Ջրի կենսարար էներգիան ստեղծագործության վերածելու գաղտնիքը գտել են Սուսաննա և Անահիտ Հարությունյան քույրերը։
Գեղանկարչուհի Սուսաննա Հարությունյանը աշխարհն ընկալում է իր էներգետիկ դրսևորումներով ու կտավների միջոցով տեսանելի դարձնում բնության անտեսանելին՝ էներգիայի հոսքերի գունային նրբերանգներն իրենց խորհրդանշական շարժումներով։ Շուրջ 10 տարի Սուսանան նաև «այլընտրանքային, էներգետիկ բուժմամբ» է զբաղվում։
Սուսաննա Հարությունյանի գունաբուժիչ կտավների 36 մասից բաղկացած նոր շարքը Կարմիր ծովի էներգետիկ դրսևորումների մասին է, 6-ն արդեն պատրաստ է։
Նախքան այս շարքը ձեռնարկելը, գեղանկարչուհու գործերում արտացոլվել են մեր ներկա ու կորուսյալ հայրենիքներն՝ իրենց ծովակներով, գետերով ու աղբյուրներով, ակընդրին տեղափոխելով նկարչուհու խորհրդավոր աշխարհ, որտեղ գույների ու զգացողությունների խաղն է։
Սուսաննայի ոգու կանչը նախ Հայկական լեռնաշխարհի 3 ծովակներն էին․Սևանը, Վանը և Ուրմիան։ Գեղանկարչուհին Վանա լիճը տեսնում է ոսկեգույն էներգիայով, Ուրմիան՝ վարդագույն։
Բոլոր հասցեներում մշտական ու հավատարիմ «զինակիցը» ավագ քույրն է՝ Անահիտ Հարությունյանը։ Անահիտը որոշել է ծովերն ու լճերը տեսնել-զգալ ներսից և վերջին տարիներին՝ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանն ու կամավոր պատասխանատվությանը, նաև ֆրիդայվինգով է զբաղվում։
2020թ․- ի սեպտեմբերի 27-ին «Արմդայվինգի» ֆրիդայվերների խմբի վերջին սուզումն էր, Անահիտը նոր խորություն նվաճելու, քննությունն էր հանձնելու, երբ լսվեց պատերազմի բոթը։


Հարությունյան քույրերը նույն պահին իրենց մեքենայով մեկնեցին Արցախ։ Պատերազմի ամբողջ ընթացքում, անտեսելով վտանգերն ու հաղթահարելով բոլոր խոչընդոտները գիշեր-ցերեկ Հայաստան-Արցախ ճանապարհին էին։ Իրենց մեքենայով, հնարավորության սահմաններում, տարհանում էին բնակիչներին, հետդարձին էլ՝ Հայաստանից օգնություն հասցնում Արցախում մնացողներին ու պայքարողներին։ Ասում են, անսպառ էներգիան ստանում են հայրենիքի ամեն մի քարից ու ջրից և բարեգործության ու ստեղծագործության միջոցով այն վերադարձնում են բնությանն ու մարդկանց։
- Հայկական լեռնաշխարհի գետերը լճերը և աղբյուրներն ի՞նչ ազդեցություն են ունեցել քույրերի աշխարհընկալման վրա․
- Ինչպե՞ս հասկանալ ջրի ստեղծարար լեզուն և կենսական ստանալ ջրից՝ պատմում են Հարությունյան քույրերը։