ԿարևորՀասարակություն

Ի՞նչ են հուշում ԱՄՆ զեկույցները ԱՄՆ քաղաքականության մասին

ԱՄՆ «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտության տվյալներով՝ կա ղարաբաղյան կոնֆլիկտի լարվածության սրման միջին հավանականություն։  Փորձագետների դիտարկմամբ՝ նման զեկույցները տարբեր պատվիրատուներ են ունենում․ պետական հիմնարկներից մինչև գիտահետազոտական կենտրոններ, Պենտագոնից մինչև Կենտրոնական հետախուզական գործակալություն։  Ռիսկերի գնահատումն ընդունված պրակտիկա է Միացյալ Նահանգներում․ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը և հավելում՝ այդ զեկույցները հայտնվում են պաշտոնյաների սեղաններին և հուշում Նահանգների իշխանություններին՝ որ  ուղղությամբ շարժվել՝ տարածաշրջանում Ռուսաստանի և  Իրանի դիրքերն ու ազդեցությունը թուլացնելու համար։

 «Հայտնի RAND կորպորացիայի 2019-թ զեկույցում հստակ ասվում էր, թե Միացյալ Նահանգները  որ ուղղություններով պետք է մարտահրավերներ նետի Ռուսաստանին, որ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Եվրոպայում կարողանա հակակշռել ռուսական ազդեցության տարածմանը։ Հստակ գրված էին այն ուղղությունները,  որոնք կարող էին կիրառվել Ռուսաստանի դեմ մարտահրավեր նետելու տեսանկյունից։  Դա և՛ Հարավային Կովկասն էր, և՛ Ուկրաինան, և՛ Միջին Ասիան ու Մերձավոր Արևելքը։ Այսինքն, ըստ էության, այդ կանխատեսումները կամ խորհրդատվությունը տեղ էին հասնում»։    

Զեկույցը հակամարտությունները բաժանում է ազդեցության 3 շերտի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամբ ազդեցությունը որոշվում է հարցումների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյա, արտաքին հարաբերությունների փորձագետ և վերլուծաբան պատասխանում են կենտրոնի հարցումներին։ Դրանց արդյունքում էլ հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում: Ըստ զեկույցի՝ կա միջին հավանականություն, որ հակամարտությունը կարող է սրվել։  Հայ քաղաքական վերլուծաբաններից Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրման ռիսկայնությունը ցածր է, թեև միջադեպերի պակաս այս տարի էլ չի լինի։

«Կոնֆլիկտի մասշտաբային վերսկսումը ցածր հավանականություն ունի։ Բայց եթե դիտարկենք միջադեպերի աստիճանով, ապա 2022-ին էլ տարբեր միջադեպերի ականատես կլինենք։ Անկասկած է, որ Արցախում կոնֆլիկտի մասշտաբային վերսկսումը նշանակելու է Ռուսաստանի հանդեպ անմիջական գործողություններ, որովհետև այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներն, և այդ տեղակայման ամբողջ իմաստն այն է, որ մասշտաբային վերսկսում թույլ չտրվի»։

Հետազոտության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նկատում է․  

Սուրեն Սարգսյանը

«Պատերազմից հետո մեր տարածաշրջանում թուրքական ազդեցությունը և գործոնը ավելի են մեծացել, ԱՄՆ-ն ռազմավարական տեսանկյունից մեր տարածաշրջանը չի համարել իր ռազմավարական շահերի սպասարկման վայր։ Բնականաբար, շահեր ունի, բայց դրանք երբևէ ռազմավարական բնույթի չեն եղել ։ Դրա համար էլ այս տարածաշրջանի նկատմամբ  ռազմավարություն, որպես այդպիսին, գրված չի եղել, օրինակ, այնպիսին, ինչպիսին գրվել է Կենտրոնական Ասիայի վերաբերյալ»։

Զեկույցի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ նվազագույնը վերջին տասնամյակում ԱՄՆ-ի  քաղաքականության դինամիկայի որոշակի նվազում  կար կովկասյան տարածաշրջանում։ Այդպիսով, Ռուսաստանին  թույլ տրվեց, որ իր ձեռքը վերցնի կարգավորման նախաձեռնողականությունը․

