ԿարևորՔաղաքական

Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին

Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի հետևողական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն լիազորված ձևաչափի կենտրոնական դերին՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ և տեւական կարգավորմանը խթանելու գործում, Կազմակերպության աշխատանքի վերաբերյալ Գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Հունվարի 21-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։

Որպես ահագնացող նոր միտումներ, մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։

Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ Գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։

Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չի տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։

Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև Գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button