ԿարևորՀասարակություն

Վանաձորի ավագանին դատարանում իր շահերը ներկայացնող լիազոր ներկայացուցիչ է ընտրել

Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնող լիազոր ներկայացուցչի ընտրության հարցը: Նախաձեռնողն ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 11 անդամներն են: Նրանց են միացել նաև «Հայրենիք» և  «Ապրելու երկիր» խմբակցությունները: «Ապրելու երկիր» խմբակցությունը, սակայն, դեմ է քվեարկել լիազոր ներկայացուցչին:

Վանաձոր համայնքի ավագանին, որը դեռ լիարժեք չի իրականացնում իր լիազորությունները, հունվարի 24-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝համաձայն ՏԻՄ օրենքի 65-րդ հոդվածի` այն է՝ավագանու արտահերթ նիստը գումարվում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդի մասնակցությամբ: Ավագանու 33 անդամներից «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության 11 անդամներն էին նիստը նախաձեռնել: Նրանց էին միացել նաև «Հայրենիք» և  «Ապրելու երկիր» խմբակցությունները՝ ընդհանուր թվով 18 անդամ: Օրակարգում ավագանու լիազոր ներկայացուցիչ ընտրելու հարցն էր:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընտրությունների արդյունքների վիճարկման դատական գործը դեռ ընթացքի մեջ է: Վարչական դատարանը Վանաձորի ավագանուն արգելել է համայնքապետ ընտրելու օրակարգով նիստեր անցկացնել: Նիստի անցկացման արգելքը դեռևս վերացված չէ։ Ստացվում է, որ ավագանին մի կողմից իրավունք չունի նիստեր հրավիրելու, մյուս կողմից էլ, հանդիսանալով դատական գործընթացի կողմ, դատարանում չունի ներկայացվածություն։ Այստեղից էլ առաջացել է լիազոր ներկայացուցիչ ունենալու խնդիրը. «Ասլանյան» դաշինքում այսպես են մեկնաբանում։

Լիազոր ներկայացուցչի թեկնածուն փաստաբան Արտակ Ոսկանյանն է՝ 15 տարվա աշխատանքային փորձով: Մինչև 2001թվականը Ոսկանյանը ղեկավարել է Վանաձորի քաղաքապետարանի, այնուհետև՝ Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժինները: Կողմ՝ 16, դեմ՝ 2 քվեարկությամբ Արտակ Ոսկանյանը 1 տարի ժամկետով ընտրվեց ավագանու լիազոր ներկայացուցիչ: 

Դեմ քվեարկած «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասում է, որ նիստի եկել են ոչ թե քվորում ապահովելու, այլ վանաձորցիների շահը կարևորելով: Ոսկանյանի դեմ ոչինչ չունեն, տեղյակ չեն նրա գործունեությանը, բայցև սուբյեկտիվ են համարում նրան լիազորելը, քանի որ ընտրված չէ ավագանու ամբողջ կազմի կողմից, ուրեմն, որքանո՞վ  անկողմնակալ կլինի բոլորի շահերը պաշտպանելու հարցում:

«Անցած անգամ պսեվդոնիստի շրջանակներում հարցեր հնչեցին, թե ինչո՞ւ «Ապրելու երկիրը» չի եկել: Չէր եկել, որովհետև նիստ չկար, ոչ թե մենք ենք ձախողել նիստը:  Էսօր նիստի եկել ենք, որովհետև իրավական ոչ մի խոչընդոտ չենք տեսել, ավելի շատ մեր վանաձորցու համար, ոչ թե դեմ կամ կամ կողմ լինելու։ Եվ այո՛, դեմ ենք, մեզ համար սա օրակարգային 1-ին հարցը չէր՝ ունենալ լիազորված անձ, ավագանու իրավունքներն էդքան կարևորել, երբ ամենակարևորը քաղաքապետ ունենալն է: Մեր կարծիքով սա ոչ մի առարկայական բան չի տալու, հետևաբար, մենք դեմ ենք քվեարկել, նաև այն պատճառով, որ մենք վստահ չեն, որ լիազորված անձը պաշտպանելու է բոլոր ավագանու անդամների շահերը»:

