Մտքի ուժը

Ինչպե՞ս և ինչի՞ց ստանալ բնական կոնսերվանտներ․ գիտական փորձերն ընթացքի մեջ են․ «Մտքի ուժը»

Ի՞նչ են սովորաբար անում խաղողի էտման թափոնը. հավաքում են, չորացնում, վառում՝ աղտոտելով մթնոլորտը։ Բայց սա գյուղերում ու գյուղացիների կողմից։ Գիտական աշխարհում ամեն ինչ այլ է։ Իսկ ի՞նչ են պատրաստվում անել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի  գիտնականները ոչ միայն այս, այլև գյուղատնտեսական մյուս թափոնների հետ։ Ոչ ավել, ոչ պակաս փորձում են դրանցից սննդի բնական կոնսերվանտներ ստանալ։ «Կենսաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար Նաիրա Սահակյանը  պատմում է․   

Նաիրա Սահակյան

«Գաղտնիք չէ, որ կենցաղում բազմաթիվ սննդային սինթետիկ կոնսերվանտներ են կիրառվում, որոնց ազդեցությունները մինչև վերջ ուսումնասիրված չեն։ Շատ հաճախ էլ կոնսերվանտը պոտենցիալ քաղցկեղածին ազդեցություն կարող է ունենալ։ Կամ չի կարելի կիրառել երեխաների կամ հղիների շրջանում։ Եվ որպեսզի նման բաներից խուսափենք, կփորձենք ստանալ նաև բնական ծագմամբ սննդային կոնսերվանտներ, որոնք կառաջարկենք արդյունաբերության մեջ կիրառման համար։ Դրա համար պետք է լուծենք պատրաստուկների մատչելիության հարցը, որի ճանապարհներից մեկն էլ գյուղատնտեսական բուսական ծագման թափոնների կիրառումն է»։

Լաբորատորիայում բույսերի կենսաբանական ակտիվության ուսումնասիրությամբ  վաղուց են զբաղվում։ Նրանց դիտակետում են ոչ միայն բնության մեջ աճող, այլ  նաև արհեստական՝ in vitro պայմաններում աճեցված բույսերը։ Հիմնականում ուսումնասիրում են էթնոբժշկական նշանակության բուսատեսակներ: Բույսերը վաղուց են լայն կիրառություն ունեցել՝ ասում է զրուցակիցս ու հիշեցնում՝ կոսմետիկ միջոցների, սննդի մեջ դրանց կիրառության մասին։ Հետազոտության համար այնպիսի բույսեր են ընտրում, որոնց աճեցումը մեծ ծախսեր չի պահանջում։

Մարգարիտ Պետրոսյան

Այստեղ գիտաշխատողներն ունեն իրենց սիրած բույսերը, գիտեն նաև, թե ինչու են կոնկրետ այս կամ այն տեսակները սիրում։ Գիտական խմբում բույսերով զբաղվում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը։ Նրա ամենասիրած բույսերից է գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող հավաջիվան կամ լատիներեն՝ Alkana orientalis-ը։  Այն հաստ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ 15-40 սմ բարձրություն ունեցող ցողունները ծածկված են գեղձային կպչուն մազիկներով և խոզաններով։ Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին և աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Երևանում․

«Այս բույսը մեկուսացված պայմաններում աճեցված կուլտուրա է, դրսևորել է բարձր կենսաբանական ակտիվություն։ Հիմնականում տարբեր տեսակի քսուքներ են ստացվում։ Մեզ մոտ կատարված հետազոտոթյունները ցույց են տվել այդ բույսի բարձր հակաօքսիդանտ, հակաբակտերիալ ազդեցությունը։ 1996 թվականից այդ բույսի տարատեսակնեից մեկը կիրառվում է Ճապոնիայում՝ շրթներկի արտադրության մեջ։ Վառ բնական կարմիր գույն են ստանում, սա բավականին բարձրարժեք է։ Սիրում եմ նաև զաֆրանը։ Այս բույսը դաշտային պայմաններում երկու կամ մի քիչ ավել պալարասոխուկ է տալիս, ապա in vitro պայմաններում 5-6 պալարասոխուկ է տալիս»։

Լաբորատորիայում ցանկանում են ու փորձում են նաև շաքարային դիաբետով մակացված բարդացումների կանխարգելման համար պատրաստուկներ մշակել։ Գիտական խմբի ղեկավար Նաիրա Սահակյանը  հիշեցնում է՝ աշխարհում  400 մլն ավելի մարդ է տառապում հատկապես երկրորդ տիպի շաքարային դիաբետով։ Հիվանդացության ցուցանիշերն ավելանում են։ Ամենահավանական ազդեցություններից մեկը երիկամային անբավարարության առաջացումն է։ Սա գլխավորապես օքսիդային սթրեսի արդյունք է՝ ասում է գիտնականը.

