ԿարևորՀասարակությունՔաղաքական

«Քարով տանկի դե՞մ»․ թուրքականի նկատմամբ տեղական արտադրանքը մրցունակ դարձնելու առաջարկ կա

Սահմանների բացումը չի՞ ենթադրում թուրքական կապիտալի ներհոսք Հայաստան․ հնարավոր ռիսկերի մասին հարցին արձագանքելով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հարցով էլ արձագանքում է՝ եթե դա դիտարկվում է որպես ռիսկ, դրա փոխարեն ի՞նչ է առաջարկվում, ապրել փակ տնտեսությա՞մբ․

«Բնականաբար, խոշոր տնտեսությունների ներկայացվածությունն ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում ողջ աշխարհում, այսինքն՝ մենք ի՞նչ վախերով ապրենք»։

ՊԵԿ նախագահն անվիճելի է համարում, որ  բաց սահմանները ենթադրում են տնտեսական ակտիվություն և շրջանառություն, ինչը չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում։ Ռիսկերի մտավախություններին արձագանքում է այսպես։

«Եթե դա դիտարկում ենք, որպես ռիսկ՝ ի՞նչ եք առաջարկում, փակված մնա՞նք, փակ տնտեսությամբ։ Երբեք փորձ չարվի՞ սահմանների բացման շուրջ խոսել։ Սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը,  որովհետև այն տնտեսական ակտիվությունը և այն շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»

Հայ-թուրքական սահմանների բացման բանակցության ակտվացման կողքին Հայաստանը հանեց թուրքական ապրանքի ներկրման արգելքը, որը «պաշտոնապես» գործեց մեկ տարի։ Դեռ նախորդ տարեվերջին էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ երկարաձգելու է արգելքը, բայց նույն ամսվա վերջին եղավ քաղաքական հայտարարություն՝ որոշումը փոխվել է։ Էկոնոմիկայի նախարարը խոստովանեց՝ անձամբ դեմ էր, բայց․

«Ես անձամբ կողմնակից եմ եղել արգելքի երկարացմանը, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասնական այսպիսի որոշում է կայացվել»։

2021 թվականին ի՞նչ արդյունքներ տվեց թուրքական ապրանքի արգելքը, շուկայում թուրքական ապրանքը որքանով փոխարինվեց այլ երկրների արտադրանքով, ու արդյո՞ք հաջողվել էր ամբողջապես կասեցնել թուրքական ապրանքի մուտքը։ Էկոնոմիկայի նախարարն արձանագրել է՝ անցյալ տարվա 10 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծումը կրճատվել է մոտ 70 տոկոսով։ Նախորդիվ ՊԵԿ-ից տեղեկացրել էին, որ արձանագրել են դեպքեր, երբ թուրքական ապրանքը երկիր է բերվել զարտուղի ճանապարհներով՝ Հայաստանի սահմանն անցկացնելուց առաջ պոկելով կամ փոխելով դրանց թուրքական պիտակները։ Ինչպե՞ս դա անդրադարձավ մեր շուկայի վրա․ էկոնոմիկայի նախարարությունն իր գնահատումն ունի՝ դրականի կողքին նաեւ բացասականն են արձանագրել։

«Դրական արդյունքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին»։

2020 թվականին, երբ դեռ արգելք չկար, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 231 մլն դոլարի ապրանք։ Իսկ 2021 թվականի առաջին 10 ամսում՝ 57 մլն դոլարի։ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի դիտարկմամբ՝ թուրքական ապրանքի մուտքը կասեցնելը ճիշտ էր, սակայն ձեռնարկված միջոցառումները բավարար չէին, որպեսզի տեղական արտադրողները շուկայում կայուն տեղ զբաղեցնեին։

