ԿարևորՀասարակություն

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը Moody’s-ի կողմից շնորհվել է Ba3 Stable վարկանիշ

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին Moody’s վարկանիշային գործակալության կողմից 2022 թվականի հունվարի 19-ին շնորհվել է Ba3 վարկանիշ (IFSR)՝ կայուն հեռանկարով։

Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։

Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ Ընկերությունը պետական մասնակցությամբ ընկերություն է, և ռիսկերի 90 տոկոսը վերաապահովագրված է Aa3 stable վարկանիշ ունեցող հեղինակավոր Swiss Reinsurance Company Ltd կողմից, ինչպես նաև բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը։ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ընկերության մասին

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թ. հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:

Ներկայումս ՀԱԱԳ-ը մատուցում է արտահանման ապահովագրության 2 տեսակի ծառայություններ.

1. Օտարերկրյա գնորդների չվճարումից ապահովագրական ծառայություն: Այս ծառայությունը ՀՀ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը:

2. Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրական ծառայություն: Այս ծառայության միջոցով ՀՀ արտահանողները արտահանման գործարքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի (այդ թվում` հումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, արտադրանքը շուկայական տեսքի բերելու, տրանսպորտային, մաքսային և նմանատիպ այլ ծախսեր) կատարման նպատակով հնարավություն են ունենում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով` պարզեցված ընթացակարգով, առանց գրավի և համեմատաբար ցածր տոկոսադրույքով, ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում՝ կարճաժամկետ վարկի տեսքով:

Back to top button