ԿարևորՀասարակություն

2006-ից սկսած՝ ՀՀ-ում ինտերնետն էժանացել է 12 հազար անգամ․ ինչպես է փոխվում հեռահաղորդակցության շուկան

Շուրջ 200 օպերատոր Հայաստանում զբաղվում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատուցմամբ։ Հեռահաղորդակցության շուկան մեր երկրում ազատականացվել է 2006 թվականին, ինչը տարիների ընթացքում նպաստել է մրցունակության կայացմանն ու ինտերնետ կապի հասանելիության մեծացմանը։

Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը կգնի Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ GNC Alfa-ն, որին էլ պատկանում է «Ռոստելեկոմը»։ Բիզնեսի նախնական արժեքը գնահատվել է 25 մլն դոլար։ Գնորդները լինելու են Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը և  «Հայ էլեկտրական ցանցեր»-ն են։ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում․

«Գնորդները նախատեսում են 2022-2026 թվականներին տարեկան 1.5-1.8 մլրդ ներդրում՝ կապիտալ ծախսեր իրականացնել առկա ենթակառուցվածքների սպասարկման մասով, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ենթակառուցվածքների ընդլայնման համար պատրաստ են ներդնել 2.5 մլրդ դրամ։ Ընդլայնման ծրագրում թիրախային է լինելու լայնաշերտ ինտերնետ հասանելության զարգացումը մարզերում»։

Արմեն Հունանյանը նաև հավելում է՝ նման գործարքները տեղի են ունենում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ, ինչպես սահմանում է օրենքը։ Դրանից առաջ թույլտվություն է տալիս ոլորտի իրավասու մարմինը, այս դեպքում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը համապատասխան մարմինների հետ հարցը դիտարկում է նաև ազգային անվտանգության ու պետական շահի տեսանկյունից։

Հայաստանում կա հեռահաղորդակցության 191 օպերատոր, որոնցից 8-ը մատուցում են ֆիքսված հեռախոսակապի, 3-ը՝ շարժական՝ բջջային կապի, իսկ մյուսները ինտերնետ հասանելիության ծառայություն։ Շարժական կապի առկայությունն ու հասանելիությունը Հայաստանում 100 տոկոս է, նույնիսկ բարձրադիր ու ճանապարհների դժվարանցանելիություն ունեցող բնակավայրերում առնվազն մեկ օպերատոր ծառայություն է մատուցում։ Այս ցուցանիշն արձանագրվել է օպերատորների մրցակցային շուկայի շնորհիվ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ջանքերով,-ասում է Արմեն Հունանյանը․հանձնաժողովում նա ղեկավարում է հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժինը։

«Մենք այս պահի դրությամբ, Հայաստանի բոլոր՝ 1003 բնակավայրերում, ունենք բջջային կապի 4G+ տեխնոլոգիայի ծածկույթ։ Ընդ որում, այդ բնակավայրերի 88.1 տոկոսում ներկա են առնվազն 2 օպերատորներ, իսկ մնացած վայրերում՝ որտեղ ապրում է Հայաստանի բնակչության 62 տոկոսը, ներկա են բոլոր երեք օպերատորները»։

Բջջային կապի օպերատորները Հայաստանում երեքն են՝ «Տելեկոմ Արմենիան» (նախկին Beeline), «ՄՏՍ Հայաստանը» և «Յուքոմը»։ 2021-ի երկրորդ եռամսյակի տվյալներով այս երեք ընկերությունները միասին ունեն 3 միլիոն 147 հազար 447 բաժանորդ։ Նրանց մոտ 60 տոսկոսը «ՄՏՍ Հայաստան»-ի, 30 տոկոսը՝ «Տելեկոմ Արմենիա»-ի, 10 տոկոսն էլ «Յուքոմ»-ի բաժանորդներն են։ Այս թվերը, չնչին բացառություններով, 2012 թվից ի վեր չի փոխվել։

