ԿարևորՀասարակություն

Զոհվածների մասունքների փորձաքննության դադարեցում, քովիդ-սահմանափակումներ․ ինչուներն ուղղվել են նախարարին

Ցավոք, դեռ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել այլեւս հնարավոր չէ, լրագրողներին այսօր փոխանցել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը խոսել է նաեւ աղմուկ բարձրացրած քովիդ-սահմանափակումների ու նախորդ տարվա այլ աշխատանքների մասին։

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների շուրջ 100 փորձանմուշներ նույնականացվել են հոլանդացի մասնագետների օգնությամբ։ Իսկ արդեն 7-8 ամիս է՝ նոր փորձաքննություններ տեղի չեն ունենում՝ տեղեկությունը փոխանցեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Գործընթացն ավարտված է։ Ներկայում մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում։ Ցավոք, դեռ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ»,–ասաց Ավանեսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 -ի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ-ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։

Ավանեսյանն անդրադարձավ նաև զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալին, ասաց, որ 2021 թվականին պետբյուջեից 6,7 մլրդ դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Ի սկզբանե  այս ծրագրի համար նախատեսված է եղել 3,2 մլրդ։ Սակայն այս գումարն անընդհատ վերանայվել է, հետագայում միջոցներն ավելացվել են։

«Մենք ընդունել ենք ֆինանսավորման այս մեխանիզմը, որպեսզի լիարժեք կազմակերպենք վիրավոր զինծառայողների բուժումը»,–ասաց նա։

Ինչպես է փոխվելու Նորքի ինֆեկցոն հիվանդությունների ազգային կենտրոնի  հիվանդանոցի աշխատանքը, ու ինչ է սպասվում հնարավոր կրճատման հարցով մտահոգ 83 աշխատակիցներին։ Դեռ Ամանորից առաջ հիվանդանոցի տնօրինությունը նրանց տեղեկացրել էր, որ ազատվելու են աշխատանքից: Խոսքը հիմնականում  բուժքույրերի և մայրապետերի մասին է։ Աշխատակիցները դժգոհել էին, թե իրենց որևէ պարզաբանում չի ներկայացվել, թե ինչ հիմքով են ազատվելու աշխատանքից։ Առողջապահական գերատեսչությունը պարզաբանեց՝ հիվանդանոցը վերանորոգվում է։  Նախարարը  ևս մեկ անգամ հավաստիացրեց՝  հիվանդանոցը չի փակվում, վերանորոգվում է, բայց դա չի նշանակում, որ չեն վերանայվելու հաստիքացուցակները․

«Մենք ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը։ Բոլոր այն դեպքերում, երբ աշխատակիցների աշխատանքը կփոխակերպվի  այլ վայրում, նրանք կշարունակեն աշխատել։ Բայց սա չի նշանակում, որ ինֆեկցիոն կենտրոնը չի վերանայելու իր հաստիքացուցակը, թե մասնագիտական ներուժի որակը։  Իսկ ծառայությունը գործելու է Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում»։

Ու թերևս այս օրերին ամենաշատ հնչող հարցը՝ ինչո՞ւ են կորոնավիրուսի նոր սահմանափակումները կիրառվում թատրոններում, ռեստորաններում, ոչ թե հանրային տրանսպորտում կամ առևտրի խոշոր կենտրոններում։ Մարդիկ առանց որևէ արգելքի մուտք են գործում մոլեր, սակայն սննդի կետերից օգտվելու համար QR կոդ է պահանջվում կամ առնվազն 72 ժամվա բացասական թեստի պատասխան․

«Մոլերը, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ դեռևս չկիրառել այս սահմանափակումները։ Սահմանափակումները կիրառում ենք ժամանցի վայրերի, հանրային սննդի կետերի վրա, որովհետև այստեղ վարակման հնարավորությունը շատ ավելի բարձր է, առաջնորդվում ենք նաև այդ մտահոգությամբ»։

Հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, համաձայն որոնց՝  հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: Այս դեպքում կիրառելի է նաեւ արագ՝ ռապիդ-թեստի պատասխանը։

Ցուցադրել ավելի
Back to top button