ԿարևորՏնտեսական

Ազոտական պարարտանյութը գրեթե եռակի թանկացել է

Գարունն ու գարնանացանը սարերի ետևում չեն, բայց դրան ընդառաջ գյուղացիները լուրջ մտահոգություն ունեն՝ կտրուկ թանկացել է  ազոտական պարտարտանյութը։  Նախկին 6-6,5 հազար դրամի փոխարեն  շուկայում այն վաճառվում է 18-20 հազարով։ Ոլորտով մտահոգվողները շեշտում են՝ սա կարող է հանգեցնել գյուղմթերքի թանկացման ու չմշակվող հողերի ավելացման, ոլորտի պատասխանատուներն էլ արձագանքում են՝ տեղյակ են, զբաղվում են խնդրով։

Կարտոֆիլի ցանքի 1 հա-ի  համար, ըստ գյուղատնտեսական որոշ հաշվարկների, 600-700 կգ պարարտանյութ  է պետք, հացահատիկի 1 հա-ի համար՝ 300- 400 կգ։ Մեկ պարկ ռուսական ազոտական պարարատանյութը, որը կշռում է 50  կգ, շուկայում այսօր վաճառվում է արդեն 18-20 հազար դրամով։ Վերջին 1-2 ամսում այն կտրուկ՝ գրեթե եռակի թանկացել է․ տարեվերջին սելիտրան արժեր 6-7 հազար դրամ։ Սա՝ դեռ պարարտանյութի մասով։ Թանկացել են  նաև դիզվառելիքն ու սերմացուն։ Մաթեմատիկա-գյուղատնտեսական հաշվարկները մտահոգիչ են՝ պարարտանյութի թանկացումն ուղղակիորեն կբերի գյուղմթերքի գների բարձրացման, չմշակվող   հողատարածքների ավելացման․ իսկ վերջինները ներկայում Հայաստանի հողատարածքների մոտ 50 տոկոսն են։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ ազոտական  պարարտանյութն ու դիզվառելիքն այսքան թանկ դեռ չեն եղել։

Գյուղացին այդքան վճարունակ չէ, եթե ճիշտ քաղաքականություն չիրականացավ՝  գյուղացին կարող է չկարողանալ հացահատիկ աճեցնել։ Պարարտանյութը եթե առաջ 6000-6500 էր, ներկա պահին 18 հազարից  պակաս չէ մանրածախ գինը։ Դիզվառելիքը  անցած տարի 400 դրամի շեմը չէր հատում, այս տարի մոտենում  է 500 դրամի։  Վերամշակող գյուղատնտեսության մասով․․  ինչպես  հասկանում ենք՝ ապրիլից գազը կթանկանա, փետրվարից հոսանքն է թանկանում, և արդեն ջրի գինն  է բարձրացել։ Դա չի կարող չանդրադառնալ գյուղատնտեսության վրա։ Իսկ եթե անցած տարվա նման երաշտ լինի, այս  տարի այդ պայմաններում գուցե ռիսկ չանեն  հողատարածքներ մշակել»։

2018-ից սկսած՝ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում պարարտանյութի ձեռք բերման պետական աջակցությունից։ Հիմնավորվեց, որ արդյունավետ չէ։ Ժամանակին պետությունը պարարտանյութի ծախսի մի մասն իր վրա էր վերցնում, բայց պետական ծրագրում նաեւ  խնդիրներ ի հայտ եկան։  

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյան․ «Անընդհատ կառչել սուբսիդիաներից՝ ճիշտ չէ, սուբսիդիան պետք է լինի այնպիսի գործիք, որը պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։ Օրինակ՝ 2019-2021 թթ–ին էական նշանակություն չուներ,  և անհրաժեշտություն չկար այդ ոլորտը սուբսիդավորելու, քանի որ կար մրցակցություն շուկայում, չկար մենաշնորհ, ու բավականաչափ գները նվազեցին։ Վերջին տարիներին չկար դժգոհություն պարարտանյութի շուկայում»։

Ինչու են պարարտանյութերն ու թունաքիմիկատները կտրուկ թանկացել։  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երբեք այս շուկան չի ուսումնասիրել, բացատրեցին՝ դաշտում խոշոր խաղացող և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չի եղել։ 
Խնդիրը խորհրդարանում բարձրացրեց ԱԺ-ի  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր  Խաչատրյանը։ Նկատեց՝ ցանքը շուտով կսկսվի, կառավարությունն ի՞նչ է առաջարկում գյուղացիական տնտեսությունների օգնելու համար։

«Մի քանի ամսից սկսվելու է ցանքը, եթե սերմերը թանկացել են, ապա վաղը թանկանալու են հացը և այլ գյուղմթերքներ։ Գյուղացիներն այդ ամենը գնում են վարկով, և նրանց վարկունակությունը կասկածի տակ է դրվում թանկացումների պատճառով»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց՝  խնդիրներ, այո, կան,  նախարարությունը զբաղվում է դրանցով:

«Կոնկրետ պարարտանյութի վերաբերյալ ինտենսիվ բանակցություններ ենք վարում տարբեր երկրների գործընկերների հետ»։

«Ռադիոլուրին» խնդրահարույց հարցի մասով էկոնոմիկայի նախարարությունից  տեղեկացրին՝ 2021-ի տարեվերջի ուսումնասիրությունը պարզել է, որ պարարտանյութերի գնի կտրուկ աճի պատճառը միջազգային շուկայի թանկացումներն են, ինչին հիմնականում հանգեցրել են պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցումը, ինչպես նաև գազի համաշխարհային գների բարձրացումը։  Պատկան կառույցը  խնդրի լուծումը փնտրում է նաեւ ԵԱՏՄ շրջանակներում։ Ակտիվ քայլեր են ձեռնարկում, որպեսզի սեզոնին ընդառաջ գյուղացուն ավելի էժան պարարտանյութ հասնի։ Փորձում են աջակցել, որ ամոնիակային սելիտրա և կոմպլեքս (ազոտ, ֆոսֆոր, կալիում) հանքային պարարտանյութերը հանրապետություն ներմուծող ընկերությունները դրանք ձեռք բերեն հնարավորինս մատչելի գներով։

Back to top button