ԿարևորՀասարակություն

Սյունիքի լավագույն դպրոցներում խնդիրները հին են ու կրկնվող

Սյունիքի մարզպետարանն ամփոփել է «Տարվա լավագույն» դպրոց մրցույթի արդյունքները։  2020-2021 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնների եռյակում Վերիշենի, Ագարակի և Գորայքի դպրոցներն են։  Բայց նույնիսկ լավագույնները խնդիրներ ունեն։

Արդեն երկու տարի՝ Սյունիքի  մարզպետարանը կազմակերպում է մրցույթ՝ «Լավագույն դպրոց» խորագրով։ Ամփոփվել են 2020-2021 ուսումնական տարվա  արդյունքներն, ու մրցանակի արժանացել են Վերիշենի, Ագարակի և Գորայքի դպրոցները։ Կրթօջախներն ընտրվել են ըստ կոնկրետ չափորոշիչների ու գրանցած արդյունքների։ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյան․

«Շրջանավարտների թիվը, մեդալակիրների թիվը՝ ըստ տոկոսային հարաբերակցության, շրջանավարտների թիվը 9-րդ դասարանում, կարմիր վկայականների թիվը՝ արտահայտված տոկոսայնությամբ, ուսուցիչների թիվը՝ տարակարգ ստացածների ու կամավոր ատեստավորվածների տոկոսային հարաբերակցությամբ,  մարզային օլիմպիադիաների դիպլոմակիրների թիվը, հանրապետկան օլիմպիադիաների մեդալակիրների թիվը։ Այս չափորոշիչների հիման վրա է ամփոփվում մրցույթը»։

Սյունիքի մարզպետարանում մշակված հարցաշարը լրացնում են դպրոցները, ու ըստ արձանագրված պատասխանների էլ հանձնաժողովը ամփոփում է տվյալները։ Անհրաժեշտության դեպքում լինում են ստուգայցեր։ Մերի Գանդալյանը հավաստիացնում է, որ գործընթացի թափանցիկությունն ապահովված է․

«Ընդհանուր միավորները բոլորին հասանելի են, բոլորի միավորները չափելի են, բոլոր դպրոցները տեսնում են միմյանց միավորները, բոլոր հասկանում են մեր պահանջը»։

Ագարակի դպրոցը՝ 37, 6 միավորով, երկրորդ տեղում է։ Անցած ուսումնական տարում 682 աշակերտ է սովորել դպրոցում․ 12-րդ դասարանի  39 շրջանավարտից երկուսը եղել են մեդալակիր, 113 աշակերտ գովասանագիր է ստացել։ Մարզային օլիմպիադաներում՝ 28,    հանրապետականում՝ 4 աշակերտ մրցանակ են ստացել։ Կամավոր ատեսատավորվել է դպրոցի միայն մեկ ուսուցիչ։ Ի՞նչ կփոխվի դպրոցում՝ լավագույնը ճանաչվելուց հետո։ Ագարակի դպրոցի տնօրեն Անժելա Աղայան․

«Էլ ավելի ուժ է տալիս, այսինքն, տեղում չենք դոփում»։

Լավագույնի մրցանակը ֆինանսական աջակցություն չի ենթադրում։ Գորայքի դպրոցի տնօրեն  Մարտուն Թադևոսյանի խոսքով՝ իրենց ավելի պարտավորված են զգում, հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է։

«Իհարկե, մենք աշխատել ու աշխատում ենք նույն ձևով։ Այնպես չէ, որ նախկինում այդ դիրքերում չենք եղել, պարզապես նախկինում նման ամփոփում, հաշվառում չի եղել»։

Մարզպետարանի կրթության վարչության պետն ասում է՝ ոչ մի պետական աջակցություն լավագույն դպրոցների չի տրվում։ «Լավագույնը» լինելը կարևորվում է, երբ կրթական տարբեր ծրագրեր են իրկանացվում։ Մերի Գանդալյանին լսենք․

«Պետական աջակցություն չկա, բայց երբ  դիմում են մեզ՝ վարչապետի, նախագահի կամ նախարարի կողմից պարգևատրվելու նպատակով անուններ ներկայացնելու համար, մենք ներկայացնում ենք մարզի լավագույն դպրոցների կադրերին։ Օրինակ, Գլենդելի  հայ համայնքը մարզի կրթության ոլորտին ՏՏ համակարգի սարքավորումներ, համակարգիչներ է նվիրաբերել, դրանք բաշխվել են լավագույնը ճանաչված դպրոցների միջև»։

Լավագույնը ճանաչվելով հանդերձ՝ Վերիշենի, Գորայքի ու Ագարակի դպրոցները խնդիրներ էլ ունեն։ 46,9 միավորով եռյակը գլխավորող Վերիշենի դպրոցում այսօր 335 աշակերտ է սովորում։ Տնօրեն Արամ Բաբայան․

«Դպրոցը շահագործման է հանձնվել 1976 թվականին ու մինչև օրս չի նորոգվել ոչ մի ծրագրով»։

Ագարակի դպրոցի տնօրեն Անժելա Աղայանն էլ մարզադահլիճի նորոգման խնդիրն է կարևորում։ Դահլիճն ընդամենը մեկն է, ու հատկապես  ձմռանը հաճախ է պատահում, որ այնտեղ ֆիզկուլտուրայի դասեր են անցկացնում միանգամից մի քանի դասարանների աշակերտներ։  

«Տաք եղանակին մարզադաշտն էլ է օգտագործվում։ Ունենք կիսակառույց դահլիճ, առաջարկել էի նորոգել, որպեսզի տարրական դպրոցն այդտեղ ֆիզկուլտուրայի դասաժամերը պարապի։ Քաղաքաշինության վարչությունը, սակայն, եզրակացրել էր, որ այդ կիսակառույցը հիմնովին քանդվի ու նորը կառուցվի։ Մարզպետարանից ինձ տեղեկացրել են, որ միջոցների դեպքում դպրոցը չի անտեսվի»։

Գորայքի դպրոցում 64 աշակերտ է սովորում, 6 երեխա էլ դպրոցին կից նախակրթարան է հաճախում։ Ուսուցիչները 24-ն են, դպրոցում հաճախ են զգում, որ սա բավարար թիվ չէ։   Մարտուն Թադևոսյան․

«Այսօրվա գյուղական դպրոցներում այնպես չէ, որ բոլոր մասնագետները կան։ Ստիպված ենք շրջկենտրոնից գտնել, հրավիրել, 35-40 կմ մեր ուսուցիչը երթևեկում է։ Պատկերացրեք՝ ձմռան այս օրերին, բուք ու սառնամանիքին։ Հանրապետությունում այսօր քիմիկների, բնագետների, ֆիզիկների, մաթեմատիկների կարիք կա։ Ստիպված  մասնագետների հետ երկար բանակցում ենք, համոզում, բերում գյուղական դպրոց, որպեսզի ուսման որակը չընկնի»։

Մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանն ասում է՝ ոչ միայն լավագույնը ճանաչված, այլ մարզի բոլոր՝ 114 դպրոցների խնդիրները արձանագրել են և ներկայացրել կառավարություն։ Լիահույս են, որ դրանք կլուծվեն։  

Ցուցադրել ավելի
Back to top button