ԿարևորՀասարակություն

Նոր մեխանիզմներ` նոր պատերազմներում հաղթելու համար․ ԱՏՁՄ-ն նոր գործադիր տնօրեն ունի

Հայաստանի զարգացման առումով բարձր տեխնոլոգիաների ոլորտն այլընտրանք չունի։ Դիտարկումը ԱՏՁՄ նոր գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանինն է։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա պետք է դիրքավորվել որպես համաշխարհային մտածող։ 2020թ-ի պատերազմից հետո իրավիճակը պահանջկոտ է դարձել, ուստի, պետք է ջանքերը՝ մեծ, երազանքները՝ հավակնոտ լինեն։

«Կարծում եմ՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային և պետական անվտանգության խնդիր է։  Անհրաժեշտ են նոր մեխանիզմներ` նոր պատերազմներում հաղթելու համար։  Համոզված եմ, որ այստեղ մեծ  ներուժ  ունենք և չպետք է ընկրկենք, չպետք է զիջենք ոչ մի դժվարության առաջ, որովհետև դրանք անընդհատ լինելու են և տարեց տարի շատանալու են։ Պետք է մեր սեփական անվտանգային համակարգը ձևավորենք մեր ձեռքերով և՛ զենքով, և՛ մտքով, և՛ գիտելիքով»։

Հայկ Չոբանյանը 2006թ-ին եղել է ԱՏՁՄ միության խորհրդի անդամ, իսկ 2014-2017թթ՝ միության փօխտնօրեն։ 2019-ին նշանակվել է Տավուշի մարզպետ, 2021-ի ապրիլին ԲՏԱ նախարար։ Վերադառնալով բարձր տեխնոլոգիական բնագավառ՝ Չոբանյանը մտադիր է ԱՏՁՄ ռազմավարական ուղղություններից մեկը՝ ռազմարդյունաբերությունը, որպես պետական անվտանգության հենասյուն, ուշադրության կենտրոնում պահել։

«Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ ծայրահեղ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը։ Քանի որ, երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին նաև մեր Զինված ուժերին առաջատար տեխնոլոգիաներով սնելու հնարավորությունները , որով պետք է հաղթեինք և եթե ուզում ենք իմանալ՝ դրանով էլ պարտվեցինք։ Մենք չեն պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի զինված ուժերում ներդրված տեխնոլոգիաներին»։

Չոբանյանը գործադիր տնօրենի պաշտոնում փոխարինում է Րաֆֆի Քասսարջյանին, որը պաշտոնին նշանակվել էր 2020թ-ին,  ԱՏՁՄ գործադիր տնօրեն, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի մահվանից հետո։ Քասսարջյանը, ամփոփելով նախորդ տարվա ծրագրերը, առանձնացնում է DigiTech21 գագաթնաժողովում մեկնարկած «Միավորված Հայաստան» ծրագիրը։ Այն  սկսելու պատճառներից մեկն էլ համազմունքն էր, որ հայկական ընկերությունները լիովին կարող են մրցակցել համաշխարհային հարթակում։

«Դա առաջին քայլն էր՝ առաջատար տեխնոլոգիական ոլորտը ներկայացնելու միջազգային շուկաներում և Հայաստանում։ 2022-ին ակնկալում ենք՝ այս ծրագիրը ընդլայնված ձևով պատրաստել և ներկայացնել հանրությանը։ Սա շատ կարևոր է, այս ծրագրի միջոցով ակնկալում ենք արտերկրից լրացուցիչ ներդրումներ հայկական ՏՏ  ոլորտում, ինչպես նաև մասնագետների ներգրավում,  որ կարողանանք ապահովել  ոլորտի շարունակական աճը»։

Վերջին երեք տարում բարձր տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև աճ է եղել,- կարծում է ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Նրա խոսքով՝ միջազգային շուկայում փոխվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ընկալումը։ Միացյալ նահանգների վենչուրային ֆոնդերի ներդրողները արդեն իսկ գիտեն Հայաստանի մասին, քանի որ այնտեղ Հայաստանը ներկայացնող հաջողված ընկերություններ կան, որոնք ԱՏՁՄ անդամ են։  Փոփոխություններ կան նաև ներքին շուկայում․ Ալեքսանդր Եսայան․

«Այսօր մի բան էլ է փոխվել․ ընկերության աշխատակիցները մասնաբաժիններ ունեն այդ ընկերություններում։ Այսինքն, այն, ինչ ԱՄՆ-ում կար, որ աշխատակիցը բացի աշխատավարձից ստանում է նաև անձնական մասնաբաժին, սկսվել է Հայաստանում  ևս կիրառվել։ Այսինքն, այդ ընկերություններում աշխատող մարդիկ կարող են իրենց բաժնեմասը վաճառել։ Հայաստանում արդեն գործող այդ ընկերություններում 1–3 միլիոն դոլար մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան»։

Բարձր տեխնոլոգիաներն ամենուր են․ տարբեր համակարգերում խնդիրների 90 տոկոսը լուծում են տեխնոլոգիաները, 10 տոկոսը՝ մարդիկ։ Ուստի, եթե նախկինում ռազմավարական առումով կենտորնացած ենք եղել Հայաստանի վրա, ապա այժմ պետք է մտածել  Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին՝ նկատում է Չոբանյանը։

ԱՏՁՄ նախաձեռնությամբ վերջերս ստեղծվել է նոր մոբիլիզացիոն գործընթաց , որը բազմապատկում է տեխնոլոգիական ներուժի մասնակցությունը երկրի անվտանգության ապահովման գործում։ Միությունից խոստանում են մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ միջոցառումների ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button