ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզի անավարտ սուբվենցիոն ծրագրերը կշարունակվեն 2022թ-ին

Անցած տարի Արմավիրի մարզում պետության և համայնքների  համաֆինանսավորմամբ  60 ծրագրի հայտ է հաստատվել ՝ 2 մլրդ 86 մլն դրամ ընդհանուր արժեքով: Դրանից պետության ծախսը եղել է 1 մլրդ.14 մլն դրամ: Հայտերի մեծ մասը հավանության է արժանացել տարվա երկրորդ կեսին, և շինարարական աշխատանքներն ուշ են սկսվել:  Տարին ավարտվել է, բայց 6 ծրագիր դեռ մեկնարկային փուլում է:

Արմավիրի մարզի համայնքներում տեղական բյուջեի սղության պատճառով  կան բազմամյա խնդիրներ, որոնց լուծումը նպաստելու է համայնքների զարգացմանը: Առաջնահերթություն համարվող ծրագրերը մասնակի իրականացվել են պետբյուջեի միջոցներով: Պետություն- համայնք համագործակցությամբ շինարարության ծավալը մարզում ընդլայնվել է: Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն գյուղի տղամարդկանց մի մասըտեղում գործ գտավ։ Դալարիկում մարզադահլիճ ու հանդիսությունների սրահ են հիմնանորոգում.

«Դրսի պատն ենք սվաղում: Այդքան էլ ցուրտ չէ: Ռուսաստանում -50 աստիճանի տակ ենք աշխատել: Սվաղը չի փչանա, բետոնին հատուկ նյութեր ենք խառնում, որպեսզի չսառչի ու ամուր լինի: Լավ են վարձրատրում, մասնավորի գներով: Այս շինարարության վրա 4 ամիս ենք աշխատում, Դալարիկից ենք»:

Դալարիկում  սուբվենցիոն 5 ծրագիր է իրականացվում։ Դրանցից մեկով ավարտվել է միայն 2 փողոցի  շուրջ 3300 քմ մակերեսով ծածկի կապիտալ կառուցումը: Մնացած 4 ծրագրերով նախատեսված աշխատանքները շարունակվում են: Լսենք Մարգար Հայրապետյանին. մինչև համայնքների խոշորացումը՝ նա Դալարիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն էր.

«Այս տարի սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացրել, նաև՝ բարձրահարկ 2 շենքերի տանիքների փոխում, հանդիսությունների սրահի վերանորոգում, մարզասրահի հիմնանորոգում և  ներտնտեսային ոռոգման փակ ցանցի կառուցում»:

Ոռոգման ցանցի համար կառավարությունը 2021-ի ավարտին Դալարիկին հատկացրել է 7 մլն 160 հազար դրամ: Մարզի 2021թ. սուբվենցիոն ծրագրերի հայտերը հաստատվել են 2-րդ կիսամյակում, աշխատանքներն  ուշ  են սկսվել և մնացել են անավարտ: Շինարարական աշխատանքների մեծ մասը տեղափոխվել է 2022թիվ: 14 համայնքում շինաշխատանքներն ավարտելու համար պետական բյուջեից գրեթե  192,5  մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ անցած տարի Արմավիրի  38 համայնքում  60 սուբվենցիոն ծրագրի հայտ է հաստատվել՝  2 մլրդ 86 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 1 մլրդ 14 մլն դրամը՝ պետության համաֆինանսավորմամբ։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան.

«2021թ ընթացքում հաստատված ծրագրերի քանակը 60 է, 59 ծրագիր փաստացի սկսվել է իրականացվել, որոնցից մոտ 40-ը ավարտվել են, մնացածը ընթացքի մեջ են։ Այն աշխատանքները, որոնք 2021թ. չեն ավարտվել, հիմնականում ժամկետների մեջ են»։

Դալարիկ համայնքի  ոռոգման ցանցի կառուցումը, հանդիսությունների սրահի ու մարզասրահի հիմնանորոգումը մեկ շինարարական կազմակերպություն է իրականացնում:  «Սլավստրոյ» ընկերության տնօրեն Սլավիկ Պողոսյանը նշում է՝ աշխատանքների կեսն արված է, ձգձգումը պայմանավորված է ներքին հարդարման ընթացքում ծագած  խնդիրներով.

