Դպրություն

Եզդի աղջիկներից ու տղաներից շատերը չեն ավարտում դպրոցը․ «Դպրություն»

Այսօր Հայաստանի եզդիական համայնքում կան մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում համայնքում ձևավորված կարծրատիպերին, ավելի լավ նախապայմաններ ստեղծելով հետագա սերունդների համար։

«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամ, ուսուցչուհի Զեմֆիրա Քալաշյան․ Հայաստանի եզդիական համայնքում կրթական խնդիրներն առկա են ոչ միայն աղջիկների համար։ Համայնքում խախտվում է նաև տղաների կրթության իրավունքը։ Երեխաների կրթության իրավունքը խախտում են նախ և առաջ ծնողները՝ առաջնայնություն տալով կարծրատիպերին և հոգեբանորեն ազդելով երեխաների ընտրության, ազատ կամարտահայտման վրա։

Մենք ունենք լեզվի պահպանության խնդիր։ Եվ պետք է նշել, որ Հայաստանի հանրապետությունը միակ երկիրն է, որտեղ եզդիական մեծ համայնք կա և եզդիերեն լեզվի դասավանդման հնարավորություն։ Սակայն խնդիրն այն է, որ դասավանդում են մարդիկ, ովքեր չունեն ոչ միայն մանկավարժական, նաև բարձրագույն կրթություն։ Եվ դասարան մտնում է մարդ, ով բացարձակապես չգիտի, թե ինչպես պետք է աշխատել աշակերտի հետ։ Արդյունքում երեխաները պարզապես դադարում են հաճախել եզդիերենի դասերին։

Արարատի մարզի Ղուկասավան գյուղի դպրոցի եզդիերենի ուսուցչուհի Լենա Միրզոյան․ Ես ամենաերիտասարդ ուսուցչուհին եմ, աշխատանքային շատ երկար փորձ չունեմ, մոտ մեկ ամիս է, որ դասավանդում եմ։ Սակայն և՛ հիմա, և՛ երբ աշակերտ էի, առկա էին հիմնական մի քանի խնդիրներ եզդիերենի դասավանդմանն առնչվող։ Հիմնական խնդիրը այն է, որ դասերն անցկացվում են ընդամենը խմբակի շրջանակներում, երեխաները 6–7 ժամ դասերից հետո հոգնած են լինում ու ոչ միշտ են հաճախում դասերին։ Ունենք դասագրքերի խնդիր՝ դրանք հին են, անհետաքրքիր, չմոտիվացնող։ Ես փորձում եմ իրենց գրավել, հետաքրքրություն շարժել, խաղերի ձևով, տարբեր հետաքրքրաշարժ մեթոդներով դասերն անցկացնել։ Առայժմ որոշ չափով ստացվում է, բայց չգիտեմ, թե որքան ժամանակ կարող եմ այդ մեթոդներով պահել նրանց հետաքրքրությունը իրենց մայրենի լեզվի նկատմամբ, որովհետև մոտ երեք տարի առաջ գյուղում էլի դասեր էին անցկացվում ու մեկ տարի ուսումնասիրելուց հետո երեխաները հոգնել էին ու չէին ուզում այլևս շարունակել։

Հաջորդ խնդիրը՝ աղջիկների հաճախելիության հարցն է։ Խմբակի պարապմունքները հիմնականում դասերից հետո են ու ծնողները թույլ չեն տալիս բարձր դասարանի աղջիկներին մասնակցել այդ պարապմունքներին։ Պատճառները տարբեր են՝ կա առևանգման խնդիր, տարբեր ազգային սովորություններ, տարբեր պատճառներ, հավանաբար ապահով չեն զգում։ Սովորույթի ուժը կարողանում է ազդել երեխաների կրթության վրա։ Ավագ դասարաններից շատ քիչ երեխաներ են հաճախում եզդիերենի խմբակի։ Ցածր դասարաններում ավելի ակտիվ են։ Եթե ծնողները ավելի գիտակից լինեն, գնահատեն կրթության ու գիտության դերը, թերևս իրենց երեխաները չեն դառնա վաղ ամուսնության զոհ

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Թամոյան․ Ես տասներեք տարեկան եմ և բոլորովին չունեմ այն մտավախությունը, որ կարող է գալ մի պահ, որ ծնողներս արգելեն ինձ մասնակցելու եզդիերենի դասաժամերին, առավել ևս՝ դպրոց հաճախել։ Սակայն ես ևս պետք է արդարացնեմ նրանց հույսերը՝ լավ սովորեմ։ Ես կողմնորոշվել եմ իմ մասնագիտության հարցում՝ ուզում եմ դառնալ բժշկուհի։ Իմ ընկերներին էլ խորհուրդ կտամ լավ սովորել, չսովորելով մարդը ոչնչի չի հասնի և շատ հնարավոր է, որ այս դեպքում վաղ ամուսնության հարցը իրենց էլ սպառնա։

Back to top button