ԿարևորՀասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ արդյունավետ, բայց ոչ բավարար

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: Այս զեկույցում ամփոփված են 180 երկրների տվյալները: Չնայած պետական այրերի տված խոստումներին՝ 131 երկրներում էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներում կոռուպցիայի ընկալման առումով անցած տասնամյակում ամենացածր միավորներն են գրանցել: Հայաստանն այս սանդղակում 58-րդ հորիզոնականում է՝ 49 միավորով։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, ըստ որի` 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը: Ինչպես նշվում է զեկույցում, Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը վերջին երկու տարիներին մնացել է անփոփոխ՝ 49 միավոր։ Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է կոռուպցիայի ընկալման համաթվի համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյան․

«Կոռուպցիայի ընկալման համաթիվը ոլորտներ չի առանձնացնում։ Դրա համար ես աշխատում եմ ենթադրություններ անել, և ոչ թե պնդումներ։ Գիտեք՝ 2020 թվականին ինչեր տեղի ունեցան, նաև 2021-ին, որը ևս բավականին լարված ժամանակաշրջան էր։ Ես բացատրությունը տեսնում եմ նրանում, որ մեր իշխանության համար այս սթրես-թեստերը դժվար հաղթահարելի են։ Կորոնավիրուսը, հետագայում նաև պատերազմի հետ կապված խնդիրները, մեր իշխանությունը չկարողացավ լուծել»։

Հատկանշական է, որ180 երկիր ներառող կոռուպցիայի ընկալման համաթիվի դասակարգման 2021 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի  հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 19 երկրների շարքում Հայաստանը 2-րդն է և զիջում է միայն հարևան Վրաստանին: Նախորդ տարվա պես՝ Հայաստանը առաջ է Թուրքիայից, որի համաթիվը 38 միավոր է, Ադրբեջանից՝ 30 միավոր, և Իրանից՝ 25 միավոր։ Ընկալման ինդեքսը արտահայտում է հենց հանրության վերաբերմունքը հակակոռուպցիոն պայքարին, և այն, որ այդ ինդեքսում վերջին երկու տարում առաջընթաց չի եղել, արդեն իսկ որոշակի ահազանգ է,-նկատում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը․ցօռռւ«Ինչքան էլ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հանրությունը դա չի նկատել։ Չի նկատել, օրինակ, ծառայությունների մատուցման ոլորտում, իր կողմից առօրյայում կատարվող գործողությունների շրջանակում։ Սրանք մի շարք հանգամանքներով են պայմանավորվում։ Նախ, որ Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերը չունեն իրական անկախություն, և ցավալիորեն ղեկավար կազմերը նշանակվել և շարունակում են նշանակվել քաղաքական պայմանավորվածությունների, և ոչ թե բաց, թափանցիկ և հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում»։

Բոլոր հիմնական գործողությունները, որոնք պետք է հանդիսանան կոռուպցիայի դեմ պայքարի ամենալուրջ գործիքակազմը, ավելի շատ ձևական բնույթ են կրում, նկատումէ զրուցակիցս․

«Օրինակ, հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը վերաբերում է 2019-2022թվերին, երբ իրավաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրականացնում էր մոնիթորինգ, շատ գործողություններ ձևական էին գնահատվում կատարված, և տպավորություն էր, թե նպատակն է  զուտ ցույց տալ, որ այս կամ այն գործողությունը կատարվել է։ Երբ մենք մտնում ենք որակական դաշտ և փորձում ենք գնահատել դրանց ազդեցությունը հանրային կյանքին, տեսնում ենք, որ դրանք ձևական բնույթ են կրում։ Իհարկե, ոչ բոլոր գործողությունների մասին է խոսքը։

 Ի դեպ, ըստ զեկույցի՝ ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄանդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է, Ռուսաստանինը՝ 29, Ղրղզստանինը՝ 2 7, իսկ Ղազախստանինը` 37 միավոր:

«Պատկերը մտահոգիչ է։ Աշխարհի երկրների 86 տոկոսում որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել, մտահոգիչ է նաև  այն, որ վերջին 10 տարում համաթվի միջինը չի փոխվում և բավականին ցածր է»։

Կոռուպցիան ոչ միայն ազդում է երկրի ընդհանուր զարգացման վրա, այլև  ուղիղ համեմատական է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Չնայած պետական այրերի տված խոստումներին՝ 131 երկրում այս առումով էական առաջխաղացում չի գրանցվել, 27 երկրներ անցած տասնամյակում իրենց ամենացածր միավորներն են գրանցել․

«27 երկիր գրանցեցին իրնեց պատմական մինիմումը, երբեք այդքան վատ չի եղել իրենց համաթիվը։ Դրանք են Կիպրոսը, Լիբանանը, Գոնդուրասը և շատ այլ երկրներ»։

Ընդհանուր առմամբ՝ 50 միավորից բարձր միավորի դեպքում կոռուպցիան համակարգի համար լուրջ խնդիր չի հանդիսանում։ Իսկ 50-ից ցածրի դեպքում արդեն գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ։ Հայաստանը, կարելի է ասել, այս սանդղակի մեջտեղում է։ Սա այն դեպքում, որ վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրներից է:

Back to top button