«Կատարվել են չնախատեսված աշխատանքներ, որոնք ծավալաթերթում չկան՝ պատերի ուղղում և հարթեցում՝ կանոնավոր կտրվածքի տուֆ քարով։ Դրանից հետո անցել ենք ծավալաթերթով նախատեսված աշխատանքներին: Եթե դա չանեինք, այս որակը չէինք ստանա»:

Մարզասրահի կառուցման ավարտին են սպասում 13-ամյա Նարեկն ու Ռադիկը: Իրենց թաղամասում է, այստեղ են մարզվելու: Հիմա երկար ճանապարհ են կտրում՝ սպորտով զբաղվելու համար.

«Մարտեր՝ առանց կանոնների եմ հաճախում, ներքևում է գտնվում, գյուղի վերջում, դպրոցի մոտ, բայց պետք է տեղափոխվենք այստեղ: Սա մեզ ավելի մոտ է: Մարզադահլիճը մեր բարեկամի տանն են սարքել»։

«Կուզեինք գյուղում խաղալու տեղ սարքեն, որ գանք խաղանք: Մեր Դալարիկում մի հատ նորմալ տուրնիկ կա, այն էլ մանկապարտեզում է: Իջնում, հասնում ենք այնտեղ: Եթե մի հատ մեր թաղամասում տեղադրեն, լավ կլինի»:

Արմավիրի մարզպետն ասում է՝ նախատեսել են 2022թվին սուբվենցիոն ծրագրերում  ավելի շատ բնակավայրեր  ներգրավել: Համայնքները հիմա մշակում են առաջնահերթ ծրագրերը: Արմավիրի մարզի 96 բնակավայր խոշորացվել է 7 համայնքում: Ինչպե՞ս են կազմակերպվելու ծրագրերի հայտերը. «Ռադիոլուր»–ի  հարցին մարզպետը պատասխանեց.

«Առաջին տարին է, որ մեզ համար շատ բարդ է։ Պայմանական թվով ասեմ՝ 15, 20, 30 համայնքներ ներառվել են մեկ համայնքի կազմում, և այս պահին նոր խոշորացված համայնքների մի մասում աշխատակազմը դեռ ամբողջությամբ  չի համալրվել: Իսկ 31 համայնք ունեցող Մեծամորն արդեն ներկայացրել է 20-ից ավելի՝ շուրջ 3 տասնյակի հասնող ծրագրեր»:

Մարզպետը նշում է, որ անհամեմատ ավելի հեշտ է Վաղարշապատ համայնքի կառավարումը: Համայնքն այս տարի ներկայացրել է 3 հայտ: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատում 2022-ին Վաղարշապատում չի իրականացվի, քանի որ պետության համաֆինանսավորման տոկոսն իջել է, համայնքինը՝ բարձրացել. հարաբերակցությունը 30/70 է։ Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան.

«Այս տարի նախակրթարանների վերանորոգման  համար պետությունն իր չափաբաժինը բարձրացրել է 70 տոկոս, կոյուղագծերի անցկացման համար՝ 60 տոկոս: Այդ պատճառով մենք ընտրել ենք Չարենց թաղամասի կոյուղագծի անցկացումը, Ոսկեհատի և Էջմիածնի թիվ 14 մսուր-մանկապարտեզի հիմնանորոգումը»:

2021թ-ին մարզում պետության համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել ու կառուցվել են խմելու, ոռոգման, ջրահեռացման ցանցեր, մանկապարտեզներ, հասարակական կառույցներ և բնակելի շենքերի տանիքներ, կատարվել են գազաֆիկացման աշխատանքներ։ Նոր տարվա հայտերն այսօր մշակման փուլում են:

Ցուցադրել ավելի
Back to top button