ԿարևորՀասարակություն

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչները դեմ են գյուղում հանք բացելուն

«Ա. Վ. Մայնինգ» ընկերությունը մտադիր է գունագեղ քարերի և ոսկու որոնման երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի մերձակայքում: Կաթնաղբյուրցիների մեծ մասը, սակայն, կազմակերպված հանրային լսումների ընթացքում դրան դեմ են արտահայտվել: Հարևան Արմանիսի օրինակն աչքի առաջ ունենալով՝ մարդիկ չեն ուզում, որ գյուղը կորցնի էկոլոգիապես մաքուր ջրային պաշարներն ու արոտավայրերը:

Հունվարի 20-ին Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում  «Ա. Վ. Մայնինգ» ընկերությունը հանրային լսումներ էր հրավիրել։ 1-ին նման քննարկումը 2021-ին էր: Ընկերությունը մտադիր է գունագեղ քարերի և ոսկու որոնման երկրաբանական ուսումնասիրություններ և նախնական գնահատում անցկացնել Կաթնաղբյուրին մերձակա Արջիձոր հանքային դաշտի Սնկաձոր հատվածում։ Շրջապատի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն:  Հանրային լսումը նախատեսված էր Կաթնաղբյուրի վարչական ղեկավարի նստավայրում: Ըստ նախարարության ներկայացուցիչների՝ կողմերը պատշաճ ծանուցվել էին: Տեղի իշխանություններից, սակայն, միայն վարչական ղեկավարն էր եկել:

Նրա աշխատասենյակը  փոքր էր, շենքի ներսը՝ ցուրտ: Որոշվեց քննարկումը դրսում անցկացնել: Արջիձոր և Սնկաձոր գետակների ավազանում ընկած Արջիձորի հանքային դաշտը Ստեփանավանից հեռու է 23, Կաթնաղբյուրից՝  8 կմ։ 407 հա մակերեսի վրա ընկերությունը մտադիր է հետախուզել, գնահատել և հաշվարկել ոսկու և գունագեղ քարերի պաշարները: Ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝«Ա. Վ. Մայնինգ»-ը գրանցվել է 2021 թ-ի փետրվարի 17-ին: Ընկերության 100% բաժնետերը ՀՀ քաղաքացի Արթուր Գագիկի Գևորգյանն է: Ընկերության լիազոր ներկայացուցիչ, երկրաբան Գագիկ Գևորգյանի խոսքով՝ այս տարածքում դեռ ԽՍՀՄ տարիներից են իրականացվել երկրաբանահետախուզական  աշխատանքներ: 6 տարի է՝ իրենք այս տարածքում ոսկի են որոնում: Որոշել են մի վերջին անգամ փորձել։

«6 տարի աշխատել ենք, արդյունքի չենք հասել, հիմա վերջին փորձն է այս տարածքում:Էն ժամանակ ոսկու համար ենք աշխատել, հիմա կան գունագեղ քարեր և ալմաստ»,- ասում է «Ա. Վ. Մայնինգ» ընկերության լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գևորգյանը։

Հանրային լսումներին մասնակցող մոտ 2  տասնյակ կաթնաղբյուրցիների մեծ մասը դեմ էր հանքի բացմանը: Հարևան Արմանիսի դառը  փորձը լիուլի բավական է: Չեն ուզում կորցնել իրենց չքնաղ բնությունն ու հարվածի տակ դնել անասնապահությունը, որն այսօր իրենց հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է: Տարեց բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ,  պնդում է՝ կորցնելու գյուղ չունենք:

Դեմ ենք՝ ասում է. « Կոնկրետ նյետ, չենք ուզում: Արմանիսի շախտը տեսանք ինչ է, բոլտ ու գայկեն է վարի գնում, մնաց՝ մենք վարի չգնանք: Չենք ուզում: Մի՛ երկարացրու, պետք չէ մեզ շախտ ու վսյո»:

Ըստ «Ա.Վ. Մայնինգ» ընկերության hայտի՝ Արջիձորի ոսկու հանքերևակումները Ձորագետի 2 աջ վտակների՝ Արջիձորի և Սնկաձորի ակունքներում են և Ձորագետի ձախ ափում՝ Սնկաձոր գետակի դիմաց: Գագիկ Գևորգյանն ասում է, որ  ջրային ռեսուրսները չեն աղտոտվի, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն լինի։

«Այդտեղ ջրային հոսքեր, արտանետումներ, շրջապատի աղտոտում որևէ ձևով չի կարող լինել: Հետախուզական հորեր են նախատեսվում գետերի հունային մասերում»,- ասում է Գագիկ Գևորգյանը։

Բնակիչները  հակադարձում են՝ բացառվում է, որ գետերը չաղտոտվեն: Եթե խոսքը տարածքի հիմնական ջրային ռեսուրսների՝ Ձորագետի ու դրա վտակների մասին է, ինչպե՞ս կարող են  դրանք զերծ մնալ աղտոտումից:

