ԿարևորՀասարակություն

Ինչպես դասավորել կաթնամթերքը խանութներում․ իշխանությունը հարցը կարևորում է, ընդդիմությունը՝ զարմանում

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում  և ամրագրել ՝ կաթնային յուղի փոխարինիչով  կաթնամթերքը առևտրի օբյեկտներում պետք է առանձին  ներկայացվի  և  վաճառվի հատուկ նշումով պիտակներով։ Փոփոխությունը, գործադիրի հիմնավորմամբ, կարևոր է  սպառողների իրավունքները պաշտպանելու և ոլորտում հավասար մրցակցություն ապահովելու առումով։ Իշխանական պատգամավորները նախագիծը կարևորում են, ընդդիմադիրները՝ տարակուսում՝ մատնանշելով տնտեսական ոլորտի ավելի կարևոր խնդիրները, օրինակ՝ նույն կաթնամթերքի գնաճը։   

Ինչո՞ւ Հայաստանում 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, ինչո՞ւ դրանից հետո էկոնոմիկայի նախարարը հրաժարական չտվեց, ինչպես խոստացել էր, և ի վերջո, արդյո՞ք հենց սա է այն պահը, երբ անհարժեշտ է հստակեցնել, թե խանութների որ հատվածներում  ու ինչպես պետք է  տեղադրվեն  կաթնամթերքում կաթնային յուղ պարունակող ապրանքները։ Վերջին հարցը կարգավորել փորձող Կառավարության նախագիծն առիթ դարձավ քննարկելու թվարկված բոլոր հարցերը։   Հրաժարականի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին էկոնոմիկայի նախարարը հարցով պատասխանեց․

«Ե՞րբ եք հրաժարական տալու, պարոն Քերոբյան»

«Արդյո ՞ք դուք նման պատվախնդրությամբ գնում եք, թակում եք ԱՄՀ, ՀԲ, Ասիական զարգացման բանկի ու  միջազգային մյուս կառույցների դռները,  որոնք  ևս կանխատեսումներ  են արել  ու  վրիպել իրենց կանխատեսումներում»։

Վահան Քերոբյանը խորհրդարանում էր՝ ներկայացնելու օրենսդրական նոր նախաձեռնությունը, որով  առաջարկվում է  կաթնամթերքում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող ապրանքները խանութներում տեղադրել առանձին դարակաշարերում ՝ ընթեռնելի հատուկ նշում ունեցող  պիտակներով․

«Նախագիծը  նպատակ ունի   պաշտպանել սպառողների շահերը, ցույց տալ այն ապրանքները, որոնք կաթնային ճարպեր ու փոխարինիչներ են պարունակում, որպեսզի առողջ ապրելակերպին հետևողները կարողանան ճիշտ ընտրություն կատարել և ստիպված չլինեն կարդալ մանր տառերով գրված բաղադրությունները»։ 

Նախարարությունում կարծում են, որ համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ կաթնային յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարողների միջեւ, նաեւ բարդացնում է սպառողի գործը: Իշխանական պատգամավորները  նախաձեռնությունը  կարևորում են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյան․ «Մենք կարևորում ենք էկոլոգիապես մաքուր ու առողջ  ապրանքների ընդլայնումը Հայաստանում»։

Նախագիծը կարևորում է նաև ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Սիսակ Գարբրիելյանի մտահոգությունն այլ է՝ ինչո՞ւ կաթնամթերք արտադրող մեկ տասնյակ ընկերությունների փոխարեն պետք է պատասխանատվություն կրեն առևտրի կենտրոնները։

«Ես ձեզ հետ ինչ–ո ր  չափով  եմ համաձայն։ Կարծում ենք, որ  դարակաշարերի փոփոխությունը վարքագիծը կփոխի, մարդիկ կկարողանան  հեշտությամբ գտնել այն ապրանքները, որոնք իրենք փնտրում են» ։

«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է՝ 2021–ին նույն  կաթնամթերքի գներն ավելացել են  մի քանի անգամ։ ՎԿ տվյալներով՝ կաթնաշոռը մեկ տարում թանկացել է ՝ 6.9%,  պանիրը՝  13.4, կաթնամթերքն ընդհնարապես՝ շուրջ 10 տոկոսով։

 «Դուք ՝որպես կառավարության անդամ, պատասխանատու եք գնաճի տեմպերի համար։ Դուք նույնպես առիթ ունեցել եք ու ասել եք, որ գնաճը խժռում է մարդկանց եկամուտները, տնտեսությունը։ Հիմա այս իրավիճակում առաջնայի ՞ն է դասավորվածությունը, թե՞ այն, որ սոցիալապես անապահով ընտանիքները նույնիսկ ձեր կողմից նշված ամենաանորակ կաթնամթերքը չեն կարողանում այսօր սպառել, կամ այսօր ավելի քիչ են սպառում , քան՝ երեկ։ Այս հարցերը թողած ՝մենք եկել ու երկար–բարակ քննարկում ենք առողջ ապրելակերպ։ Հարյուր հազարավոր մարդկանց մոտ գոյատևման խնդիր է  առաջացել»։

Էկոնոմիկայի նախարարի վստահեցմամբ՝ գնաճի զսպման հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է․

«Ձեր ասած հարցերը ոչ ոք չի թողել ու եկել այստեղ։ Բոլոր հարցերը մեր կիզակետում են։ Մենք շատ անհանգստացած ենք, որ գնաճն ունի այսպիսի բարձր տեմպեր։ ԿԲ ու ՄՊՀ հետ ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որպեսզի կարողանանք զսպել գնաճը։ ԵԱՏՄ–ի  տարբեր  գործընկերների հետ  այժմ քննարկում ենք՝ փորձելով ապրանքների  համար քվոտաներ վերցնել, որպեսզի  կարողանանք ավելի ցածր մաքսատուրքերով ապրանքներ ներկրել»։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը խորհրդարանում քննարկվում է  առաջին ընթերցմամբ։ Պատասխանատուները վստահեցնում են, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխություններ կկատարեն։

Ցուցադրել ավելի
Back to top button