ԿարևորՀասարակություն

Անգլիական ձևով հեռացող գործիչը․ Արմեն Սարգսյանի երրորդ հրաժարականը

Կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը թողնում է պաշտոնը։ Պատճառները նա շարադրել էր հրաժարականի մասին տեքստում, բայց դրանք, ըստ պատգամավորների, բավարար չեն՝ հեռանալու իրական պատճառները հասկանալու համար։ Աժ–ում տարակուսած է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Դեռևս նախագահող Արմեն Սարգսյանից այլևս որևէ բացատրություն չի ներկայացվել։ Եթե Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի Ազգային ժողով ներկայացրած իր հրաժարականի դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: Հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը մեկ շաբաթ հետո կատարելու է նախագահի լիազորությունները։ Համաձայն Սահմանադրության՝ Հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը՝ յոթ տարի ժամկետով: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Ուշագրավ է, որ հրաժարականով հեռացող Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրել էր վարչապետ Սերժ Սարգսյանը, որը նույնպես հեռացավ հրաժարականով։

Պատմությունը փաստում է՝ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ է հրաժարվել զբաղեցրած պաշտոններից՝ դեսպան, վարչապետ, նախագահ։ Ե՛վ վարչապետի, և՛ նախագահի պաշտոններից հրաժարվելիս նա գտնվել է արտերկրում։ Այս հանգամանքին ուշադրություն է հրավիրում պատմաբան, փորձագետ Աղասի Մարգարյանը․

«Ես կասեի՝ ավանդույթի ուժով արված քայլ էր։ Եթե մենք հետ գնանք մոտ 25 տարի, Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից 1997–ին հրաժարական տվեց կրկին երկրում չգտնվելով, ընդ որում հենց Լոնդոնում էր, և կրկին՝ անսպասելի»։

ՀՀ 4 նախագահներից 3–ը պաշտոնից հեռացել են հրաժարական ներկայացնելով։ Հրաժարականի տեքստով, թերևս, հանրությանը փոխանցում են կարևոր քաղաքական ասելիքը։ «Քաղաքական տեքստի մակարդակով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը մնում է անհասանելի համեմատության համար։ Սերժ Սարգսյանի հրաժարականը կրկին քաղաքական տեքստ էր։ Արմեն Սարգսյանի հրաժարականի երկարաշունչ գրառումը քաղաքական չէ» ,– ֆեյսբուքում գրել է պատմաբան, փորձագետ Աղասի Մարգարյանը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում գրածը հիմնավորեց․

«Առաջին նախագահի հրաժարականի տեքստը զուտ քաղաքական ասպարեզից կամ նախագահի պոստից հեռանալու տեքստ չէր, այլ իրադրության լայն և նեղ մաշտաբներով քաղաքական գնահատականն էր՝ քաղաքական կանխատեսումներով։ Բազմաթիվ իրողություններ, որոնք տեղի ունեցան Տեր–Պետրոսյանի հրաժարականից մինչև այսօր, կային այդ կանխատեսումներում։ Սերժ Սարգսյանի տեքստը, չնայած շատ ավելի համառոտ էր, բայց նույնպես քաղաքական բովանդակություն և քաղաքական բազմաթիվ շերտեր ուներ։ Սերժ Սարգսյանը շատ երկար չի խոսում և շատ ուղիղ չի նկարագրում իրավիճակը։ Արմեն Սարգսյանի պարագայում երկարաշունչ մի գրառում էր, որտեղ չկար ո՛չ քաղաքական գնահատական, ո՛չ վերլուծություն հասարակական–քաղաքական իրադրության, ո՛չ ներկայացում բուն պատճառահետևանքային շղթայի։ Անընդհատ մեկ միտք էր շրջանառվում, որ նախագահի ինստիտուտը չունի գործիքակազմեր և լիազորություններ»։

