ԿարևորՀասարակություն

Որքա՞ն կվճարի քաղաքացին պարտադիր ապահովագրության համար եւ ի՞նչ փաթեթի դիմաց

Հայաստանում առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը քննարկումների փուլում է։ Նախատեսվում է այն ներդնել 2023-ին, սակայն ընթացակարգերի բերումով հնարավոր է 2024-ին կյանքի կոչվի։ Որպեսզի գումարի սղության պատճառով մարդիկ չհետաձգեն բժշկի գնալը եւ կյանքի որակը բարձրացնեն` պետությունը նախատեսում է  ստեղծել ապահովագրական մեկ ընդհանուր համակարգ, իսկ ապահովագրավճարները կարող են լինել աշխատավարձի մոտ 3 տոկոսի չափով, նույնքան էլ պետք է վճարի գործատուն։ Պետությունը եւս ներդրում կունենա․ ոլորտի պատասխանատուները խոստանում են, որ դա կլինի ամենամեծ մասնաբաժինը։

Մարդիկ ՀՀ-ում աղքատանում են հենց առողջապահական ծախսերի պատճառով․ առողջապահության նախարարության դիտարկումն է։  Ըստ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի` բնակչության մի մասին հենց առողջապահական ծախսերն են միջին եկամտային խմբից տեղափոխում ցածր եկամտային խումբ՝ երբեմն պարտքերի, վարկերի առաջ կանգնեցնելով։ Նանուշյանը շեշտում է՝ որքան էլ որոշ ծառայություններ պոլիկլինիկաներում կամ հատուկ ծրագրերով անվճար են, հիմնական դեղորայքն ու բուժումը, լրացուցիչ ախտորոշումները քաղաքացու գրպանին այնքան են ծանրանում, որ երբեմն նա ուղղակի  հրաժարվում է բուժումից։ Ելքը ապահովագրությունն է բոլորի համար, փաստաթուղթն արդեն սեղանին է՝ ասում է փոխնախարարը։

«Հայեցակարգում մատնանշված են խնդիրների լուծման ուղիները։ Փաթեթում այն հիմնական ծառայությունների ցանկն է, որոնք մարդկանց համար հասանելի կլինեն, և մարդը ստիպված չի լինի վճարել հենց հիվանդություն ունենալու պահին։ Կամ պետությունը կֆինանսավորի այդ ծառայությունների դիմաց հասանելիության համար,  կամ, եթե մարդիկ աշխատող են, իրենց ամսական կանխավճարներով կապահովագրեն իրենց առողջությունը»։

Ապահովագրավճարի համար որքան գումար կպահվի աշխատավարձից, դրա ո՞ր մասը կմնա գործատուի վրա՝ դեռ վերջնական չէ: Հայեցակարգը մշակող մասնագետներն առայժմ խոսում են աշխատավարձի մոտ 3 տոկոսի մասին։ Փոխնախարար Լենա Նանուշյան. «Հայեցակարգը քննարկվում է, այս պահին, ըստ հաշվարկի, և գործատուն պետք է վճարի, և աշխատողը՝ մոտ  3 տոկոս։ Նույնքան գումար կգանձվի և գործատուից, և աշխատողից։  Եթե ավելի ընդլայնենք փաթեթը, բնականաբար, ավելի շատ գումար կգանձվի, շատ սահմանափակ ծառայություններ ընդգրկելու դեպքում գումարը կնվազի։  Փաթեթի այս տարբերակում պետության մասնակցությունն ավելի մեծ է, քան բնակչինը։

ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանն ապահովագրությանն այլընտրանք չի տեսնում։ Որպես հնարավոր ռիսկ մատնանշում է, որ ապահովագրություն ունենալու դեպքում մարդիկ հիվանդանոցները կգերադասեն պոլիկլինիկաներից, ու այդ հոսքը կարող է ծանրաբեռնել բուժկենտրոնները, խնդրի առաջ կանգնեցնել պոլիկլինիկաներին։ Վերջինները բարեփոխել է պետք՝ ասում է․  

«Առաջնահերթ  համապարփակ մոտեցում է պետք։ Միայն գումարներ հավաքագրելը խնդիրը չի լուծելու։ Պետք են լուրջ բարեփոխումներ` սկսած նրանից, որ ընտանեկան բժիշկը պետք է լինի համակարգում կենտրոնական դերակատարը ` «դարպասապահի» դերում, ով պետք է կարգավորի դիմելիության հոսքը»։

