Ժամանակի վկան

Քաղաքական բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում 1920-1950 թթ․-ին․ «Ժամանակի վկան»

1920-1953 թթ․Խորհրդային Միությունում քաղաքական բռնաճնշումների զոհ դարձան միլիոնավոր անմեղ մարդիկ։ Միայն Խորհրդային Հայաստանից ավելի քան 42 հազար մարդ զոհ գնաց Ստալինյան բռնաճնշումներին, որոնք անմասն չթողեցին ոչ մի բնակավայր։ Այս հաղորդման ընթացքում պատմական համառոտ ակնարկով կտեղեկանաք զանգվածային բռնաճնշումների ընդհանուր բնութագրին, Խորհրդային Հայաստանում կատարված սարսափելի բռնաճնշումների ժամանակագրությանը, բնույթին ու ծավալին։

Նյութի աղբյուրը, որից հիմնականում քաղված են փաստական տվյալները, 2005 թվականին լույս տեսած «Բռնադատվածներ․ քաղաքական բռնաճնշումները Նոյեմբերյանում 1920-1950 թթ․» վավերագրությունն է, որի հեղինակը՝ Սուրեն Միրզոյանը, 83 տարեկան է այժմ, և առողջության բերումով, չկարողացավ անձամբ մասնակցել հաղորդմանը, սակայն անմիջականորեն աջակցեց հաղորդման պատրաստմանը՝ տրամադրելով անհրաժեշտ նյութերը։

Նշեմ, որ մինչև 1991 թվականը, այս թեմայով փաստաթղթային հավաքածուները պահպանվում էին փակ արխիվներում։ Հայաստանի անկախացումից հետո հետազոտողները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու փակ արխիվներում պահպանվող դատական գործերը։ Ընդունված է «մարտիրոսագիր» անվանել այն գրողներին կամ ուսումնասիրողներին, որոնք բացահայտում են գաղափարի կամ հավատի համար զոհվածների ու տուժածների անունները։ Սուրեն Միրզոյանը իրավամբ այդ մարտիրոսագիր-հեղինակն է, որի գրքի էջերից կարող ենք մանրամասն պատկերացում կազմել ողբերգականորեն խեղված ճակատագրերի, քաղաքական հետապնդումների անօրինականության, բռնաճնշումների անմարդկային բնույթի վերաբերյալ։

Հայաստանում ստալինյան բռնաճնշումներն առավել թափ առան 20-րդ դարի 30-ական թվականների երկրորդ կեսին և 1949 թվականի հունիսի 14-ին։ Այդ ողբերգական օրը մեր հազարավոր հայրենակիցներ՝ ավելի քան 12 հազար հոգի, առանց դատ ու դատաստանի, բռնադատվեցին ու աքսորվեցին Ալթայի երկրամաս։ Հիսուն տարի անց՝ 1999 թվականի հունիսի 14-ին, Երևանում առաջին անգամ նշվեց Հայաստանի բռնադատվածների հիշատակի օրը (մանրամասնությունները՝ ձայնագրությունում)։

2008 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվեց խորհրդային տարիներին Բռնադատվածների հուշահամալիրը՝ Ազատության պողոտայի սկզբնամասում, Կասկադի վերին հարթակում (որտեղ նախկինում գտնվում էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշահամալիրը), որպես վկայություն անցյալի ամոթալի պատմության և որպես առհավատչյա՝ այդ պատմությունը երբևէ չկրկնելու վճռականության։

Ցուցադրել ավելի
Back to top button