Գոյության ծածկագիր

Չկա մաթեմատիկա՝ չկա բանաստեղծություն․ ինքնաբուխ, բայց չափի մեջ․ «Գոյության ծածկագիր»

Գեղարվեստական միտքը լավն է, եթե ճշգրիտ է․ և խոսքը բնավ էլ բովանդակային ճշգրտության մասին չէ։ Մաթեմատիկան նաև ամենազգայուն՝ գրականության ու պոեզիայի ոլորտում։ Ինչպե՞ս է թիվը տեղավորվում չափածոյում ու արձակում, կլինե՞ր արդյոք արվեստի այս ճյուղը, եթե ստեղծագործող մարդը չփորձեր հաշվել։

«Պոետական խոսքը համարվում է հատուկ կառուցված խոսք, շատերին թվում է, թե իմպրովիզատիվ բնույթ ունի և ներքինից է բխում, բայց ոչ, այն ենթարկվում է շատ հստակ հաշվարկների, որը երբեմն պոետը կարող է և չզգալ, կարող է ինտուիտիվ ձևով անել։ Բայց, այնուհանդերձ, երբ գիտնականները կատարում են հաշվարկներ տեսնում են, որ դրանք մտնում են որոշակի չափի մեջ։ Սա է պատճառը, որ տաղա–չափություն, այսինքն տաղը մենք չափում ենք»։

Մեր օրերում տաղաչափության մասնագետները շատ չեն։ Բանաստեղծության մեջ թիվն ու չափը որսալով այսօր քչերն են զբաղվում, բայց նկատել բոլորն են կարող՝ ասում է գրականագետ, տաղաչափության մասնագետ Աշխեն Ջրբաշյանը։

Հին հունական ոտանավորը կոչվում էր քանակական կամ չափական, քանի որ գրվում էր հստակ հաշվարկներ կատարելով։ Օրինակ, բանաստեղծական 1 ոտքը բաղկացած էր լինում 4 մոռայից, դրանք, իրենց հերթին, ենթարկվում էին հաշվարկման։ Այսօր համաշխարհային պոեզիայում մնացել են իրական չափական ոտանավորի միայն հետքերը։ Դրանք փոխարինվել են շեշտային, վանկաշեշտական, վանկային ոտանավորներով։ Հիմքում՝ կրկին թիվն ու չափը․

«Ենթադրենք՝ 5 վանկանի չափը վերցնում է, մի տողում դնում է 5 վանկանի 1 անդամը, մյուս տողում դնում է 5 վանկանի 3 անդամ, մյուսում 2 անդամ, մյուսում նույնիսկ 5 վանկանի անդամը բաժանում է երկու տողերի միջև, բայց արտասանելիս ռիթմը ընթանում է 5 վանկանի անդամների միջոցով»։

Ջրբաշյանին խնդրել եմ թիվ դարձնել Պարույր Սևակի բանաստեղծական ոճը։ Կարծիքը, թե նա հայ պոեզիայի ազատ ոճով ստեղծագործողն է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Վերլուծում է «Նորօրյա աղոթք» բանաստեղծությունը․

Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի 
Ես վախենում եմ, 
Շա՜տ եմ վախենում, 
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից, 
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից: 
Եթե աստված եք՝ 
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը, 
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան, 
Որ… եղիցի լո՜ւյս: 
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք 
Նրանց մատաղը, 
Որ իրենցը չէ, այլ գողացված է: 
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ, 
Որ… զոհ չգնա ինքը հավատը՝ 
Մաքո՜ւր-վսե՜մը, 
Անկեղ՜ծ-անսո՜ւտը: 

«Ամենուր անդամների թիվը հավասար է։ Անդամն այն հատվածն է, որն արտասանվում է մեկ շնչով և որի վերջում տրվում է արտասանական դադար։ Օրինակ՝ փչեցեք նրանց–մոմերը բոլոր, մարեցեք նրանց–կանթեղներն ամեն․․․»

Առհասարակ երկու հիմնասյուն կա աշխարհը ճանաչելու՝ մաթեմատիկան է և լեզուն։ Բայց առավել վառ այդ երկու գործիքների միահյուսությունը երևում է բնականաբար տաղաչափության մեջ։

Տաղաչափական մի քանի համակարգ կա։ Առաջին. հիմնված է հունական տաղաչափության վրա։ Սրանով ստեղծագործում են հայերենով, ռուսերենով, եվրոպական լեզուներով գրողները։ Երկրորդ՝ արաբական համակարգով ստեղծագործում են իսլամացած բոլոր ժողովուրդները։ Գրականագետ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դոցենտ Սամվել Կարաբեկյանը նշում է՝ սա հիմնված է արաբերենի՝ մաթեմատիկական առանձնահատկության վրա․

«Արաբերենը, որը կազմել է տաղաչափական այդ համակարգի հիմքը իր կառուցվածքով, իր տրամաբանությամբ, մաթեմատիկական լեզու է։ Ամբողջ ձևաբանությունը հիմնված է որոշակի բանաձևերի վրա, կաղապարների, որոնցով դու կարող ես ստեղծել բազմաթիվ բառեր»։

