ԿարևորՏնտեսական

Պարարտանյութը թանկ է, գոմաղբի գինն էլ՝ անհայտ. հողագործները չեն կարողանում պարարտանյութ գնել

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում գրեթե ամբողջ տարին հող են մշակում: Ձմռանը ջերմոցներում վաղահաս կարտոֆիլ են մշակում, գարնան սկզբին` հավաքում: Ջերմոցատերերը հողը պարարտացնելու համար ազոտական պարարտանյութ չեն կարողացել ձեռք բերել, քանի որ 50կգ-ոց մեկ պարկի գինը 7000 դրամից դարձել է 25000 դրամ: Ինչպե՞ս կանդրադառնա սա բերքի որակի ու գյուղացու եկամուտների վրա։

Դրսում ցուրտ ձմեռ է, իսկ ջերմոցներում՝ տաք. վարդանաշենցիները հողը վարել ու կարտոֆիլ են ցանել: Ձմռանն էլ պարապ չեն մնում և գրեթե ամբողջ տարին զբաղված են հողագործությամբ: Ջերմոցները մեծ մասամբ տնամերձերի տարածքում են՝ ավելի քան  400 քմ: Դեկտեմբերից սկսում են կարտոֆիլ ցանել, որ գարնանը հավաքեն, հետո լոլիկ, պղպեղ, վարունգ, լոբի են մշակում։ Էդիկ Զաքարյանը ջերմոցում  մոլախոտերի դեմ թունաքիմիկատ էր սրսկում:

«Սրսկում եմ, որ մոլախոտերի քոլերն էլ չծլեն, կփակեմ, ու միայն մաքուր կարտոֆիլը կծլի: Մարտի վերջին կամ ապրիլի սկզբին արդեն պալարները ձևավորված են լինում ու քանդում հանում ենք: Դրանից մի քանի օր հետո վարունգ եմ ցանելու: Դա էլ 40 օրից կսկսենք հավաքել»:

Թունաքիմիկատները ձեռք է բերել գյուղի վաճառքի կետից: Որակը փորձված է, միշտ նույն տեղից են ձեռք բերում: Ասում է՝ բույսերի հիվանդությունները կանխելու համար վաճառողն ավելի օգտակար խորհուրդներ է տալիս.

«Բուժանյութերն էժան են, մեր գյուղից եմ առել: Այս երեք ջերմոցների համար 1500 դրամ եմ վճարել: Լավ որակի դեղեր է վաճառում, ինքը հասկանում է, ինչ տալիս է, բերում, օգտագործում ենք: Ճիշտ է, ես չեմ հասկանում, թե դրանք ինչ են, բայց չեմ տուժում: Կարտոֆիլի, վարունգի մի վնասված տերև ենք ցույց տալիս՝ թունաքիմիկատն առաջարկում է: Իմ կարծիքով՝ 100 գյուղատնտեսից խելացի է»:

Թունաքիմիկատների հարցը հեշտ է, բայց պարատանյութինը՝ անլուծելի: Ջերմոցի կարտոֆիլի հողը պարարտացնելու համար պարատանյութի հարցը նախապես է լուծում: Շուկայից հիմնականում ազոտական պարարտանյութ է գնում: Այս տարի պարարտանյութի գնի թռիչքային  աճը ապշեցրել էր հողագործին: Գնացել էր, գինը տեսել ու ձեռնունայն վերադարձել.

«Այս տաի շատ դժվար է։ Գնացել էի պարարտանյութ առնելու։ 50 կգ-ոց մեկ պարկ պարսակական ու ռուսական ազոտական պարարտանյութի գինը 6000-7000 դրամից դարձել է 25 հազար դրամ: Անցած տարի ամենաթանկը եղել է 8000 դրամ: Վաճառողն ասում է՝ ընկեր-տղա ես, քեզ այս գնով տալիս եմ, դեռ էլի է թանկանալու: Ես էլ չգնեցի, ոնց վերցնեի այդ գնով: Եկա ու առանց պարարտանյութի ցանեցի»:

Էդիկ Զաքարյանը ջերմոցների ու սեփականաշնորհած հողերի համար սովորաբար 50 պարկ ազոտական պարարտանյութ էր գնում։ Ասում է՝ հողագործ դեռ չգիտի, որ  պարատանյութը թանկացել է: Գյուղացիների մի մասը հողը պարատացնում է կենսական պարարտանյութով՝ գոմաղբով, սակայն Վարդանաշենում հողագործների մի մասն է անասնապահությամբ զբաղվում: Քչերի բակերում կան խոտի դեզեր: Ձմռանը խոտ ունենում են միայն անասնապահները, նրանց բակերում նաև գոմաղբի կույտեր կան: Գագիկ Գաբրիելյանն էլ էր ջերմոցում աշխատում, ընտրել է կարտոֆիլի փորձված սորտերն ու ցանել.