Արմեն Հունանյանին․ «Այստեղ առանցքային է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցուցանիշը՝ 445.834 բաժանորդ։ Դա ինտերնետից օպտիկամանրաթելային կապուղիներով՝ օգտվող բաժանորդներն են, որոնք ընդգրկում են 510-520 բնակավայր»։

Թե՛ շարժական, թե՛ ֆիքսված կապի ապահովման համար հաճախ են դժվարություններ առաջանում, ներդրումներն արվում են՝ հաշվի առնելով Հայաստանի տեղանքն ու ռելիեֆը, ասում է մասնագետը։ Արմեն Հունանյանի խոսքով՝ ծածկույթի այսօրվա ցուցանիշը գոհացնող է, հատկապես ֆիքսված կապի տարածման առումով տարեկան առնվազն 10-15 տոկոսի աճ է գրանցվում․

«Եթե աճի այս տեմպը թողնենք միայն մրցակցությանը, մեծ աճ չենք ունենա։ Գիտենք, որ օպերատորը գնում է ներդրում անելու եկամտաբեր, շատ բնակեցված տարածքներում, որտեղից ներդրումների վերադարձելիություն կունենա»։

Ինտերնետ ծառայություններ մատուցող «Արփինետ» ընկերության կոմերցիոն տնօրեն Հովհաննես Ալեքսանյանը նկատում է՝ բարձրադիր ու դժվարանցանելի տեղանք համարվող տարածքները նաև դրական կողմեր ունեն․

«Մեր բարձրադիր լինելն այս պարագայում ավելի շատ առավելություն է, քան թերություն։ Առավելություն է այն տրամաբանության մեջ, որ բարձրադիր գոտիներում արագ շարժվող մեքենաներն են քիչ, այսինքն, տրաֆիկը հանգիստ է, և հնարավոր է այդ ճանապարհների կողքով հեռահաղորդակցության գիծ կառուցել»։

Բարձրադիր գոտիներում հեռահաղորդակցման ենթակառուցվածքների կառուցումը ծախսատար է՝ ասում են մասնագետները, բայց ցածր չէ նաև ինտերնետի համար վճարվող գումարը։

Հովհաննես Ալեքսանյանի կարծիքով՝ Հայաստանում սա լուրջ խնդիր է։ Բացատրում է, թե ինչու է մուտքային ինտերնետը  թանկ․ «Իմ կարծիքով, Հայաստանի գերագույն խնդիրներից մեկն այսօր ինտերնետի մուտքային գնի թանկ լինելն է, որովհետև մենք այդ ինտերնետը վերցնում ենք սահմանից։ Ուկրաինայում ու Ռուսաստանում, օրինակ, շատ ավելի էժան է, որովհետև իրենք ուղիղ սահման ունեն և սեփական ինտերնետի գեներացման ռեսուրսներ»։

2006 թվականին ինտերնետը Հայաստան մտնում էր միայն մեկ կապուղով և ընդամենը 56 մեգաբիթ/վայրկյան թողունակությամբ։ Դրա արժեքը 5.5 միլիոն դրամ էր, հիշեցնում է Արմեն Հունանյանն ու հավելում՝ այսօր ինտերնետ կապը Հայաստան բերող 4 ընկերություն կա, գործում են 9 կապուղիներ, իսկ հոսքերի թողունակությունն արդեն 830 հազար մեգաբիթ/վայրկյան է․

«Հայաստան բերվող մեծածախ ինտերնետի ներկա արժեքը՝ ըստ մեր վերլուծությունների, 1 մեգաբիթ/վայրկյանի համար կազմում է 460 դրամ (խոսքը՝ միջազգային տարանցիկ IP հոսքերի մասին է)։ Եթե համեմատենք մինչև շուկայի ազատականացման տվյալի հետ, ապա այդ գինը նվազել է շուրջ 11.900 անգամ»։

Տարեցտարի ինտերնետային մուտքերի թողունակությունը աճում է, գինը՝ նվազում, հավելում է Հունանյանը՝ ընդծելով նաև օգտագործվող ինտերնետի ծավալների ավելացումը։

Ցուցադրել ավելի
Back to top button