ԿարևորՏնտեսական

Մոդուլային ռեակտորների արդյունավետության մասին խոսելը վաղաժամ է․ փորձագետ

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է` 2021-ի հունվարին հայտարարել էր այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Գործադիրի հնգամյա ծրագրում էլ ամրագրվել էր, որ  միջուկային նոր էներգաբլոկի կառուցման իրականացման ուղղությամբ մշակվելու են ծրագիր և ժամանակացույց` որպես Հայաստանում հիմնական ռազմավարական նպատակ։

Ատոմային էներգետիկան հայ-ռուսական փոխգործակցության զարգացման ռազմավարական հիմնական ուղղություններից է: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի և իրականացվող աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունն է: Ըստ ոլորտի մասնագետների` հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գնով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Հունվարի 20-ին «Ռոսատոմ» ընկերությունը և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը Դուբայի «Էքսպո-2020» ցուցահանդեսում, որտեղ ներկայացված են փոքր հզորության ատոմային կայանների ռուսական տեխնոլոգիաներ, հուշագիր են ստորագրել,  որով հիմք են ապահովելու Հայաստանի տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում հնարավոր համագործակցությունն ուսումնասիրելու համար։

Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է ՝ այս փաստաթուղթը համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու մասին է.

«Այսպիսի հուշագիրը բնավ չի նշանակում որևէ վերջնական որոշման պատրաստում։ Հայաստանը վաղ ուշ թե ուշ պետք է կանգնի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի փակման խնդրի առաջ և հենց այդ ժամանակաընթացքում  Հայաստանում արդեն պետք է առկա լինի աշխատող նոր ատոմային բլոկը։ Այս տարիների ընթացքում Հայաստանը պետք է կողմնորոշվի մի քանի կարևոր հարցերի շուրջ`  որտե՞ղ կառուցել նոր ատոմային բլոկը, ի՞նչ հզորություն այն պետք է ունենա, ինչպիսի տեխնոլոգիական հենք այն պետք է ունենա։ Այս հուշագրի ստորագրումը հենց կոչված է այս հարցերին որոշակի պատասխաններ տալուն»։ 

Մոդուլային ատոմային ռեակտորները սովորաբար մի քանի տասնյակ մեգավատ հզորություն ունեն, չափերով շուրջ տասն անգամ ավելի փոքր են արդյունաբերական, այսինքն՝ ավանդական ատոմակայաններից։

Աշխարհում էներգետիկ նպատակներով նման մոդուլային էներգաբլոկներ դեռևս չեն շահագործվում։ Միացյալ Նահանգները , Կանադան, Ռուսաստանը ցամաքում այս տեխնոլոգիայի կիրառումը դեռևս ուսումնասիրում են։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է`  նմանօրինակ էներգաբլոկներ լայնորեն օգտագործվում են ատոմային սուզանավերում, ատոմային սառցհատներում, նավերում։ Ասում է` դրանց կիրառումը զուտ էներգետիկ նպատակներով նորարարություն է։

«Տասնամյակներ շարունակ տարբեր պայմաններում Հայաստանում շահագործվում են ռուսական տիպի ռեակտորները, որոնք ապացուցել են տեխնոլոգիայի արդյունավետությունը և հուսալիությունը։ Անցած տարի Հայաստանին հաջողվեց ռուս գործընկերների միջոցով երկարաձգել  և արդիականացնել երկրորդ ռեակտորի շահագործումը մինչև 2036 թվականը` լուրջ երաշխիքներ ներկայացնելով հնարավոր շահագործման ուղղությամբ»։ 

Արա Մարջանյանը նշում է, որ մոդուլային էներգաբլոկներ կառուցելու  առաջարկներ Հայաստանը ստացել է նաև  ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, անգամ Արգենտինայից, ընդ որում ՝ դրանք երեք-չորս տարվա պատմություն ունեն և պարբերաբար տարբեր հարթակներում առաջարկները թարմացվում են։ Էքսպոյում ստորագրված այս հուշագիրը որոշակի կոնկրետ հետազոտությունների մեկնարկի հնարավորություն է։ Ըստ փորձագետի` խոսքը երկու տարվա ուսումնասիրության մասին է։ Արա Մարջանյանը լիահույս է, որ այս փուլը կավարտվի կոնկրետ արդյունքներով։

«Հայաստանում ատոմային էներգետիկայի առկայությունը բնակչության էներգետիկ անվտանգության ամենակարևոր երաշխիքներից մեկն է, ավելին` այն մեր ռազմավարության պահանջն է, ինչպես նաև ժամանակի պահանջը` դատելով, թե ինչ է կատարվում աշխարհում. ատոմակայան է կառուցում Թուրքիան, ատոմակայան են ուզում կառուցել Ադրբեջանում, Ղազախստանում և շատ այլ երկրներում։ Իսկ եվրոպական այն երկրները, որոնք հրաժարվում են ատոմային էներգիայից, կանգնած են լրջագույն էներգետիկ ճգնաժամի առջև»։

Այդուհանդերձ Արա Մարջանյանը Հայաստանում մոդուլային էներգաբլոկի կառուցումը հեռանկարային չի համարում։

«Մոդուլյար ռեակտորների հեռանկարայնության մասին խոսելը դեռևս վաղաժամ է։ Զուտ էներգետիկ նպատակներով մոդուլյար ռեակտորների օգտագործումը ցամաքում չունի տասնամյակների փորձ, դեռ չի ապացուցել իր բացարձակ ապահովությունը և արդյունավետությունը։ էներգետիկ նպատակներով դրանց շահագործման փորձը փոքր է»։    

Սրանով հանդերձ Հայաստանում ՄԱԿ-ի էեներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը Հայաստանում մոդուլյար էներգաբլոկի հնարավոր կառուցման հեռանկարային հարթակ է դիտարկում Մեծամորը` շեշտելով, որ լրացուցիչ ուսումնասիրությունների միջոցով դեռ պետք է պարզել հիդրոռեսուրսների բավարար կամ անբավարար լինելու մակարդակը։  

Back to top button