«Մենք փորձում ենք գտնել բուսական ծագման միացությունների այնպիսի բաղադրություն, որը կնպաստի  օրգանիզմում օքսիդային ստրեսի նվազեցմանը։ Դրա համար կիրառելու ենք շաքարային դիաբետով մակացված երիկամների բջջային գծեր։ Հետո արդեն կփորձենք in vivo  պայմաններում հետազոտել ազդեցությունը, առաջադրել կանխարգելիչ բժշկության մեջ՝  որպես կենսաբանորեն ակտիվ հավելում՝ սննդի մեջ՝ դեղորայքին զուգահեռ կիրառմամբ, որպեսզի մարդիկ կարողանան կիրառել այս պատրաստուկները՝  խուսափելով ծանր հետևանքներից ու բարելավելով իրենց կյանքը»։

Լաբորատորիայում ակտիվ են նաև երիտասարդ գիտաշխատողներն ու ուսանողները։ Անահիտ Շիրվանյանը նրանցից մեկն է,  ծիթրոնի հակաօքսիդանտային ակտիվության դիտարկում էր կատարում.

«Ծիթրոնից բացի ուսումնասիրել ենք նաև թզենին, սև և կարմիր հաղարջենին։ Հետաքրքիր է, որ շատ բարձր էր սև հաղարջենու տերևների հակաօքսիդանտությունը, ինչը հավանաբար պայմանավորված է նրանում մեծ քանակությամբ տարբեր ֆենոլների առկայությամբ։ Մենք կառանձնացնենք այն բույսերը, որոնք հատկապես մեծ հակաբակտերիալ ազդեցություն ունեն ախտածին մանրէների  շտամների նկատմամբ»։ 

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության, կենսատեխնոլոգիայի այս լաբորատորիայում խնամքով են մոտենում ցանկացած բույսի, առանձնակի սիրով՝ in vitro  պայմաններում աճեցրածներին։ Նաիրա Սահակյանն ընդգծում է։    

«AJUGA ցեղի բույսերից եմ այս պահին ես պահել։ Մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ մետաբոլիտներ է պարունակում այս բույսը։ Ունի բարձր հակաօքսիդանտային ակտիվություն»։  Հայաստանի բույսերով հետաքրքրված են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գիտնականները։ Գիտնական Սահակյանն ասում է, որ սա մի շարք գործոններով է պայմանավորված՝ աշխարհագրական դիրքից մինչև հողի կազմ։     

«Արտաքին հանգամանքներով պայմանավորված՝ հարևան երկրներում ու Հայաստանում աճող միևնույն տեսակի  բույսերը տարբեր են իրենց քիմիական կազմով։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մեր տարածքում աճող բույսերը սինթեզում են ավելի մեծ քանակությամբ ակտիվ մետաբոլիտներ՝ իրենք իրենց համար, որպեսզի  բույսը հարմարվի անբարենպաստ պայմաններին։ Որքան բույսի աճն ու զարգացման համար պայմանները բարենպատս են, այնքան դրանց սինթեզած մետաբոլիտների կազմն աղքատ է։ Ինչո՞ ւ են ասում՝  Հայաստանում աճող միրգը ավելի քաղցր ու համեղ է. հենց մեր բնակլիմայական պայմանների ազդեցությամբ է դա պայմանավորված, միկրոտարրերի առկայությամբ, ոռոգման ջրի կազմով։ Սա մեր իրական հարստությունն է, պետք է փորձենք պահպանել ու կիրառել՝ առանց բնությանը վնաս հասցնելու»։

Բնական կոնսերվանտների ստացում Հայաստանում առաջին անգամ է արվում։ Ծրագրի մեկնարկից մոտ չորս ամիս է անցել։ Այս ընթացքում հասցրել են ուսումնասիրել ութից տասը հայտնի բուսատեսակներ՝ սև և սպիտակ խաղողի տերևներ, ուրց, դաղձ, թարխուն,  խնկածաղիկ։

Պարզել են, որ եթերայուղատու բույսերի մեծ մասն ունեն մանրէասպան ակտիվություն, կարող են ոչնչացնել այնպիսի մանրէների, որոնք բարձր կայունություն ունեն լայն կիրառություն ունեցող հակաբիոտիկների՝ տետրացիկլինի, ամպիցիլինի նկատմամբ։ 

Գիտական խմբում նաև հետազոտություններ են կատարում անասնաբուժության ոլորտում կիրառող հակաբիոտիկների քանակը նվազեցնելու, նրանց մի մասը բնական ծագման միացություներով փոխարնելու համար։ Այստեղ ասում են, որ հնարավոր է օգտագործել ավելի քիչ քանակությամբ հակաբիոտիկներ՝ դրա փոխարեն բուսական պատրատսուկներով բարձրացնելով արդեն կիրառվող հակաբիոտիկների ազդեցությունը։

Բոլոր հետազոտությունների վերջնական նպատակը ալֆա թեստավորված, լաբորատոր նախատիպերի ստացումն է, որից  հետո կաշխատեն  արտադրության մեջ դրանք կիրառելի դարձնել։  

Գիտական ուսումնասիրություններն իրականացվում են գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի միջոցով։ Հնգամյա ծրագրի արժեքը մինչև 156 մլն դրամ է։

Նաիրա Սահակյան ասում է, որ առանց  դրամաշնորհների դժվար կլիներ իրականացնել նման ծավալի աշխատանքներ։ Պետական ֆինասնավորումն ավելի թիրախային է, ավելի լուրջ ու կիրառական հետազոտություններ են կատարում։  

Back to top button