ԿարևորՏնտեսական

«Բարեկամություն» կամուրջը կխթանի հայ-վրացական առևտրաշրջանառությունը

Հայաստանն ու Վրաստանն առաջիկա ամիսներին կավարտեն առաջին համատեղ ենթակառուցվածքային խոշոր կարևոր նախագիծը՝ «Բարեկամություն» կամրջի շինարարությունը։

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում կառուցվող կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են, ասում են նախագծի պատասխանատուները՝ նշելով, որ հնարավոր է ժամկետից շուտ շահագործման հանձնվի։  

Հայաստանն ու Վրաստանը հիմնական կապող անցակետում՝ Բագրատաշեն-Սադախլոյում՝ Դեբեդ գետի վրա «Բարեկամություն» կամրջի արագ ընթացող  աշխատանքներն ակնկալվում է ավարտին հասցնել ժամկետից շուտ՝ առաջիկա ամիսներին։

Նոր կառուցվող կամուրջը բաղկացած է լինելու երկու ուղղություններից, առանձին սպասարկող երկու զուգահեռ կամուրջներից` յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտիներով։

Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրների հետ անցնում է հիմնականում հենց այս անցակետով ու այս կամրջով։ Ամենաինտենսիվ շահագործվող ուղղությունն է, նաեւ դեպի Լարս տանող ճանապարհը։

Արդյունքում ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ, դյուրին առևտուր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանի խոսքով․

«Անցակետը կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն։ Ամրության, տեստավորման, որակի միջազգային չափանիշներն են կիրառվում, ուստի հին կամրջից որակապես, տեխնիկապես ու արտաքին տեսքի առումով հզոր ենթակառուցվածք պիտի ստանանք»։

Երկու երկրներում էլ նշում են՝ սահմանային ենթակառուցվածքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի, որ նպաստելու է հարևան պետությունների միջև փոխգործակցությանն ու զարգացմանը։

Երկու բարեկամ երկրների կապը «Բարեկամության» նոր կամրջով առավել ամուր է լինելու ու անվտանգ։ Ծրագրի պատասխանատուն նշում է, որ սա երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, նման մասշտաբի եւ ծավալի առումով տրանսպորտի ոլորտում հայ-վրացական համատեղ առաջին գործակցությունը, որը նոր թափ է հաղորդելու նաև հայ-վրացական տնտեսական գործակցությանը։ 

Կամրջի շինարարությունը, որն ընդգրկված է նաև Վրաստանի կառավարության առաջնային ծրագրերի շարքում, դիտարկվում է երկու երկրների առևտրաշրջանառության աճի սկիզբ։

Ի դեպ, նախորդ տարեվերջին երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվեցին մինչև 2026 թվականը Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Հայ-վրացական բարեկամություն կամուրջը ևս իր ներդրումն է ունենալու այդ գործին։

Back to top button