«Ագաթա, կոլումբիա սորտերի կարտոֆիլ ենք ցանում: Սրանք վաղահաս սորտեր են և մեզ համար շատ ձեռնտու: Որակյալ սորտեր շատ կան, բայց սրանք էլ վատը չեն»:

Գագիկն աշխատում է հողը պարարտացնել բնական ճանապարհով, քիմիական պարարտանյութեր չի գնում: Անցած տարի անասուններ է պահել, գոմաղբը լցրել է հողի մեջ, այս տարի չունի.

«Ես գոմաղբով եմ աճեցնում բույսերը: Հիմա ունեմ գոմաղբ, եթե չի բավականացնում, առնում եմ: Գյուղում անասուն պահողներ կան, չգիտեմ հիմա վաճառում են, թե չէ, բայց ունեն»:

Գոմաղբով բարձած մեկ բեռնատարն անցած տարի գնել են 50 հազար դրամով, այս տարվա գինը դեռ չգիտեն։ Արմավիրի մարզպետարանն արդեն մի քանի տարի համայնքներին սուբսիդավորված պարարտանյութ չի վաճառում, շուկայում պարարտանյութի գինը հավասարվել էր պետությունից տրվող պարարտանյութի գնին:

Վարդանաշենի գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 120 հեկտարը չի մշակվում: Այդ տարածքում ոռոգման խնդիր կա: Աշոտ Հայրապետյանը եղել է  Վարդանաշենի նախկին աշխատակազմի ղեկավար, ասում է, որ համայնքում ոռոգման հարցը լուծում են խորքային հորերի միջոցով: Բնակավայրում 11 խորքային հոր կա, հողերն ամբողջության մշակելու համար պետք է ավելացնել հորերի թիվը.

«Չմշակվող հողերը Երասխահուն և Արաքս համայնքների սահմանագծում են, որտեղ ոռոգումը կատարվում է կենտրոնախույս պոմպերի միջոցով, այսինքն, ջրատարներով հեռացող ջրերը վերցնում ենք ու ոռոգում: Քանի որ այս տարի երաշտը ցայտուն էր, և ջուրը՝ սակավ, չբավականացրեց կոլեկտորներից ջուրը: Շատ լուրջ խնդիր է: Հիմա մտածում ենք՝ կկարողանանք Կառավարության միջոցով խորքային հորերի հարց լուծել»:

2020-ին Վարդանաշենում մեկ խորքային հոր է հորատվել և լուծել 70 հա հողատարածքի ոռոգման հարցը: Աշոտ Հայրապետյանն ասում է, որ անցած տարի ամռանը խորքային հորերը գրեթե 24 ժամ աշխատել են, որպեսզի գյուղացիները շատ չտուժեն. գիշերը չեն քնել ու բույսին ջուր են հասցրել:

Տարիներ առաջ ընդերքի  ջրերի բարձրացման հետևանքով գյուղում ճահճուտները շատացել էին, և ցամաքուրդային ջրերն օգտագործվել են ոռոգման նպատակով: Գյուղացիները տնամերձ հողամասերում հորեր են փորել և պոմպերով ջրում են ջերմոցները: Եթե առաջ ջուրը մեկ մետրից էր մղվում, հիմա ավելի խորքից. ընդերքի ջրերը պակասել են: Մնացական Վարդևանյանն էլ բակում ջրհոր ունի.

 «Ջուրն առաջ բարձր էր, հիմա մի քիչ ցածր է: 20 մ եմ փորել, 15-17 մետրից ջուրն արդեն պոմպի միջոցով գալիս է: Էն ժամանակ 1 մետր փորում էիր, ոտքերիդ տակ արդեն ցեխ էր»:

Տնամերձի հորի ջուրն օգտագործում են նաև կենցաղային նպատակներով: Ջերմոցների բերքի սպառողներն ամեն տարի եղել են մեծածախ գնորդները, սուպերմարկետները, ռեստորանները։ Հիմա գյուղացին դժվարանում է ասել՝ այս տարվա բերքը իր ապրանքային տեսքով կգոհացնի՞ նրանց, թե՞ ոչ։

Ցուցադրել ավելի
Back to top button