«Դուք չեք կարող ապացուցել, որ  գետը չեք աղտոտելու: Ձորագետը, որը հետո խառնվում է Դեբեդին, ՀՀ-ի ամենամեծ գետերից մեկը, որը բազմաթիվ քաղաքներով ու գյուղերով է անցնում, ոռոգման ջուր է ծառայում, հենց ակունքից թունավորելու են: Արմանիսի հանքը, բուսականությունը չորացել են, մենք մեր շրջապատում նկատում ենք, մարդկանց առողջությունը վատանում է, սիրտ-անոթային հիվանդությունները շատանում են շրջակա գյուղերում, ներառյալ մեր գյուղը։ Չեմ խոսում հենց հանքում աշխատողների մասին, նրանց 50 %-ից ավելին հիվանդություններ են ձեռք բերել»,-նշում է Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սուրեն Կիրակոսյանը։

Հայտում նաև ներկայացվել է, որ հետախուզական աշխատանքների ընդգրկման հատվածում չկան անտառածածկ գոտի, սողանքներ, հատուկ պահպանվող տարածքներ, կարմիր գրքում տեղ գտած բուսատեսակներ, բնության և մշակութային հուշարձաններ: Դաշտային աշխատանքների համար օգտագործվելու են եղած ավտոճանապարհները: Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում են ճանապարհների պարբերական ջրման աշխատանքներ: Բնակիչները մտահոգ են. որպես կանոն՝ հանք շահագործող ընկերությունները բնակիչների հետ երբեք մինչև վերջ չեն անկեղծանում, մինչդեռ նոր աշխատատեղերից ու համայնքի զարգացման «հեռանկարներից» բացի՝ պետք է խոսեն նաև վնասներից, որոնք կրելու են մարդիկ ու շրջակա միջավայրը: Վնասների փոխհատուցման մասին էլ՝ ոչ մի խոսք:    

«Իրենք, որպես մասնագետ, ավելին գիտեն, բայց մեզ չեն ներկայացնում, ընդամենը դրական կողմն են  ներկայացնում՝ աշխատատեղ ենք ստեղծում։ Ավելի լավ է առողջությունը պահպանենք, քան մի քանի աշխատատեղ լինի: Եթե մարդկանց և՛ լավը բացատրվի, և՛ վատը, մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է՝ ինչ կա ընդերքում, այնտեղ էլ մնա»:

«Ես համաձայն եմ, որ  երկիը զարգանա, բայց ամեն ինչին պետք է ուշադիր լինեն: Էդ գետերից մեր անասունները ջուրն են խմում: Որ լցվեցին  էդ նյութերը ջրի մեջ, անասունները խմեցին ու սատկան, ո՞ւմ է պետք: Էդ ժամանակ գյուղի 10 %-ը չի փախնի, սաղ են փախնելու»:

Բնապահպան Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ քանի դեռ կա անպատասխանատու հանքարդյունաբերություն և անկատար օրենսդրական դաշտ, ազդակիր համայնքների բնակիչները բախվելու են խնդիրների: Պետությունը նոր է սկսում քայլեր ձեռնարկել այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ.

«Մշակվում է հանքարդյունաբերության ռազմավարությունը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքի նախագիծ է մշակվել։ Նոր-նոր Հայաստանի Հանրապետությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որ գնահատեն հանքարդյունաբնակ տարածքների բնակիչների առողջությունը»:

Կաթնաղբյուրի վարչական ղեկավար Արթուր Սավթալյանը համաձայն է համագյուղացիների ցանկացած որոշման հետ: Որոշողը ժողովուրդն է՝ ասում է. «ժողովուրդն է առաջնահերթ կարծիքի հայտնողը: ժողովուրդը ինչպես որոշեց, ես նրանց հետ եմ»։

Ստեփանավանի ավագանու անդամ Ջոն Կիրակոսյանն էլ համոզված է՝ երբ նժարներին են դրվում հանրային շահն ու հանքարդյունաբերությունը, ծանրանում է հանրային շահի նժարը.

«Աշխատատեղերը կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար, բայց երբ նժարին ենք դնում աշխատատեղն ու բնության աղտոտումը, մեր սերունդների առողջությունն ու մեր էկոլոգիապես  մաքուր  տարածքը, օդն ինչ-որ քիմիական տարրերով հարստացնելը, բացասաբար եմ վերաբերվում, աշխատատեղերի նժարը ավելի թեթև է: Մի քիչ ավելի հեռուն պետք է նայենք, որվհետև մենք սերունդներ կկորցնենք շուտով: Մենք մեր աչքի առաջ «Սագամար»-ն ունենք, տարիներ շարունակ մի ծիլ չկա էդ ամեն ինչի վրա, անզեն աչքով էլ երևում է, որ էնտեղ կենսունակություն չկա: Մարդիկ նույնիսկ էնտեղի ջրից վերցրել,մեքենայի հովացման համակարգի վրա են լցրել, լիքը խնդիրներ են առաջացրել»:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյանը բնակիչներին տեղեկացրեց, որ կարող են իրենց «Դեմ» դիրքորոշումը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ ներկայացնել նախարարություն:

ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արմինե Վարդանյան«Իրենց  «դեմ»-ը և «կողմ»-ը կասեն։ Կներկայացնեն հիմնավոր պատճառները, թե ինչու պիտի այս այս ուսումնասիրությունը չիրականացվի։ Փորձաքննության ընթացքում դրանք հաշվի են առնվում»:

Հանքի բացմանը դեմ բնակիչները տեղում կազմեցին բացասական կարծիք՝ նախարարություն

ներկայացնելու համար։ Առաջիկայում նաև ստորագրահավաք կնախաձեռնեն:

Ցուցադրել ավելի
Back to top button