ԿարևորՀասարակություն

Բաքվի հարցով Հումբոլդտ-համալսարանի դեմ դատական հայց են ներկայացրել հենց նույն բուհից

Ի՞նչ  «դիակներ» կան Հումբոլդտ-համալսարանի նկուղներում․ գերմանական հայտնի այս համալսարանին առնչվող սկանդալային պատմությունը մտել է նոր՝ դատական փուլ։ Բուհի դեմ դատական հայց են ներկայացրել հենց նույն բուհի տեղեկատվության ազատությամբ զբաղվող խորհրդից՝ պահանջելով ներկայացնել համալսարանի եւ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ կնքված փաստաթղթերը, որոնցով պայմանավորվածությամբ տարեկան 100-150 հազար եվրո է հոսել այդ ամբիոն։ Նրանք Համբուրգում վարձակալել են փաստաբանական գրասենյակ, որը եւ զբաղվում է խնդրով։ Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ, պատմագետ Ազատ Օրդուխանյանը մանրամասնում է․

«Գերմանական կողմը՝ համալսարանը, որոշակի կազմակերպությունների հետ համագործակցելով, Համբուրգում փաստաբանական լուրջ գրասենյակ է վարձել և գործ հարուցել համալսարանի դեմ, որովհետև այն հրաժարվում է տալ բոլոր փաստաթղթերը, որոնք կնքվել են Հումբոլդտ-համալսարանի և Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան միջև»։

Հումբոլդտ-համալսարանին առնչվող աղմկահարույց պատմությունը սկիզբ առավ, երբ հենց բուհի պրոֆեսորական կազմից ահազանգ հնչեց՝ Բաքվից հոսած խոշոր փողերի դիմաց գերմանական ամենահայտնի համալսարաններից մեկի՝ Հումբոլդտ-համալսարանի ամբիոնը Հարավային Կովկասին առնչվող լուրջ հետազոտությունների փոխարեն զբաղվում է Բաքվի լոբբիով։ Ահազանգերը տեղ հասան․ «Բաքուն այլեւս չի լինի Բեռլինում»՝ գրեց գերմանական մամուլը։ «Ադրբեջանի պատմություն» ամբիոնի ղեկավարը՝ Եվա-Մարիա Աուխը, դադարեց աշխատել համալսարանում։ Ձեւակերպումներ եղան, որ լոբբին հեռանում է։ Պատմությունը գումարի դիմաց խմբագրելու ջանքերը դատապարտված են՝ Ազատ Օրդուխանյանի դիտարկումն է։ «Ռադիոլուրի» զրուցակիցը, հետևելով իրադարձությունների շղթային, ընդգծում է․

«Այդ խայտառակ պրոֆեսոր-կինը, որը սերտորեն կապված էր Բաքվի հետ, հրատարակել է որոշակի քանակությամբ գրքեր, հոդվածներ, նաև  նախագծեր են իրականացրել, որոնք  գերմանացիները ցանկանում են ուսումնասիրել։ Նրանք տիկնոջ հեռացմամբ չեն բավարարվել»։

Համալսարանը հրաժարվել է հրապարակել ադրբեջանական կողմի հետ պայմանագիրը՝ պատճառաբանելով, թե Բեռլինում Ադրբեջանի դեսպանը պահանջում է այդ ակտերը չհրապարակել՝ դրանք համարելով «դիվանագիտական փաստաթղթեր»։ Մինչդեռ փաստաբանական գրասենյակն արձագանքել է՝ պայմանագիրը չի կարող դիվանագիտական փաստաթուղթ համարվել, քանի որ այն վերաբերում է գիտական և կրթական թեմաների, ոչ թե դիվանագիտական հարաբերություններին։ Սրան հետևել է համալսարանի դեմ վարչական դատարան հայցի ներկայացումը։  Ազատ Օրդուխանյան․

«Բնական է, որ Ադրբեջանի դեսպանը վախենում է այդ փաստաթղթերը տրամադրել փաստաբաններին կամ հետաքրքրվող, գերմանական շահագրգիռ կողմին։ Դրա համար փորձում է, դիվանագիտական տերմինները շահագործելով, խուսափել փաստաթղթերի տրամադրումից։ Գերմանացիները վճռական են տրամադրված և փաստաբանական գրասենյակի միջոցով են գործերն առաջ տանում»։


Ադրբեջանի պատմության ամբիոնն ավելի քան 10 տարի գործել է Հումբոլդտ համալսարանում՝ տարեկան100-150 հազար եվրոյի հոսք ունենալով։ Անցած տարվա սկանդալային զարգացումներից՝ դիվանագիտական, քաղաքագիտական ու մամուլի դաշտում աղմուկից հետո Բաքվի պատմությունը նկարելով զբաղված՝ պրոֆեսորի կոչում ունեցող տիկնոջ կարիերան համալսարանում ավարտվեց։ Բայց չավարտվեց աղմկահարույց պատմությունը։ Պատմաբան Ազատ Օրդուխանյան։

«Հումբոլդտի համալսարանը կարծում էր, որ դրանով կվերջանա, չեղավ, գերմանացիները հետևողական են այսպիսի հարցերում։ Ի՞նչ կարելի է սպասել կարծում եմ՝ համալսարանական կողմը կստանա ակտերը, ակտերի հիման վրա նոր գործեր կբացեն։ Եվ կարծում եմ, որ որոշակի թվով մարդիկ նորից կենթարկվեն պատասխանատվության։ Հոդվածներից մեկում նույնիսկ գրված էր՝ հարցով զբաղվող կողմում շահագրգռված են՝ տեսնելու Հումբոլդտ-համալսարանի նկուղներում պահվող ուրիշ ինչ դիակներ կան։ Այս գործն այդպիսի սուր տերմիններով են բնութագրում գերմանացի լրագրողները։ Կարծում եմ՝ շատ նոր էջեր կբացվեն այստեղից»։

Ադրբեջանական լոբբին փորձեց կաշառքի միջոցով հաջողել Գերմանիայում, սակայն հաջողությունը ժամանակավոր էր․ դեմոկրատական Գերմանիայում Ադրբեջանը շարունակում է կոռուպցիայի խորհրդանիշ ու հոմանիշ լինել․ սա տասնամյակներով Գերմանիայում գիտական գործունեությամբ զբաղվող պատմագետ Ազատ Օրդուխանյանի հստակ համոզմունքն է։ Սրա հստակ արտացոլումն է գերմանացիների այս հետեւողական մոտեցումը՝ պարզելու, թե իրականում   ինչով են զբաղվել գերմանական ակադեմիական շրջանակներում՝ փորձելով գումարի դիմաց Բաքվի պատվերով պատմություն նկարել։

Back to top button