Վերնատուն

Էներգիայի փոխանակումներ՝ առանց լուրջ «մեսսիջների»․ «Վերնատուն»

Նկարիչ Անի Հովակը առաջին մասնագիտությամբ ֆլեյտահար է, երգում է «Հովեր» երգչախմբում, արդեն մեկ տասնամյակ է, որ համատեղում է կերպարվեստն ու երգարվեստը։ «Եթե հիմա ես ընտրեմ միայն նկարչությունը, էլի քիչ կլինի։ Ամենը, ինչ կատարվում է արվեստում, ինձ հետաքրքրում է․ դրանք էներգիայի փոխանակումներ են, որի կարիքը ես շատ ունեմ», – ասում է Անի Հովակը։

Անին նախընտրում է աշխատել խառը տեխնիկայով՝ հաճախ օգտագործելով ամենատարբեր իրեր, թափոններ, մետաղական ջարդոն և այլն։ Ասում է՝ խառը տեխնիկա կիրառելն ազատություն է տալիս։

Խոսելով իր առաջիկա ցուցահանդեսի մասին՝ Անի Հովակն ասում է, որ դա ընդամենը մի աղջկա ներքին ապրումներ ու տրամադրություններ են, անձնական վերապրումներ, և որ իր ստեղծագործություններն ու ցուցահանդեսները երբեք լուրջ խորագրեր և «մեսսիջներ» չեն ունեցել։

Ցուցահանդեսին ներկայացվելիք գրաֆիկական աշխատանքներից շատերն արվել են ուղղակի նոտաների վրա։ «Երբեմն նկարում եմ ու հետո եմ հասկանում՝ տեսնես ո՞ւր եմ գնացել և ինչո՞ւ։ Շատ, շատ միստիկ է ամեն ինչ»։ «Հայարտ» կենտրոնում, հունվարի 25- ին, ժ․18․00–ին, կբացվի Անի Հովակի անհատական ցուցահանդեսը։

Back to top button