ԿարևորՄշակույթ

Պատերազմը ստիպել է կարդալ․ 2021-ին գրքերի աննախադեպ վաճառք է գրանցվել

Հայաստանում պատերազմից հետո մարդիկ սկսել են ավելի շատ կարդալ։ «Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանը նշում է հետպատերազմական Հայաստանում գրախանութներում գրանցված ռեկորդային ցուցանիշերը։

«Զարմանալի բան պետք է ասեմ, բայց 2021-ը ռեկորդային էր գրքերի վաճառքների թվով համեմատած օրինակ 2019-ի կամ դրան նախորդած տարիների։ Սա նշանակում է, որ մեր ազգը ճիշտ ուղղու վրա է, գիրք է գնում ու կարդում, գիտելիքն է արժևորում, ինչն էլ մեզ կարծում եմ ամենաշատն է անհրաժեշտ»,-ասում է Լորիս Վարդանյանը։

Թե ինչպե՞ս են փոխվում հասարակության մշակութային ընկալումները՝ աղետներից, պատերազմներից հետո, կախված է տվյալ ազգի էթնոհոգեբանությունից՝ ասում է պրակտիկ հոգեբան Աննա Բադալյանը։ Նրա դիտարկմամաբ՝ պատերազմից հետո հայ հասարակությունը որքան էլ ընկճված է, միևնույնն է, անցնում է գիտելիքի ու մշակույթի արժևորման փուլով, ինչը, ինչպես Աննա Բադալյանն է նկատում, օրինաչափ է , բայց նաև  նոր սկսված գործընթաց էլ չէ։

«Մի քանի տարի է հետևում եմ գրախանութներում, գրքի տոնին, գրքերի շնորհանդեսներին մարդկանց անցուդարձին, մասնակցությանը։ Պատերազմից հետո որոշակի համակարգերի արժևորման լուրջ պրոցես է սկսել, ինչի մասին էլ հենց նախորդ տարի գրքի հանդեպ այդպիսի ռեկորդային հետաքրքրությունն է փաստում»,-ասում է Աննա Բադալյանը։

Նախորդ տարվա ընթացքում մեծ քանակով սպառվել են հատկապես Վիլյամ Սարոյանի գրքերը, աննախադեպ հետաքրքրություն է առաջացել հայ դասական գրականության հանդեպ՝ ասում է «Անտարես» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։

«Քովիդից հետո, երբ մարդիկ երկար ժամանակ տանն էին, սկսեցին ավելի շատ գիրք կարդալ, իսկ պատերազմից հետո շատ հետաքրքրիր մի փաստ ասեմ, որ աննախադեպ մեծ հետաքրքրություն է առաջացել մարդկանց շրջանում հատկապես պատմական գրքերի հանդեպ»,-ասում է Ռոզա Գրիգորյանը։

Հայ հասարակության շրջանում հայոց պատմության տարբեր շրջափուլերին ավելի մանրամասն ծանոթանալու ցանկություն են նկատել նաև Էդիպ Պրինտ հրատարակչությունում։ Ընթերցողի հետաքրքրությունն էլ  առիթ է դարձել  նոր մատենաշարեր ու նոր գրքեր հրատարակելու համար։ Այսինքն՝ ընթերցողն է թելադրել, թե որ գրքերի հրատարակությունը նախաձեռնեն հրատարակչական  ընկերությունները։ «Էդիթ Պրինտ»  հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյան․

«2021-ին հասկացանք, որ կա կարիքը «Ինքնություն» մատենաշար ունենալու, որով արդեն լույս են տեսել և մեծ վաճառքներ են գրանցել  Եղիշեի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Ղևոնդ Ալիշանի և այլ պատմագիրների գրքերը»,-ասում է Դավիթ Սամվելյանը։

2021-ի ընթացքում թարգմանվել կամ վերահրատարակվել են մի շարք գրքեր, որոնք հենց պատերազմական թեմատիկա ունեն։ «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանն ասում է՝ խոսքը համաշխարհային գրականության այս թեմայով գրված հայտնի գրքերի մասին է։

«Թարգմանական գրքերից ամբողջ տարվա ընթացքում պահանջված են եղել հենց այն գրքերը, որոնք պատերազմի, դրա հետևանքները հաղթահարելու մասին են։ Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», «Հազար չքնաղ արևներ» վեպերը աննախադեպ վաճառքներ են գրանցել։ Սրանք վեպեր են ըստ երևույթին, որ ցույց են տալիս, թե ինչ է բերում պատերազմը և ինչպես են հասարակությունները անցնում պատերազմի միջով, հաղթահարում այդ չարիքը։ Տարվա ընթացքում մենք հրատարկեցինք Էլիզաբեթ Գիլբերտի «Ուտել, աղոթել, սիրել» վեպը, որը ևս շատ վաճառվեց, որովհետև կրկին պատմում է՝ ինչպե՞ս պատերազմից հետո վերադառնալ կյանքի բնակլանոն հունին»,-ասում է Հայկ Համբարձումյանը։

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ կա գրականություն, որը մշտապես անհրաժեշտ է մարդուն, կա նաև  այսպիսի գրականություն, որն ընթերցելու ցանկությունն առաջանում է՝  կոնկրետ  իրավիճակով պայմանավորված։ «Պատերազմի ելքը փոխել է մեր հասարակության հոգեբանությունը, մենք հնարավոր բոլոր, նաև գրքերի միջոցով,  փորձում ենք հասկանալ, վերլուծել ու գտնել հենց այսպիսի ելքի պատճառները»,-ասում, է հոգեբանը։

«Տրավմատիկ իրավիճակում մարդը շատ դեպքերում առանձնանում է սոցիալական խմբից, և այստեղ լավագույն ընկերը դառնում է գիրքը։ Բայց այստեղ էլ վտանգ չկա սոցիումից ամբողջապես կտրվելու, որովհետև այն պաշարը, որ մարդ հավաքում է կարդալով, պիտի անպայման կիսվի»,-նշում է Աննա Բադալյանը։

Հայաստանում 2021-ին թարգմանվել և տպագրվել է 500 գիրք՝ 100-ով ավելի, քան  2020-ին։ Նախորդ տարում տպագրվել է 2512 գիրք։ Գրահրատարակչական ընկերությունների ներկայացուցիչները հույս են հայտնում, որ գրքի հանդեպ առաջացած այս աննախադեպ հետաքրքրությունը կշարունակի աճել։ Հոգեբան Աննա Բադալյանն էլ կարծում է՝ այս միտումը կօգնի հասարակությանը վերագտնելու սասանված արժեքներն ու լուծելու այն խնդիրները, որոնց բախվում է պատերազմից հետո։  

Ցուցադրել ավելի
Back to top button