ԿարևորՀասարակություն

Սյունիքի նոր ճանապարհները հրատապ կառուցվում են, առաջացած խնդիրները՝ լուծվում

Անցած տարի կառուցված Տաթև–Աղվանի–Կապան այլընտրանքային ճանապարհի  որոշ հատվածներ այսօր արդեն վնասվել են։ Ոլորտի պատասխանատուները դա բնական են համարում՝ նշելով, որ նոր կառուցված ցանկացած ճանապարհ պիտի մեկ ձմեռային սեզոն անցնի, որպեսզի թերություններն ի հայտ գան ու շտկվեն։ Աշխատանքային այցով Սյունիքում են եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները։ «Ռադիոլուրը» զրուցել է Սյունիքում մի շարք նոր ճանապարհների կառուցման ընթացքի մասին։

Կապան-Ճակատեն M17 ավտոճանապարհի  կառուցումը շարունակվում է անգամ անբարենպաստ եղանակային պայմաններին։ Հնարավորինս արագ փորձում են ճանապարհը շահագործման հանձնել։  Սյունիքում աշխատանքային այցով գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ անցել է Կապան-Ճակատեն նոր կառուցվող ճանապարհով, ծանոթացել  աշխատանքների ընթացքին, զրուցել ճանապարհաշինարարների ու երթևեկող վարորդների հետ։


Ճանապարհը կառուցում է  Կապանի «Ճանշին» ընկերությունը։ Տնօրեն Արարատ Կարապետյանն ասում է․

«8 կմ–ոց ճանապարհ է, մինչև տարեվերջ կկառուցենք։

-Պարոն Կարապետյան, ինչքանով տեղյակ ենք՝ հողային աշխատանքներն ավարտվե՞լ են։

–Մինչև փետրվարի վերջ հողային բոլոր աշխատանքները կավարտենք, եթե խանգարող հանգամանքներ չլինեն»։

Հողային աշխատանքներն ավարտելուց հետո՝ նույնիսկ մինչ ասֆալտապատումը, հնարավոր կլինի երթևեկել նոր ճանապարհով։ Կապան-Ճակատեն նոր ճանապարհի կառուցումն օրախնդիր դարձավ, երբ անցյալ տարվա նոյեմբերի 15-ին ադրբեջանցիներն անցակետ դրեցին այս ավտոճանապարհին։ Այժմ երթևեկությունը տարածաշրջանի 6 գյուղերի հետ ապահովվում է մեկ այլ շրջանցիկ՝ Ճակատեն-Գեղանուշ գրունտային ճանապարհով։

Սյունիքում նոր այլընտրանքային ճանապարհներ էլ են կառուցվում։ Մարզում պետական պաշտոնյաները ծանոթացել են նաև կառուցվող Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի,  Տանձավեր-Շուռնուխ ճանապարհներին։

Անցած տարվա նոյեմբերին շահագործման հանձնված Տաթև–Աղվանի–Կապան այլընտրանքային 43 կմ ճանապարհից վարորդները որոշ դժգոհություններ ունեն, մասնավորապես, Նորաշենիկ-Կապան հատվածում ճանապարհը տեղ–տեղ քանդվել է, ասում են՝ կարծես ասֆալտը կարկատանված լինի։ Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց՝ ճանապարհը կառուցվել է նորարարական տեխնոլոգիայով, առկա որոշ խնդիրներով զբաղվում են։ Վահագն Ստեփանյան․

«Ասֆալտը կարկատան արած չի, սարքած է։ Հիմքի հետ կապված խնդիրներ կան։ Կառուցման աշխատանքները դեռ վերջնականապես ընդունված չեն։  Աշխատանքների վերջացնելուց հետո 3 տարի ճանապարհը երաշիքային սպասարկման մեջ կլինի։ Ուղղակի պիտի մինչև հիմքը քանդվի, որպեսզի հասկանանք՝ ջրահեռացման աշխատանքների համար ինչ լուծում գտնենք»։

Տաթև-Աղվանի-Կապան նորակառույց ավտոճանապարհի նման ճանապարհ Հայաստանում ոչ մի անգամ չի կառուցվել՝ ասում է Վահագն Ստեփանյանը՝ նշելով, որ կառուցապատումն արել է 3 կազմակերպություն, որոնցից երկուսի աշխատանքը որոշ թերությունների պատճառով դեռ  ճանապարհային դեպարտամենտը չի ընդունել։ Կընդունեն, երբ ճանապարհը պատճաշ վիճակի կլինի ու բարեկարգ։ Դեպարտամենտում վստահ են՝ Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը դառնալու է բարձրակարգ ու հարմար բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկության համար․

«Երբ հիմքի հետ կապված հողային աշխատանքներ ենք իրականացնում, բնական է՝ որոշակի խնդիրներ են առաջանում։ Ընդհանրապես, պիտի ձմեռային մի սեզոն անցնի, որից հետո սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Բոլորս գիտենք այդ ճանապարհի հրատապությունը, ուստի աշխատանքներն արել ենք շատ կարճ ժամանակահատվածում»։

Իսկ գարնանը, ինչպես և նախատեսվում էր, սկսվելու է  Աղվանի-Կապան ճանապարհի՝ Վերին Խոտանան բնակավայրով անցնող շրջանցիկ ճանապարհի կառուցումը՝ հավելում է Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը։ Ճանապարհի այդ հատվածում  եկեղեցի կա, ու այդ հատվածում ճանապարհը նեղ է, և բեռնատար ավտոմեքենաները դժվարությամբ են անցնում։ Վահագն Ստեփանյանն ասում է՝ նախագծային աշխատանքներում դա նկատի են ունեցել․

«Ժամկետերի փոփոխություն չկա, նախագծային հաշվարկների փուլում ենք։ Ճանապարհի բոլոր նեղ հատվածները շրջանցելու ենք ու դուրս գանք դեպի Տանձավեր։ Ունենալու ենք բավականին լավ, անցանելի ճանապարհ»։

Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչ Վահագն Ստեփանյանը վստահեցնում է՝ ճանապարհաշինական աշխատանքներն արվում են հրատապ՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը, սակայն որակին առնչվող պահանջները շատ խիստ են, թերությունների առկայության դեպքում ճանապարհաշինարարի հանձնած ճանապարհը չի ընդունվում, մինչեւ թերությունները չվերացվեն։

Back to top button