերաբերմունքը աշխարհին, ձեր ցանկությունները, մտքերը… Այսօր ձեր երկիրը ձեր խոսքի, մտքի կարիքն ունի։ Այ, Շառլ Ազնավուրը հենց դա կուզեր»։

Իսկ փառքի հասնելու ճանապարհին իր վաստակած մրցանակների մասին խոսելիս՝ տիկին Ասկարիդը ժպիտով մտաբերեց Վենետիկյան փառատոնում արժանացած մրցանակը և ասաց. «Մրցանակ ստանալը 30 վայրկյան երջանկություն է, իսկ հետո կասկածները նորից վերադառնում են։ Այս մասնագիտության մեջ պետք է անընդհատ կասկածեք, պետք չէ լինել վստահ, որ ինչ անում եք, հանճարեղ է, միշտ կարող եք ավելի լավն անել։ Արվեստի ֆունկցիան ոչ թե պարզապես մարդկանց զվարճացնելն է, այլ իրականությունը ցույց տալ՝ հանդիսատեսի առջև հայելի դնելով»,- շեշտեց դերասանուհին ու շտապեց բացատրել. «Այո, պետք է նաև զվարճացնել հանդիսատեսին, բայց կարևոր է, որ ֆիլմը դիտելուց հետո նաև մտածեն։ Արվեստը պետք է ստիպի մարդկանց մտածել»,- պնդեց ֆրանսիացի դերասանուհին ու որպես վառ օրինակ խոսեց հեռուստասերիալներից. «Այսօր ամբողջ հեռուստատեսությունը ողողված է հեռուստասերիալներով, որոնք, կարծես, ֆորմայի մեջ դնեն հեռուստադիտողի պատկերացումներն ու նեղացնեն մարդկանց մտահորիզոնը։ Անգամ կան այնպիսի հեռուստասերիալներ, որ մեկ ռեժիսորն անում է տաղավարային նկարահանումներ, մյուսը՝ դրսի տեսարանները, այսինքն՝ չկա միասնականություն անգամ մեկ հեռուստասերիալի ներսում, որպեսզի լինի մեկ ընդհանուր պատմություն, որը կունենա սկիզբ և ավարտ։ Հենց հեռուստասերիալների պարագայում է, որ գոյություն ունի նախնական կոմիտե, որտեղ ամենագլխավոր դերը սցենարիստինն է, որովհետև շատ հաճախ նրանցից պահանջվում են պատմություններ անհասկանալի ավարտով»։

Ըստ դերասանուհու, տպավորություն է, որ բոլոր հեռուստասերիալները նույն մեխանիզմով են աշխատում. «Իրականում շատ բան կախված է նախնական որոշումից, թե ինչի համար ես ուզում նկարահանել սերիալը՝ որպեսզի լցնես հեռուստաեթերը, թե՝ ստեղծես իրական արվեստի գործ։ Այո, սերիալի միջոցով հնարավոր է այն ստեղծել, բայց հեռուստատեսությունում կա վարկանիշ ասվածը, որն ամենակարևորն է։ Շատերը հենց դրա հետևանքով են նկարահանում միջին կարգի սերիալներ, որպեսզի բոլորը նայեն և փոխանակվեն թեթև մտքերով, բայց սա արվեստը չէ։ Եթե Միքելանջելոն գոյություն չունենար Սիքստինյան Կապելլան էլ գոյություն չէր ունենա, իսկ երբ նա նկարում էր, դա չէր անում, որ բոլորին դուր գա»։

Ուսանողների այն հարցին, թե բացի Ձեր ամուսնուց արդյո՞ք այլ հայ կինոռեժիսորների հետ համագործակցել եք, տիկին Ասկարիդը տվեց բացասական պատասխան ու ժպիտով հավելեց. «Իմ ամուսնուց՝ Ռոբերտից բացի, այլ հայ ռեժիսորների հետ աշխատելու փորձ չեմ ունեցել։ Ես ֆրանսուհի եմ, ի սկզբանե իմ վերաբերմունքը առ ձեր մշակույթը հուզական, էմոցիոնալ մակարդակի վրա է։

Թատրոնում ես աշխատում եմ Սիմոն Աբգարյանի հետ, բայց ֆրանսիական կինոյում ֆրանսահայ ռեժիսորներ շատ չկան, պատիվ չեմ ունեցել, որ ինձ հայ ռեժիսոր հրավիրի այստեղ, որպեսզի նկարահանվեմ իր ֆիլմում։ Միայն ճանաչում եմ երիտասարդ ռեժիսոր Լևոն Մինասյանին, լավ կլինի, որ նա աշխատի հայ երիտասարդ դերասանների հետ։ Իրականում «Մայրիկ» ֆիլմից հետո նոր Ֆրանսիայում շատերն իմացան, որ Անրի Վերնոյը հայ է, իսկ նա «Մայրիկը» նկարահանել է իր կարիերայի ավարտին»։

Այնուամենայնիվ, ըստ նրա, հայերն ունեն կինոռեժիսորներ, որոնք ստեղծել են գլուխգործոցներ. «Այդ ֆիլմերը պետք է կոնֆետի նման ուտեք, դրանք հարստություն են։ Երբ երիտասարդ էի, դիտեցի Սերգեյ Փարաջանովի ֆիլմերից մեկը, ոչինչ չգիտեի նրա մասին։ Ճիշտ է, ոչինչ չհասկացա ֆիլմից, բայց բացահայտեցի մի նոր աշխարհ ու երբեք չեմ մոռացել այդ ֆիլմը։