Նախաիսլամական դարաշրջանում արաբական բանաստեղծները կարևոր պաշտոն ունեին, ժամանակակից լեզվով ասած՝ զբաղվում էին իրենց ցեղի ՓիԱռ-ով։ Հաճախ կարիք էր լինում, որ նրանք հանպատրաստից բանաստեղծեին հանրության առաջ։ Այդ ելույթներում նրանց կիրառած հնարքները հետագայում դարձան արձանագրված բանաձևեր․

«Երբեմն, երբ անհրաժեշտություն էր առաջանում ավելի գրավել կամ սրել բազմության ուշադրությունը, որոշակի բանաձևեր կիրառելով, փոխելով խոսքի ռիթմը, նրանք վերաարթնացնում էին լսարանի ազդեցությունը։ Էդ բանաձևերը բոլորը նկարագրված են, գրի առնված են, և մինչ օրս արաբական գրականությունը հիմնված է դրանց վրա»։

Պոեզիայում դու ուզում ես, որ չափը, ռիթմը համընկնի և գեղեցիկ հնչողություն ունենա ստեղծագործությունը, բայց արձակի դեպքում մենք պիտի թվերը դիտարկենք որպես սիմվոլներ։

Լեզվաբան- գրականագետ Ամալյա Սողոմոնյանը գրականության մեջ թիվ որոնելիս առաջինը Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգություն»-ն է հիշում։ Հեղինակը նպատակային այնպիսի թվային կոդեր է օգտագործել, որ ստեղծագործությունը հասու չլինի բոլորին, ընթերցողը փորձի ապակոդավորել այն։

3, 7, 9, 10. սրանք ամենահաճախ հանդիպած թվերն են՝ հատուկ նշանակությամբ․

«3 թիվը- Սուրբ Երրորդությունը՝ Հայր, Որդի, Սուրբ հոգի։ Նաև ալեգորիա կարող ենք տանել ալքիմիայի հետ, որովհետև ծծումբ, սննդիկ և աղ, խորհրդանշում են հոգին, ոգին և մարմինը։ Հասկանում ենք, որ 3 կարևոր սկզբունքներն ու կատեգորիաները էս 3 թիվը սպառում է։ 7-ը երջանկության ու նաև Աստվածային խորհուրդ ունի, որովհետև Աստված աշխարհը կառուցել է 7 օրում, 7-րդ օրը հանգստացել է, Հիսուս Քրիստոսը հարություն է առել հենց 7-րդ օրը, ունենք 7 պատվիրաններ, 7 մահացու մեղքեր և նաև մեր տերունական աղոթքում կան 7 խնդրանքներ»։

Պարույր Սևակը նախընտրել է մի չափ, այսպես կոչված, կամաչափ վանկային ոտանավորը։ Այսինքն՝ անդամների ու վանկերի թիվը հավասար է, բայց տողերում անդամների թիվն է անհավասար։

Տաղաչափության մասնագետ Աշխեն Ջրբաշյանը թղթերի տրցակից հանում է մեկն ու կարդում հատված Բորիս Էյխենբաումի «Պոեզիայի մասին» գրքից․

«Բողոքում է ասմունքողներից, որոնք հաճախ աղավաղում են բանաստեղծության ռիթմը․ «Դերասանը ձգտում է հաղթահարել ոտանավորի այն հատկանիշները, որոնք կաշկանդում են իր ազատությունը, խանգարում են բեմականացմանը, իսկ դա առաջին հերթին ռիթմն է,- ռիթմը հաճախ խանգարում է, որ ինքը պոռթկուն ձևով ասի։ Այսինքն՝ հենց այն, ինչը բանաստեղծությունը դարձնում է բանաստեղծություն։ Չափածոյի տողը՝ իբրև ռիթմական միավոր, նրանց համար կարևորված չէ, նրանք դադարներ են տալիս այնտեղ, որտեղ պահանջում է, իրենց կարծիքով, հոգեբանական մեկնաբանությունը։ Նաև արագացումներով ու դանդաղեցումներով են նրանք հայտնվում ռիթմից դուրս ու հաճախ ռիթմի հետ լրիվ հակասության մեջ»։

Չկա հաշվարկ, ռիթմ ու չափ, չկա նաև բանաստեղծություն։ Նաև այստեղ է գրականության գեղեցկությունը՝ բովանդակությունը տրվում է ձևի միջոցով։ Ներշնչանքը բանաձևված է, էմոցիան՝ հաշված ու հաշվարկված, բառը՝ ինքնաբուխ, բայց չափելի։

Իսկ թե ուրիշ որտեղ է հայտնվում գեղարվեստական գրականության մեջ տեղավորված մաթեմատիկան՝ կպարզենք արդեն հաջորդ շաբաթ։

Ցուցադրել ավելի
Back to top button