«Սա, իհարկե, վկայում էր այն մասին, որ Նահանգների համար, ռազմավարական իմաստով, կոնֆլիկտը գերակայություն չի դիտվում։ Սրա բացատրությունն այն է, որ ԱՄՆ-ն շատ լայն մաշտաբի խաղացող է և առաջնահերթ մի շարք այլ ռեգիոններ ունեն, իսկ Կովկասի հարցում գերադասեցին առաջնորդվել հեռակառավարման տրամաբանությամբ՝ նպաստելով Ռուսաստան-Թուրքիա միմյանց հակակշռող երկու գործոնների միջոցով փոխզսպման մեխանիզմինը»։

Զեկույցում բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից նշվում է ռուս-ուկրաինական սահմանային լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Սուրեն Սարգսյանը նկատում է՝ Միացյալ Նահանգների համար սկզբունքային նշանակություն ունի եվրոպական անվտանգությունը, և Ուկրաինայի շուրջ հնարավոր էսկալացիան դիտարկվում է հենց եվրոպական անվտանգության կոնտեքստում․

Հակոբ Բադալյանը

«ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված խնդիրը լուծելու հարցում։ Վերջին օրերին բարձր մակարդակի դիվանագիտական շփումները շարունակվում են։ Եթե օրեր առաջ հանդիպում էին պետքարտուղարի տեղակալն ու ՌԴ արտգործնախարարի տեղակալը, ապա այսօր հանդիպելու են արդեն նախարար Լավրովն ու պետքարտուղար Բլինքենը։ Չեմ բացառում նաև նախագահների մակարդակով քննարկումներ։ Կողմերը փորձում են կիրառել դիվանագիտական բոլոր շանսերը՝ հաշվի առնելով միմյանց կարմիր գծերը, բայց իրավիճակը պայթյունավտանգ է»։

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ զեկույցում նշված ռուս-ուկրաինական հակամարտության լարվածությունը արդեն ակնհայտ է։ Կողմերի հռետորաբանությունը հասել է այն մակադակին, որ ԱՄՆ  բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են՝ ցանկացած պահի կարելի է Ռուսաստանից հարձակման սպասել։ Վերլուծաբանը նշում է, որ այդ հռետորաբանությունը կարող է նաև տակտիկական նշանակություն ունենալ։ Այդուհանդերձ, իրավիճակը հասել է մի կետի, որը մոտալուտ հանգուցալուծում է ենթադրում։

 «Ես շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես Ռուսաստանը Ուկրաինայի դեմ մասշտաբային ռազմական գործողությունների սկսելու որոշում կկայացնի։ Չենք կարող բացառել, որ Ռուսաստանը դիվանագիական հաջողության հասնելու համար փորձելով օգտագործել ռազմական տարրը, հայտնվեց իր իսկ հնարքի ծուղակում, այն իմաստով, որ Միացյալ նահանգները գերադասեցին ավելի սրել իրավիճակը և Ռուսաստանի համար ստեղծել իրադրություն, երբ կա՛մ մնում է որևէ ռազմական գործողություն, կա՛մ դիվանագիտական նահանջ»։

Վերլուծաբանը նկատում է՝ ռուս-ամերիկյան հակամարտության լարումից փորձում է օգտվել նաև  Թուրքիան։  Վերջինս առաջարկում է իր միջնորդությունը՝ օգտակարություն ցուցաբերելով՝ թե Ռուսաստանին, թե Միացյալ նահանգներին։ Հակամարտությունը, այս առումով Թուրիքայի համար միշտ «դիվանագիտական խոպան» եղել է՝ ասում է Բադալյանը։ Առայժմ թուրքական ջանքերը պահանջարկ չունեն Ռուսաստանում և ԱՄՆ-ում, սակայն փորձագետը չի բացառում, որ իրավիճակի լարվածության թոթափման համար Ռուսաստանը որպես նահանջի տարբերակ կընտրի հենց Թուրքիան, քանի որ վերջինս ի տարբերություն ԱՄՆ-ի Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու առումով բարդույթներ չունի։ 

Ցուցադրել ավելի
Back to top button