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգում պետք է ներառվեն բոլորը, անգամ նրանք, ովքեր արդեն ապահովագրված են այլ մասնավոր կազմակերպություններում։ Հայեցակարգը մշակողները խոստանում են՝ սա ամենալավ փաթեթն է լինելու եւ արժեքի, եւ ծառայությունների առումով։ Փորձագետ, առողջապահական ապահովագրության հայեցակարգը մշակող խմբի անդամ Սամվել Խարազյանը կարևորում է ապահովագրված անձանց նույնականացումը համակարգում։ Բարդ է, բայց պետք է՝ ասում է։

«Երբ խոսում ենք ամբողջ բնակչության ընդգրկման մասին, մենք պետք է ունենանք առավել ճշգրիտ տվյալներ։ Գուցե համակարգի ներդրումը զուգակցվի ֆիզիկական անձանց եկամտի պարտադիր հայտարարագրման  համակարգի ներդրման հետ, ինչը հնարավորություն կտա ավելի ճիշտ գնահատել եկամտից որոշակի ապահովագրավճարի չափը որոշելը։ Մեզ անհրաժեշտ են որոշակի քայլեր, որոնք մենք ամրագրել ենք և հայեցակարգի ընդունումից և օրենքի մշակումից հետո, բնականաբար, այդ բոլոր միջոցառումները փուլ առ փուլ կիրականցվեն»։

Բարձր գնաճի, աշխատավարձերի քիչ բարձրացման պայմաններում որքանով են գործատուն և աշխատողը պատրաստ լրացուցիչ վճարումների՝ թեկուզ առողջության համար․ փորձագետ Սամվել Խարազյանն ասում է՝ նպատակն էլ հենց մարդկանց ֆինանսական ռիսկերից ապահովագրելն է։ Երբ պահը գալիս է՝ մարդիկ այսպես թե այնպես վճարում են ու ավելի շատ՝ ասում է։

«Ապահովագրության համակարգը ենթադրում է եկամտի որոշակի չափով կանխավճարի կատարում, և ծառայություն ստանալու անհրաժեշտության դեպքում անձը կվճարի արդեն կուտակված ապահովագրական վճարից։ Սա կնպաստի նաև հիվանդացության ցուցանիշերի բարելավմանը, կյանքի որակի, մարդկանց արտադրողականության բարձրացմանը»։

Մշակված ապահովագրական փաթեթում ընդգրկված են են գրեթե բոլոր բժշկական ծառայությունները, անգամ՝ թանկարժեք, սակայն կան որոշ բացառություններ․ փոխնախարար Լենա Նանուշյան։

«Քննարկվող փաթեթը ներառում է ստոմատոլոգիական որոշ ծառայություններ, սակայն ոչ թանկարժեք միջամտություններ, որոնց թվին է պատկանում, օրինակ, իմպլանտների տեղադրումը, նաև բազմաթիվ վիրահատական ծառայություններ՝ բացառությամբ նորագույն տեխնոլոգիաների կիրառում պահանջողներից, որոնցից շատերը Հայաստանում հասանելի էլ չեն: Փոխպատվաստման ծառայություններ ցանկում եւսներառված են, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների թերապեւտիկ եւ վիրահատական բուժում: Քրոնիկ հիվանդությունների բուժման մեջ կիրառվող որոշ դեղեր եւս կտրամադրվեն ապահովագրությամբ»:

Ուռուցքային հիվանդությունների բուժման ծախսն արդեն պետությունը ստանձնել է՝ բայց առանց քիմիոթերապիայի։ Սա արդեն կլինի ապահովագրության փաթեթում։ Քրոնիկ հիվանդությունների դեմ դեղերը, որոնք պոլիկլինիկան պետպատվերով չէր տալիս, կտրվեն ապահովագրությամբ։

Բժշկական ապահովագրությունը բեռ չէ, հակառակը՝ առողջ աշխատող ունենալը հենց գործատուի շահից է բխում։ Սա վաղը առողջ լինելու այսօրվա ներդրումն է՝ ասում են  փորձագետներն ու որպես հեռավար նպատակ շեշտում՝ կնվազի հիվանդացությունը, կբարձրանա կյանքի որակը, ինչն ուղիղ իմաստով նշանակում է հավելյալ տնտեսական արժեքի ստեղծում։

Back to top button