ԿարևորՀասարակություն

Լոռու մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: 

Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՎԿԱԿ-ից հիշեցնում են, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել համը, հոտը, գույնը և տեսքը: 

Հիվանդության ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: 

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է. 

խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի: 

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է:

Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում՝ հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում:

Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130oC ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Back to top button