ԿարևորՔաղաքական

Երեւանն ու Բաքուն սահմանագծման հարցով հեռակա նոր բանավեճի մեջ են մտել

Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը, և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում՝ նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ խորհրդարանում հնչեցրած հայտարարության փակագծերն այսօր կառավարությունում բացել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը հայտարարել է՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։ Պաշտոնական Երեւանի հայտարարությանը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու նշել, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում։ Հայկական կողմն իր հերթին է պարզաբանել է՝ հայկական կողմը խոսում է ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին։ 

Հայելային տարբերակով զորքերի հետքաշում, սահմանի երկայնքով  սահմանապահ զորքերի տեղակայում՝ ըստ խորհրդային տարիների քարտեզի կամ քարտեզների․ այս մանրամասները հայտնում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Երեւանը Մոսկվայի միջնորդությամբ ի՞նչ առաջարկ է ներկայացրել Բաքվին  սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ։ Այս առաջարկի մասին օրեր առաջ առաջինը խոսել էր ՌԴ արտաքին գործերի նախարարը։ Գրիգորյանը հստակեցնում է՝  Հայաստանի առաջարկները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին․

« Հաշվի ենք առնում խորհրդային միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը։ Ոչ թե այս պահին սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց  սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը, և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանազատման ու սահմանագծման մեր առաջարկներն, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այս իրավիճակի լուծումներին են միտված։

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի  հայտարարության դրույթները։ Այս հարցը հայկական կողմը բարձրացնում է միջազգային գործընկերների հետ քննարկումներում։  Նույնը շեշտում է նաեւ Արմեն Գրիգորյանն ու ընդգծում՝ հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները։ Եւ սա ոչ թե նախապայման է, ինչպես որակում է ադրբեջանական կողմը, այլ արդեն ձեռք բերված պայմանավորվածություն։

Դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի  հետ կապված մտահոգություններին Գրիգորյանն արձագանքում է՝ «Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»։

Նախօրեին խորհրդարանում հայկական կողմի առաջարկների նոր փաթեթի մասին էր խոսել նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտարարել, որ մի շարք միջոցառումներ են առաջարկել։ 

«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունությանը մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ  ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքին»։

Գրավոր առաջարկին Ադրբեջանը դեռ գրավոր չի պատասխանել։ Փոխարենն այդ երկրի  արտգործնախարարը հարցն այլ կերպ է շեշտադրել, հայտարարել, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում։  Հայաստանի արտգործնախարարությունից արձագանքը չի ուշացել․ նախարարի խոսնակը նկատել է՝ որոշակի թյուրըմբռնում կա։ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեւակերպված են Սոչիում եւ Բրյուսելում արդեն ստորագրված հայտարարություններում։ Մեջբերում Վահան Հունանյանի պաշտոնական հաղորդագրությունից․

«Հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն պայմանավորվածությունների»:

Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»:
Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:  

Հայկական կողմը հստակ դիրքորոշում ունի նաեւ խաղաղության օրակարգի մասով։  Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է՝ մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, բայց  խաղաղության համապարփակ պայմանագրի համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը, որը դեռ չկա եւ որը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո է։ Գրիգորյանը խնդրի մասով մյուս կարեւոր շեշտադրումն է անում՝ ԼՂՀ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի.

«Հայաստանը շարունակում է իր դիրքորոշման շրջանակում ակնկալել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, լուծման կարևոր  հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ ՄԽ շրջանակում էլ ակնկալում ենք,ո ր տարածաշրջան այցի քայլերը հնարավորություն կտան ԼՂ խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծմանը»։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ՄԽ «հովանոցի» տակ լուծելը նաեւ Մոսկվան է կարեւորում։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր վերջին հայտարարությունն այս մասին անում է նաեւ Մինսկի խմբի մյուս գործընկերների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անունից՝ շեշտելով՝ նրանք «ամբողջությամբ կիսում են դիրքորոշումը»։

Զախարովայի այս հայտարարությունը ճշգրտորեն համընկնում է հայկական կողմի պաշտոնական ձեւակերպումներին, մինչդեռ դրանց ծայրահեղ հակառակն են Բաքվից հնչող թեզերը, թե Լեռնային ղարաբաղի հարցն արդեն լուծված է, ու այստեղ ԵԱՀԿ ՄԽ-ն այլեւս անելիք չունի։

Մոսկվայից հակադարձում են՝ Մինսկի խումբն անելիք ունի, ավելին, այնտեղ սպասում են, որ իրենց մոտ ապագայում կհյուրընկալեն Երեւանում եւ Բաքվում՝  գնահատելու իրադրությունը տեղում, հասնելու շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնություններում։ Այս ընթացքում Մոսկվան ու Երեւանը այլ արձագանքի էլ են սպասում Բաքվից՝ ի պատասխան սահմանագծման մասով հայկական կողմի առաջարկների։

Ցուցադրել ավելի
Back to top button