«2020-ի հոկտեմբերի 20-ին կայացվեց արգելքի որոշումը, և մինչև դեկտեմբերի 31-ը բավականին երկար ժամանակ ունեցան ներմուծողները, որ իրենց պահեստները լցնեն։ Միայն ներմուծումը արգելելով տեղ չի բացվում։  Յուրաքանչյուր ներմուծող վեց ամսվա պաշարը երկու ամսվա մեջ բերեց, լցրեց իր պահեստը։ Անցյալ տարվա առաջին կես տարին մենք վաճառեցինք կուտակածը։ Այսինքն՝ մեկ տարի տևած արգելքի կես տարին մեծ հաշվով կուտակած թուրքական ապրանք ենք վաճառել»։

Տնտեսագետները ներմուծումը գնահատում են որպես ցանկալի և ոչ ցանկալի․ Ցանկալին հումքի ներմուծումն է, որը երկրի ներսում կարող է արտադրանք դառնալ,  ոչ ցանկալին պատրաստի արտադրանքի ներկրումն է։  Հայաստանի արգելքը տարածվում էր թուրքական պատրաստի արտադրանքի վրա, իսկ հումքի ներկրումը թույլատրվում էր՝ տեղական արտադրությանը մեծ հարված չհասցնելու համար։ Մինչ արգելքը Թուրքիայից ներմուծվող ապրանքների առաջին հնգյակում տրիկոտաժե ու բամբակե գործվածքն էր, ցիտրուսային պտուղները, նավթ-նավթամթերքը: Էմիլ Ստեփանյանին մինչդեռ մտահոգում է, որ Հայաստանը հումք է արտահանում այդ երկիր։

«Մեր արտահանման զգալի մասը հումքն է։ Դա պետք է ուղղել, եթե մենք շարունակում ենք Թուրքիա հումք ներմուծել, իսկ իրենց փալասը ներկրել, ու՞մ է պետք նման արտահանումը»։

Թուրքիայի հետ առեւտրում դրական բալանս ունենալու հարցում փորձագետ Էմիլ Ստեփանյանը լիահույս չէ, ասում է՝ ներկրումները գերազանցելու են արտահանումը։ Թուրքական արտադրանքի ինքնարժեքը ցածր է, ու դրանով այն ավելի մրցունակ է, քան հայկականը, ուստի հայ արտադրողին և արտահանողին աջակցելու կարիք է տեսնում «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Աննա Բեքլյարովան։ Նա  ռուսական արտահանման կենտրոնի օրինակն է բերում․

 «Դա պետական կառույց է, որն անցկացնում է բոլոր միջոցառումները, որ սկսնակ, միջին արտադրողները կարողանան օգտվել բոլոր բարիքներից և ծանր ֆինանսական վիճակում չհայտնվեն, կարողանան արտահանել։ Դա ինստիտուտ է, մեզ մոտ մինչ օրս նման ինստիտուտ չի եղել։ Հետևաբար մեզ մոտ արտադրողներն իրենք են ամեն ինչ իրենց ձեռքով անում։ Իհարկե, նրանք պետությունից աջակցություն են սպասում, բայց պետք է հասկանալ, որ այս հարցին համակարգային մոտեցում էպետք  ցուցաբերել»։

Տեղական արտադրողը տեղական շուկայում հայտնվելու պայքար է մղում՝ նկատում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։ Սուպերմարկետներն էլ այս հարցում տեղական արտադրանքի հանդեպ երբեմն անտարբեր են, գերադասում են առավել տեսանելի հատվածում դասավորել մեծ ու հայտնի արտադրողների ապրանք՝ իհարկե, դրա դիմաց նաեւ վճարվելով։ Իսկ տեղական արտադրողը շուկայում դեռ «սեփական ոտքի վրա կանգնելու» խնդիր է լուծում։ Սա, ըստ փորձագետի, նման է «քարով տանկի դեմ» պայքարի։ Անհավասար մրցակցությունից խուսափելու համար Ստեփանյանը ևս առաջարկում է ստեղծել պետական կառույց, որը հենց այս հարցերով կզբաղվի։

Ցուցադրել ավելի
Back to top button