ԿարևորՀասարակություն

30 գերու վերաբերյալ հայկական կողմի փաստերը Ադրբեջանը չի հաստատում

Քննչական կոմիտեի տվյալներով` 44-օրյա պատերազմց հետո մինչ օրս անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են՝ 2020թ սեպտեմբերից ի վեր Հայաստանը շուրջ 300 անձի վերաբերյալ հայց է ներկայացրել ՄԻԵԴ, սակայն այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված է 46 քաղաքացիական անձի՝ Ադրբեջանում գտնվելու փաստը։ Եվս 30 անձի՝ Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ հայկական կողմը փաստեր ունի, սակայն այդ երկիրը  հրաժարվում է հաստատել  այդ տեղեկությունը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը շուրջ 300 անձի վերաբերյալ հայց է ներկայացրել ՄԻԵԴ։ Նրանց մի մասը գերեվարվածներ են, մյուսները՝ անհետ կորածներ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ասում է՝ այդ դիմումները ներկայացվել են ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության, այնպես էլ անհատ կորած անձանց, այսինքն՝ գերիների հարազատների կողմից։

«Մենք շուրջ 30 անձի վերաբերյալ խնդրահարույց դեպքեր ունենք։ Հստակ տեսահոլովակների, լուսանկարների միջոցով արձանագրված է անձանց գերեվարված լինելու փաստը, բայց, ցավոք, այդ անձանց վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք, Ադրբեջանից չենք ստացել»,– ասում է Լիպարիտ Դրմեյանը։

Այս պահին Ադրբեջանը հաստատել է 46 քաղաքացիական անձի և զինծառայողի՝ Ադրբեջանում գտնվելու փաստը։ Ոչ պաշտոնական տվյալներով, սակայն, գերվարվածների իրական թիվն ավելի մեծ է։ Լիպարիտ Դրմեյանն ասում է՝ պարբերաբար դիմում են միջազգային ատյաններ՝ Ադրբեջանից պահանջելով մանրամասն տեղեկատվություն գերեվարված անձանց մասին։

«Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանը տրամադրել է տեղեկատվություն, փաստաթղթեր, բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում տեղեկատվությունը շատ սահմանափակ է․ Ադրբեջանը ընդամենը հաստատում է այս կամ այն անձի իր մոտ գտնվելը և որ նրա ֆիզիկական վիճակին որևէ բան չի սպառնում։ Դեկտեմբերի ընթացքում գերիների որոշակի վերադարձ եղավ, և արդեն հետին ամսաթվով Ադրբեջանը հաստատեց, որ այդ մարդիկ ինչ-որ պահի գտնվել են ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ»,– ասում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջանկյալ միջոցներ կիրառելու, այսինքն՝ տվյալ պահին նրանց ամենակենսական, ամենահիմնարար իրավունքները պաշտպանելուն ուղղված դիմումերի ճնշող մեծամասնությունը ՄԻԵԴ-ը բավարարել է՝ ասում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարը։ Փոխարենը չի բավարարվել Ադրբեջանի կողմից ներկայացված նմանօրինակ և ոչ մի հայց։

«Սա չի նշանակում, որ դրանով գործը ավարտվում է, բոլոր անձանց իրավունքների, նույնիսկ վերադարձված անձանց իրավունքների խախտման փաստերը ներկայացվելու են Եվրոպական դատարան և արվելու է ամեն ինչ, որ իրավունքի խախտումը արձանագրվի և տրամադրվի փոխհատուցում այդ անձանց իրավունքները խախտելու համար»։

Վերջին անգամ Ադրբեջանը Հայաստանին գերիներ է վերադարձրել դեկտեմբերի 29-ին։ Հայրենիք վերադարձած 5 հայ զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։ Ավելի վաղ դեկտեմբերի 19-ին Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 10 զինծառայողների։ Նրանք ևս գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 140 հայ գերու։

Միջազգային տարբեր ատյաններում այս պահին մի քանի դատական գործընթաց է ընթանում 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված, անհետ կորած անձանց հարցերով։ Նախորդ տարի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։

Դեկտեմբերին Հաագայի դատարանը մերժել էր Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու` հայկական կողմի պահանջը, բայց արձանագրել էր, որ գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց` ազգությամբ հայ լինելով։ Դրանից ելնելով էլ դատարանը պարտավորեցրելէր Ադրբեջանին ապահովել, որ գերեվարվածները չենթարկվեն մարդկային արժանապատվությունը նվաստացվող վերաբերմունքի։ Հաագայի դատարանն արձանագրել էր նաև` պետք է զերծ մնալ էթնիկ հիմքով ատելության խոսքի տարածումից ու հրահրումից։

«Ամենակարևորը, որ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց միջոցներ ձեռնարկել, որ ամենաբարձր մակարդակով կանխվի ատելության խոսքը։ Հաագայի դատարանում այս պահին երկու գործ կա քննվող․ մեկը՝ ընդդեմ Ադրբեջանի, մյուսը՝ հայելային հայց է․ Ադրբեջանի կողմից ներկայացված հայց ընդդեմ Հայաստանի։ Այս պահին ՄԻԵԴ–ում քննվող գործերը գտնվում են ընթացքի մեջ, այսինքն կողմերը արդեն երկու գործերով էլ պետք է ներկայացնեն հիմնական պահանջները։ Առաջիկա տարում մենք աշխատելու ենք հենց այս ուղղությամբ»։

Քննության փուլում է նաև  Հայաստանի գանգատն ընդդեմ Թուրքիայի, քանի որ կան փաստեր, որ թուրքական զինված ուժերը նույնպես մասնակցել են ռազմական գործողությունների՝ ասում է Լիպարիտ Դրմեյանը, սակայն այս հայցով դեռ մանրամասներ հայտնի չեն, այս պահին քննարկվում է ,  թե դատավորների որ կազմը  քննության կառնի գանգատը։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը շեշտում է՝ցավոք, ոչ բոլոր դեպքերում է Ադրբեջանը պատշաճ կերպով արձագանքում միջազգային դատարանի որոշումներին։ Հենց դա է պատճառը, որ Եվրոպական դատարանը 2021–ի մարտին ծանուցում է ուղարկել նախարարների կոմիտե, որը Եվրոպական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է։         

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի այս վարքագիծը արժանանալու է դատարանի գնահատականին արդեն վերջնական վճռով, որտեղ կարձանագրվի կոնկրետ խախտում իր որոշումները չկատարելու հարցում»,– ասում է Լիպարիտ Դրմեյանը։

44-օրյա պատերազմից հետո այս պահին քննչական կոմիտեի տվյալներով դեռ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Զոհերի ընդհանուր թիվը 3809 է։

Ցուցադրել ավելի
Back to top button