ԿարևորՀասարակություն

Կալանավորումը որպես խափանման միջոց․ մահա՞կ, թե՞ բարեփոխման ենթակա նորմ

Հայաստանում, ինչպես մասնագիտական շրջանակներ են կարծում, կալանավորումը որպես խափանման միջոց շատ է կիրառվում։ Մինչդեռ դա խափանման միջոցներից ամենախիստն է,  ու այդ միտումը մտահոգում է մասնագիտական շրջանակներին։ Միայն 2019 թվականից սկսած՝ 2.5 տարվա ընթացքում որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունների քանակը եղել է 4899, եւ սա դեռ այն դեպքում, երբ պատկան մարմինների փոխանցմամբ՝ ցուցանիշը վերջին տարիներին որոշակիորեն նվազել է։

Ո՞րն է սրա պատճառը, արդյո՞ք սա կիրառվում է որպես գործիք բողոքի ակցիաների դեպքում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում պատկերը փոխելու ուղղությամբ։

Հայաստանում կալանավորումը որպես խափանման միջոց շատ հաճախ է կիրառվում, մինչդեռ դա իրավակիրառ պրակտիկայում պետք է կիրառվի ամենավերջինը։ Խնդիրը բարձրացվում է խորհրդարանում ու որպես հարց ուղղվում մինչ օրս արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին, ով հավակնում է առաջիկայում դառնալ Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանը։ Ընդդիմադիր թեւից Արամ Վարդեւանյանի հնչեցրած մտահոգությունը Գրիգորյանը կիսում է։

«Պարոն Վարդևանյան, ոչ միայն հանրային ծառայությունից ազատ պաշտոնում, այլ նաև արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում շարունակել եմ համարել, որ կալանավորումը որպես խափանման միջոց շատ ավելի շատ է կիրառվում, քան անհրաժեշտ է որևէ ժողովրդավարական հասարակությունում։ Այս մասին, կարծում եմ, որևէ վեճ չունենք, ու դա արձանագրված է բազմաթիվ միջազգային դիտորդական առաքելությունների և մարդու իրավունքները գնահատող կազմակերպությունների փաստաթղթերում»։

Որն է խնդրի լուծումը․ ՄԻՊ թեկնածուն ասում է՝ որպես պաշտպան հետևողական է լինելու նոր քրեական օրենսդրության կիրառմանը։ Այն արդեն նոր, այլընտրանքային լուծումներ է ենթադրում՝ նկատում է։

«Մեծ հաշվով քրեական դատավարության նոր օրենսգրքի հիմքում դրված են ազատազրկման  ալտերնատիվները զարգացնելը ու այն, թե այդ առումով ինչ կրթություն է ստանում իրավապահ համակարգը, դատական համակարգը, ինչպիսի տեխնիկական սպասարկում են ապահովում այդ ֆունկցիայի համար»։

Խնդիրն առկա է՝ չեն հերքում արդարադատության նախարարությունից ու բացատրում՝  համակարգային խնդիրն այն է, որ օրենսդրությունը չի նախատեսում խափանման միջոցների պատշաճ այլընտրանքներ։ Լուծումը տեսնում են քրեական դատավարության նոր օրենսգրքով։

Փաստաբան Կարեն Ալավերդյանը եւս այդ դիտարկմանն է, բայց նախ հարցին նախ այլ կողմից է նայում, կարծում է, որ վարույթ իրականացնող մարմինները հաճախ որպես խափանման միջոց կալանավորումն են ընտրում, որովհետեւ հասարակությանը հետաքրքրում են այդպիսի գործերը, նրանք ուզում են լսել դրանց մասին։

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է խափանման միջոցի նոր այլընտրանքներ՝ «Ռադիոլուրին» ասում է Արդարադատության նախարարության քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի ավագ մասնագետ Ռուբինա Մխիթարյանը։

«Այն նախատեսել է կալանքի այլընտրանքներ ըստ էության, խափանման միջոցների համակարգն ամբողջովին ձևափոխվել է, դրանք բաժանվել են կալանավորման և այլընտրանքային խափանման միջոցների»։

Խոսքը մասնավորապես տնային կալանքի ու էլեկտրոնային վերահսկողության միջոցների մասին է։ Խափանման միջոցների այս այլընտրանքները վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն կտան և՛ պատշաճ հսկողություն իրականացնել մեղադրյալի նկատմամբ, և՛ խուսափել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուց՝  ասում է փաստաբան Կարեն Ալավերդյանը՝ շեշտելով՝ պետք է, սակայն, շատ հստակ լինի, թե երբ պետք է կալանավորումն ընտրվի որպես խափանման միջոց։   

«Նմանատիպ դեպքերում և՛ օրենսդրորեն, և՛ իրավակիրառ պրակտիկայում պետք է մշակվեն դրա գնահատման առավել ստուգելի չափանիշեր»։

Խնդիրը նոր չէ, որ մասնագիտական շրջանակների ու պետական ինստիտուտների ուշադրության կենտրոնում է։ Բայց մյուս կողմից պատասխանատու գերատեսչությունից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ վերջին տարիներին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու  բացասական միտումը նվազել է։ Արդարադատության նախարարության քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի ավագ մասնագետ Ռուբինա Մխիթարյան․

2019 թվականին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունների քանակը եղել է 1981, որոնցից բավարարվել են 1802-ը։ 2020 թվականին ներկայացվել է 1976 միջնորդություն, բավարարվել՝ 1613-ը։ Իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 942 միջնորդությունից բավարարվել է 765-ը։ Բայց, բնականաբար, խնդիրը դեռ առկա է, ու հուսով ենք, որ այլընտրանքային խափանման միջոցներն այս հարցն ինչ-որ չափով կլուծեն»։

Ընդդիմադիր թեւում կարծում են՝ այս ցուցանիշը բարձր է, քանի որ կալանավորումը որպես գործիք հաճախ է կիրառվում ընդդիմությանը եւ բողոքի ակցիաները լռեցնելու նպատակով։  Արդարադատության նախարարության ներկայացուցիչը գերադասում է խոսել անելիքներից ու ոչ քաղաքական ենթատեքստերից։

«Եկեք քաղաքական ենթատեքստ չտանք։ Կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի կոնկրետ դեպքում, կոնկրետ պայմանների ու հիմքերի առկայության դեպքում։»։

Անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ հիմքերը պետք է հիմնավորված լինեն կոնկրետ փաստացի նյութերով, տվյալներով: Եթե դրանք առկա չեն, դատարանը պարտավոր է կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառել՝ արդարադատության նախարարության արձանագրումն է։

Back to top button