Տարիներ առաջ ամուսնուս, Ռոբերի հետ, նկարահանեցինք «Գլորիա Մունդի» ֆիլմը, որի սկզբում նշվում է, որ ֆիլմը հարգանքի տուրք է հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին։ Դրանից որոշ ժամանակ առաջ դիտել էինք Փելեշյանի «Երկունք» վավերագրական ֆիլմը, որն ամբողջությամբ պատմում է երեխային կյանք պարգևող կնոջ մասին, ու ողջ ընթացքում միայն ծննդաբերող կնոջ դեմքն է նկարահանված։ Ինձ համար այդ ֆիլմը մարդու լույսաշխարհ գալուն վերաբերող ամենագեղեցիկ ֆիլմերից մեկն է՝ ամբողջ աշխարհում։ Փելեշյանի այդ ֆիլմը գլուխգործոց է»։

«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը Ձեզ մոտեցրե՞ց հայ ընտանիքին, հայոց աշխարհին, ի՞նչն է, որ դուր չեկավ հայ ընտանիքում հարցին դերասանուհին պատասխանեց առանց երկար մտածելու. «Նման բան չկա հայկական ընտանիքում, որ ինձ դուր չի եկել, հատկապես հայկական խոհանոցն եմ շատ սիրում»,- ապա անկեղծացավ. «Մի քիչ պրովոկացիա անեմ, կարծում եմ՝ հայ կանայք  չափից շատ տեղ են հատկացնում տղամարդկանց, և ճիշտ են անում»,- ժպիտով, բայց վստահ շեշտեց Ա. Ասկարիդն ու եզրակացրեց. «Կարծում եմ, հայկական ընտանիքներում կայունությունը գալիս է հենց հայ կանանցից»։

Իսկ Ձեր ընտանիքը հայկակա՞ն է, թե՝ ֆրանսիական, հարցին դերասանուհին  միանշանակ չպատասխանեց, սլաքներն ուղղելով դեպի արմատներով հայ ամուսնու կողմը. «Հայկական չէ, բայց հաջորդ անգամ, երբ ամուսինս՝ Ռոբերը գա, նրան անպայման կհարցնեք այդ մասին»։

Ֆրանսիացի դերասանուհին տասնօրյա այցի ընթացքում Հայաստանի առջև ծառացած շատ խնդիրներ է նկատել, ինչի մասին կիսվեց ԵՄԱՊՔ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. «Չնայած ես չեմ ապրում այս երկրում, չեմ կարող ասել, թե ամենայն մանրամասնությամբ զգում եմ բոլոր այն դժվարությունները, որոնք այսօր դուք հաղթահարում եք, բայց այս տասն օրերի ընթացքում հասկացա, թե որքան դժվար է այստեղ կյանքը, թե ինչպես են պատերազմի հետևանքներն արտացոլվում յուրաքանչյուրիդ կյանքի վրա։ Թույլ մի տվեք, որ ձեզ ոչնչացնեն, թույլ մի տվեք, որ այս ամենը ձեզ կոտրի։ Դրա համար եմ ասում, որ պետք է բարձրաձայնեք այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում այստեղ՝ ֆիլմեր նկարահանեք, գրքեր գրեք։ Կարծում եմ՝ բարդ ու դժվարին ժամանակներում պետք է միշտ շրջվել դեպի արվեստը։ Ինչու եմ այս ամենն ասում, քանի որ շատ կարևոր է, որ սփյուռքն անընդհատ չասի, թե դուք ինչ-որ մարդիկ եք, որոնց պետք է օգնել։ Դուք չպիտի լինեք այն իրավիճակում, որ ձեզ անընդհատ ինչ-որ մեկը օգնի, հատկապես՝ սփյուռքը»,- իր եզրափակիչ խոսքում ասաց ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը։

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ուսանողների հետ բացառիկ հանդիպման ու մասնագիտական հարուստ փորձով կիսվելու համար՝ շնորհակալություն հայտնեց տիկին Ասկարիդին և բարի գալուստ մաղթեց ԵՄԱՊՔ մեծ ընտանիք. «Մեր քոլեջը մի ընտանիք է, որտեղ կրթություն է ստանում 650 ուսանող՝ արվեստի տարբեր ոլորտներում։ Վստահ եմ՝ մենք Հայաստանում ունենք  լուրջ երիտասարդ սերունդ, ովքեր ունեն հսկայական մշակութային պոտենցիալ։ Մենք ճանապարհներ կգտնենք այդ պոտենցիալը ռեալիզացնելու։ Իսկ վերածնունդ անպայման ապրելու ենք, ես վստահ եմ։ Այնպես որ, բարի գալուստ մեր տուն, մեր դռները միշտ բաց են։ Ցանկացած առիթով  Հայաստան գալիս՝ իմացեք, որ սիրով կսպասենք ձեզ»,- ասաց Վ. Կիրակոսյանը։

Հանդիպման ավարտին քոլեջի արական երգչախմբի կողմից փոքրիկ անակնկալ մատուցվեց ֆրանսիացի դերասանուհուն՝ «Գոզալս խռովել է» և «Հորովել» ստեղծագործությունների ակապելլա կատարմամբ:

«Հիանալի կատարում էր, ափսոսում եմ, որ Սիմոնը (նկատի ունի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին) այստեղ չէ»,- կատարումներից տպավորված ասաց Արիան Ասկարիդն ու հավելեց. «Ամեն անգամ «Հորովելը» լսելիս Սիմոնը հուզվում է։  Միշտ մտածել եմ, որ հայերն իրենց սրտում ունեն շատ գեղեցիկ երաժշտություն, բոլորը հոգու խորքում հիանալի երաժիշտներ են»,- փաստեց ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը։

Back to top button