ԿարևորՔաղաքական

Սահմանագծման դեպքում ՀՀ որևէ համայնք, կամ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող․ ԱԽ քարտուղար

Սահմանազատման, սահմանագծման գործընթացի դեպքում Հայաստանի Հանրապետության որևէ համայնք, կամ Հայաստանի Հանրապետության տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող,  այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հայելային հետքաշման դեպքում չկա՞ վտանգ, որ այդ բնակավայրերը կդառնան չեզոք գոտի։

«Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դեպքում»,- ասել է Գրիգորյանը:

Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները:

«Այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Նախօրեին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական կողմը անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական կողմին ու վերջինի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

Արարատ Միրզոյանը նշել էր նաև, որ ներկայացված առաջարկները բխում են վարչապետի, Կառավարության բարձրաձայնած՝ զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից: 

«Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»,- այսօր ասել է Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button