ԿարևորՔաղաքական

Արցախի կարգավիճակի ամրապնդումը որպես աշխարհաքաղաքական դերակատար՝ ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններից․ Բաբայան

Արտգործնախարար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողներին է ներկայացրել ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը` խոսելով ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքների մասին։

Խոսելով 2022 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է․

«Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»։

Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու զարգացումը, հայկական Սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու ամրապնդումը, ըստ նախարար Բաբայանի, կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները։

Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտել է․ «Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով  ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին:

Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել  է լրագրողների՝ հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերներին, նոր իրողությունների պայմաններում առաջացող խնդիրներին, բանակցային գործընթացին, Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Արտաքին գործերի նախարարության հետ սերտ փոխգործակցության և Արցախի տեսլականը ներկայացնելուն ուղղված աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Back to top button