ԿարևորՔաղաքական

Ճիշտ չէ ՀԱՊԿ-ից ակնկալել այն արձագանքը, որը եղել է Ղազախստանի դեպքում. Բորդյուժա

Հայաստանի դեպքում այնքան էլ ճիշտ չէ ՀԱՊԿ-ից  այնպիսի  արձագանք ակնկալել, ինչպիսին եղել է Ղազախստանի դեպքում ՝ առցանց տեսակամուրջի ժամանակ հայտարարել է  ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան։ Նրա կարծիքով՝ առաջնայինն այս փուլում սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելն է, ինչը կբացառի ռազմական միջադեպերի հնարավորությունը:

Ներկա իրողությունների այս փուլում Հարավային Կովկասում չի կարելի խոսել զորքեր մտցնելու և Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այն, ինչ արվել է, այդ թվում՝ ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, կայունության երաշխիք է, թեև ոչ առանց միջադեպերի՝  հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան` Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ժամանակ  առ ժամանակ գրանցվող ռազմական բախումների, դրանց հետևանքով հայկական կողմի կորուստների և այս համատեքստում ՀԱՊԿ հնարավոր  օպերատիվ միջամտության մասին` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ «խորապես գիտի խնդիրը, քանի որ ժամանակին շատ է զբաղվել Արցախի հարցով»: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը հստակեցրել է՝ Հայաստանի  դեպքում այնքան էլ ճիշտ չէ  խոսել այնպիսի արձագանքի մասին, ինչպիսին, օրինակ,  Ղազախստանի դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքն էր:

«Ես այսօր կխոսեի Հայաստանին և Ադրբեջանին ճանաչված սահմանների հաստատման գործընթացին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, իսկ դա նշանակում է համատեղ խմբերի ձևավորում, արխիվներից նյութերի, տարբեր թվականների քարտեզների ձեռք բերում, այդ թվում՝ ՌԴ-ի արխիվներից և փոխընդունելի լուծումների հանգում: Այստեղ խոսքն առաջին հերթին սահմանի դելիմիտացիայի եւ դրան հաջորդող դեմարկացիայի  մասին է, որոնք կբացառեն ռազմական կոնֆլիկտները, փոխհրաձգությունները և այլն»:

Կազմակերպության նախկին ղեկավարը հիշեցրել է, որ ժամանակին վիճելի տարածքների առնչությամբ Ռուսաստանը սահմանազատման և սահմանագծման նմանատիպ խմբեր ստեղծել է Չինաստանի և Ղազախստանի հետ՝ շեշտելով, որ կողմերին հաջողվել է դիվանագիտական մեթոդներով փոխընդունելի լուծումներ գտնել` բացառելով ռազմական միջադեպերի հնարավորությունը: Սրանով պետք է զբաղվել և շատ լուրջ,-ասել է Բորդյուժան։

Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարը խոսել է նաև հայ-ադրբեջանական կողմերին ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին` դարձյալ շեշտելով  սահմանազատման գործընթաց սկսելու անհրաժեշտությունը:

«Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել կամ մշակել հարցեր` կապված զորքեր մտցնելու և Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր արվել է, այդ թվում ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, կայունության երաշխիք է, թեև առանց միջադեպերի չի ստացվում»:

Այդուհանդերձ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառեն միջադեպերը:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի սկզբին`  Գեղարքունիքի մարզում, ինչի հետևանքով զոհվել էր հայ ժամկետային երեք զինծառայող:

2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծելու, հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։

Վերադառնալով 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու ծրագրին, Բորդյուժան նշել է, որ Ռուսաստանն այս ծրագրի շրջանակում դաշնակից երկրներին զինելու խնդիր չի դրել, ծրագիրը բոլորովին այլ բանի մասին է։  Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ ծրագրի էությունը կառույցի անդամ պետություններին համաժամանակյա նույնատիպ սպառազինությամբ վերազինելն է` նրանց միևնույն մակարդակի համակարգերով ապահովելու համար:

ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ գնումներն  իրականացվում են  արտոնյալ գներով.

«ՀԱՊԿ-ի շրջանակում գործում է դաշնակիցներին զենքի վաճառքի արտոնյալ կարգի մասին համաձայնագիր ։ Եվ Ռուսաստանն իր դաշնակիցներին ամենաժամանակակից զինատեսակները վաճառում է ներքին գներով։ Սրանից բացի՝ Ռուսաստանը  Հայաստանի հետ ունի ստորագրած մի շարք այլ  փաստաթղթեր, որոնց շրջանակում ռուսական կողմը Հայաստանին  սպառազինություն է տրամադրում `փոխօգնությամբ,  անվարձահատույց», -նշել է Բրոդյուժան։  

Ցուցադրել ավելի
Back to top button