Նախագահի լիազորություները հստակ սահմանված են 2015 թվականին փոփոխված Սահմանադրությամբ։ Խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքում՝ միջանկյալ ժամանակահատվածում, Արմեն Սարգսյանը առաջինն էր, որ փորձարկեց այդ լիազորությունները։ 4 տարվա պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ է խոսել կաշկանդող խնդիրների մասին, բայց նշանակվել է՝ նախապես իմանալով դրանք։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ուժերը՝ և՛ իշխանական թևը, և՛ ընդդիմադիր, տարակուսում են Արմեն Սարգսյանի հիմնական դժգոհությունից։ Փորձում են գտնել այլ՝ քողարկված հիմնավորումներ, հաշվի առնելով, որ դեռ հունվարի 14-ին Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ԱՄԷ-ում էր, հունվարի 18-ին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այցից հետո նա մեկնեց կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով, ապա՝ հունվարի 23–ին, կիրակի օրը երեկոյան, ըստ լուրերի՝ արտերկրից, նա հրապարակեց հրաժարականի մասին որոշումը։ Ներկայացված հիմնավորումները արժանահավատ չի համարում «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Ղազինյանը․

«Մի քանի օր առաջ Արաբական Էմիրություններում խոսում էր 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրի մասին և ասում, որ սա դեռ միայն սկիզբն է, մի քանի օր հետո հայտնում է հրաժարական։ Սա տարակուսանք է առաջացնում»։  

Ընդդիմադիր պատգամավորը Արմեն Սարգսյանի հրապարակած տեքստում տեսել է խնդիրների լայն շրջանակ, բայց ասում է՝ դեռ կարիք կա, որ նախագահը մատնանշի բոլոր առանձնացրած խնդիրներն ու մարտահրավերները։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մինչդեռ, հրաժարականն ու տեքստը ընկալում է իբրև զգուշացում։

«Ե՛վ աշխարհաքաղաքական, և՛ ներքաղաքական պայմաններ կարող են լինել։ Կարող են լինել նոր փաստաթղթեր, որոնցից ինքը խուսափում է»։

Խորհրդարանական բոլոր՝ 3 ուժերն էլ դժգոհ են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքից՝ սկսած պատասխանատվությունից խուսափելու նրա դրսևորումներից մինչև Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների թերի կատարումը։   

2018–ի հեղափոխությունից առաջ Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրեցին Սերժ Սարգսյանն ու «Հանրապետական» կուսակցությունը։ Այդ ուժից պատգամավոր ընտրված Հայկ Մամիջանյանը հավաստիացնում է, որ քաղաքականության մեջ քեն քշելու սիրահար չէ։ Արմեն Սարգսյանի աշխատանքը գնահատում է կրավորական, հրաժարականի տեքստը՝ անհասկանալի։

«Հասկանո՞ւմ եք, մենք իրենից չէինք կարող ակնկալել, որ ինքը պետք է բացարձակ զրո մասնակցություն ունենա այն ժամանակ, երբ ինքը ուներ որոշակի գործիքակազմ կանխելու այս կամ այն հակաօրինական գործընթացները։ «Մամուլից տեղեկացա» պատասխանը ինձ համար պատասխան չէ, իր աշխատանքն էր տեղյակ լինել բոլոր գործընթացներից։ Նմանօրինակ ձևակերպում անելու իրավունք ինքը չուներ»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, վկայակոչելով Արմեն Սարգսյանի հեռանալու ոճը, նշում է, որ նրա որոշումների տրամաբանությանը հետևելը բարդ է։ Խոսելով նախագահի սահմանափակ  լիազորությունների մասին՝ Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, բայց Արմեն Սարգսյանը չսպասեց նոր ընթացակարգերին։

«Ես կարծում եմ, որ սկսած առողջականից և վերջացրած այլ ընտանեկան խնդիրներով՝ կարող են դեր ունենալ իր հրաժարականի հարցում, որովհետև սա առաջին անգամ չէ, սա երրորդ անգամ է։ Իհարկե, կարելի է այնտեղ տեսնել այն, ինչ որ գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ իշխանությունները ի գիտություն են ընդունել նախագահ Սարգսյանի հայտարարությունը։ Ուրիշ ի՞նչ պետք է հասկանան։ Գուցե բացատրություններ ինքը կտա հետագայում։ Տեքստում հստակ գրված է, որ նախագահը չի ունեցել հստակ լիազորություններ, որպեսզի կարողանա ազդել ինչ–ինչ գորհածընթացների վրա»։

Սահմանադրությամբ, Հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում, նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, տվյալ դեպքում՝ 27 պատգամավոր։

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը՝ 80 պատգամավորի քվե: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ունի 29 պատգամավոր, իսկ «Պատիվ ունեմ»–ը՝ 6, հետևաբար, ընդդիմադիրները ևս կարող են Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին։ Հարցը, սակայն, չեն քննարկել խմբակցություններում և հստակ որոշում դեռ չունեն։

Back to top button