Խոշորացույց

Տրամվայի հեռացող ձայնը կամ ինչպես վերականգնել Երևանի հասարակական տրանսպորտը. «Խոշորացույց»

Երեւանի քաղաքային հասարակական տրանսպորտի մահն ինձ համար արձանագրվեց տրամվայի վերացումով։ Այսօր շատերը չեն էլ հիշում, թե ինչ տրանսպորտ էր դա։ Իսկ ես այն հիշում եմ որպես եվրոպական քաղաքի` իմ մանկական, դպրոցական, ուսանողական ու երիտասարդական տարիների խորհրդանիշ։

Մեկ օր՝ Երեւանի երթուղիներում. Հռիփսիմե Հովհաննիսյանի ռեպորտաժը

Հիշում եմ, թե ինչպես իմ դպրոցի մոտակա պուրակի միջով էր անցնում տրամվայը, որի հետեւից տղաներից շատերը կախվում էին` ծառուղով մի պտույտ անելու համար։ Այսօր չկա ո’չ տրամվայը, ո’չ այդ պուրակը։ Հիշում եմ, թե ինչպես համալսարան եկող տրամվայում ճանապարհին հնարավորություն ունեի կարդալ ինչ-որ գիրք, դասախոսությունը, կամ հիշել օտար լեզվի բառերը։ Այսօր արդեն չենք տեսնի Օղակաձեւ զբոսայգում անցնող տրամվայը։

Հետո արդեն՝ 20-21-րդ դարերի հատման տեղում դուրս եկան ավտոբուսները, մնացին հատուկենտ տրոլեյբուսներ, ու միլիոնանոց քաղաքը հանձնվեց երթուղայինների տնօրինությանը` կարծես արձանագրելով` հսկայական քաղաքը չունի հասարակական տրանսպորտ։

Մարիամ Հովսեփյանը՝ Երեւանի ապագա տրանսպորտային ցանցի մասին

Այսօր արդեն կյանքն է պարտադրում, որ Երեւանը կրկին վերականգնի քաղաքային հասարակական տրանսպորտի համակարգը, այն օգտագործի, որպեսզի հաղթահարվեն մայրաքաղաքում՝ հատկապես առավոտյան եւ երեկոյան խցանումները, մարդկանց համար ստեղծի հարմարավետ քաղաքային միջավայր։ Դրա համար պետք են քաղաքային իշխանությունների քաղաքական կամքն ու երեւանցիների՝ քաղաքային մշակույթին վերադառնալու ցանկությունը։

Եվս մի հիշողություն։ Եվրոպական քաղաքներից մեկում երկշաբաթյա իմ պրակտիկայի ժամանակ ինձ հատկացրել էին հեծանիվ, որպեսզի իմ տեղաշարժը հարմար լիներ։ Ինձ համար իրոք հաճելի էին այդ երկու շաբաթները, երբ եւ’ առավոտյան, եւ’ երեկոյան ես հեծանվով երթեւեկում էի քաղաքի տարբեր հատվածներով։ Հայրենիք վերադառնալիս մտածեցի շարունակել հեծանվային այդ երթեւեկությունը։ Գնեցի հեծանիվ ու առաջին իսկ օրը հասկացա, որ այդպես մի օր կա’մ աշխատանքի կարող է չհասնեմ, կա’մ՝ տուն։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երեւանի քաղաքային տրանսպորտի, փողոցային խցանումների, քաղաքային կյանքի կազմակերպման հարցերն ենք քննարկել ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի հետ։

Back to top button