ԿարևորՀասարակություն

Օրակարգում է ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան․ Արարատ Միրզոյան

Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով կոնկրետ հանդիպում նախատեսված չէ, բայց օրակարգում է  համանախագահների այցը տարածաշրջան՝ այսօր խորհրդարանում Կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Արցախի վերաբերյալ հայտարարություններին։

Ադրբեջանի նախագահի հրապարակային դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են փակ սենյակներում քննարկված մոտեցումներին՝ ասել է արտգործնախարարը և կրկնել ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը  միակ  ձևաչափն է , որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ հակամարտության  խաղաղ կարգավորման  հարցում։ 

«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը ու փորձերին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունեն, այդ մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ։ Հերթական ապացույցը կարող եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով։ Սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում»։

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման ու անվտանգության բարձրացման նպատակով հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել Ադրբեջանին` ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, բայց չի մանրամասնել, թե  կոնկրետ ինչ առաջարկներ են ներկայացվել։ Հայկական կողմը սպասում է արձագանքի ՝ ասել է Միրզոյանը։

«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունությանը մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքին»։

Հույս ունեմ, որ Հայաստանի որևէ իշխանություն որևէ փորձ անգամ չի անի կասկածի տակ դնելու Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը ՝ ասել է արտգործնախարարը՝ անդրադառնալով  ընդդիմադիր պատգամավորների այն հարցին, թե արդյոք  հայ–թուրքական գործընթացի մեկնարկը չի վտանգում Ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Իշխանության դիրքորոշումը սևով սպիտակի վրա ամրագրված է Կառավարության ծրագրում՝ նշել է Միրզոյանը, վստահեցրել, որ գործընթացը մեկնարկել է առանց նախապայմանների և սա ամրագրվել է հունվարի 14-ի հանդիպումից հետո երկու կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրություններում։

Անդրադառնալով մտավախությանը, թե որևէ փուլում Անկարան գործընթացը կարող է պայմանավորել  այսպես կոչված միջանցքային տրամաբանությամբ, արտգործնախարարը կրկնել  է՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի կարող քննարկվել։ 

«Մենք կողմ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և գիտակցում ենք, որ այդ ապաշրջափակման արդյունքներով ինչպես Հայաստանն է երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներ ստանալու Ադրբեջանի տարածքով, իսկ ահա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում՝ նաև Թուրքիայի տարածքով, այնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է կարողանան օգտվել հայաստանյան ճանապարհներից։ Այստեղ կարևորն այն է, որ որևէ ճանապարհ, որից կօգտվի երրորդ կողմը, պետք է լինի այն երկրի սուվերենության և օրենսդրության տակ, որի տարածքով անցնում է, այն է՝ ՀՀ տարածքով որևէ միջանցք չի կարող լինել։ Չի կարող լինել նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա միայն մի միջանցք, դա բոլորիդ հայտնի Լաչինի միջանցքն է։ Մնացած բոլոր ճանապարհների մասին խոսվում է որպես ճանապարհներ»,–ասել է Միրզոյանը։

Կարդացեք նաև
Close
Back to top button