Դեմ քվեարկությունները ավագանու լիազոր ներկայացուցիչ ընտրված Ոսկանյանը չմեկնաբանեց, արձանագրեց ընդամենն  իր ընտրված լինելու փաստը․ «Ես ո՛չ ավագանու անդամ եմ, ո՛չ քաղաքական գործիչ: Ավագանին կոլեգիալ մարմին է, ես ներկայացնում եմ մարմին՝ վարչական դատարանում»:

ՀԱՍԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի հետ կապվել մեզ չհաջողվեց։ Խոսեցինք ՔՊ կառույցի մարզային ղեկավար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Ասաց՝ բոլոր քաղաքական խմբակցություններն ազատ են իրենց որոշման մեջ, ոչ մեկի հետ ո՛չ քննարկել են, ո՛չ պայմանավորվել, իրենք շուոների մասնակցելու ժամանակ չունեն, քաղաքային տնտեսության հարցերով են զբաղված․

«Խմբակցությունը նիստ է հրավիրել և ոչ նպատակահարմար է գտել մասնակցել: Ստեղծված իրավիճակում մեր խոշորացված համայնքին ոչինչ չտվող նիստ է: Մեր քաղաքացիների սպասելիքներն այլ են, մենք նմանատիպ, թող կոպիտ չհնչի, շոուների չենք մասնակցում:Սա շոու էր: Մյուս խմբակցություններն օգտվել են իրենց այդ իրավունքից: Մենք ավելի կարևոր հարցեր ունենք քաղաքի վերաբերյալ, որպեսզի օր առաջ մեր քաղաքը զարգանա, որ քաղաքը մասնակցի սուբվենցիոն ծրագրերին»:

«Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը չմեկնաբանեց «Ապրելու երկիր» խմբակցության դեմ քվեարկությունը, կարևորեց իրենց նախաձեռնությունը․

«Յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի յուրովի արտահայտվելու։ Ունենք փաստ՝ կայացավ արտահերթ նիստ՝ օրակարգով: Գլոբալ ճգնաժամ է Վանաձոր համայնքում, մեր էսօրվա նիստը միտված էր գլոբալ ճգնաժամից նաև հանել համայնքը, ինչը հաջողվել է: Մենք այսօրվա նիստով ու որոշմամբ 2 տեսանկյունից փորձում ենք  մեր սահմանադրական իրավունքները պաշտպանել և ստանձնել Վանաձոր համայնքում մեր լիազորությունները: Թե 1-ինը, թե 2-րդը իրագործվեց»:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռևս չունի քաղաքապետի թեկնածու: Ասում են՝ վերևներից չեն ուղղորդվում, տեղում են կայացնում բոլոր քաղաքական որոշումները: Կմասնակցեն նիստերին, երբ դատական գործընթացներն ավարտվեն: Չի բացառվում, որ այդ ժամանակ սկսեն քաղաքական պայմանավորվածությունները՝ Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ: Արամ Խաչատրյանի կարծիքն է.

«Եթե չեմ սխալվում, Վճռաբեկ դատարանում է գործը, մենք պիտի սպասենք դատական պրոցեսների ավարտին: Երբ արգելանքը կվերացվի և նիստ կհրավիրվի, մենք այդ ժամանակ նիստ կհրավիրենք և խմբակցությունը որոշում կկայացնի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Չի բացառվում, որ մյուս քաղաքական ուժերի հետ էլ  կոնսուլտացիաներ անենք, քննարկենք, ընդհանուր հայտարարի գանք»:

Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 24-ի վարչական դատարանի որոշմամբ արգելված չէր ներկայացուցիչ լիազորելու հարցով ավագանու նիստի անցկացումը։

Ցուցադրել ավելի
Back to top button