Բնական ընտրություն

«Ճահճի գեղեցկուհի լոտոսը»՝ ճարտարապետական գլուխգործոց․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Այդ ծաղկի կյանքի ու գոյության օրենքները կիրառվում են արևելյան ճարտարապետության ու  Սամսարայի աշխարհում ծնված բուդդայականների կյանքում»

Երկշաքիլ բույսերի դասին պատկանող այդ եզակի, միակ ներկայացուցիչը անտարբեր չի թողել վերջին մի քանի հազար տարվա ճարտարապետական միտքը։ Եգիպտական փարավոնների դամբարաններից մինչև 21-րդ դարի գերժամանակակից շենքեր ու թանգարաններ։ Լոտոս ծաղկի տեսքն ունեցող շենք շինությունները յուրահատուկ տեղ են գրավում համաշխարհային ճարտարապետության մեջ։

Ճարտարապետ Նարեկ Պետրոսյան․ «Արևելյան կրոնական հավատալիքներում, մանավանդ Բրահմայի հավատալիքում լոտոսը սուրբ ծաղիկ է համարվում։ Արևելյան քաղաքակրթության մեջ տարածված է առհասարակ ծառի, ծաղկի պաշտպամունքը և սա ընդգծված է նաև ճարտարապետության մեջ։ Լոտոսի տեսքով կառույցներ շատ կան, լոտոսի տեսք ունեցող հայտնի տաճարը 1980-ականներին է կառուցվել Նյու Դելիում։ Ճարտարապետը տաճարին տվել է բոլորակ իննանկյան տեսք, 27 թերթիկները լոտոսի պես բացված են, միավորված են եռյակներով և պատված են մարմարով, իսկ տաճարի շրջակայքում 9 ջրավազաններ կան, ինչը տպավորություն է ստեղծում, թե լոտոսը հենց ջրի մեջ է։ Սա բիոնիկայի փայլուն օրինակ է ճարտարապետության մեջ»,-ասում է Նարեկ Պետրոսյանը։

Լոտոսի տեսք ունեցող կառույցները քիչ չեն․ դրանցից են, օրինակ, Չինաստանի Չանչժոու քաղաքի կենտրոնում գտնվող շենքը, հնդկական Ջայպուր քաղաքում գտնվող լոտոսի նման հայտնի շենքը, Սինգապուրի գիտության և արվեստների թանգարանը, որն ունի լոտոսի տեսք, նաև Նյու Դելիի լոտոսի տաճարը, ինչի մասին արդեն խոսեց ճարտարապետ զրուցակիցս։

Լոտոսի տեսք ունեցող ամենաերիտասարդ կառույցը վերջերս է ստեղծվել՝ ընդամենը 16 տարի առաջ՝ Վիետնամում։ Կենտրոնական Վիետնամի Կհանհոա նահանգի մայրաքաղաք Նյաչանգում լոտոսի կառուցվածք ունեցող շենքը համարվում է քաղաքի գլխավոր թանգարանը, որտեղ հավաքված են Վիետնամի պատմության կարևորագույն նմուշներ։

Որքան տարածվել է լոտոսը ճարտարապետության մեջ, այնքան էլ քննադատվել է․

«Այս ոճը նաև քննադատությունների առարկա է եղել, ասոցացվել է սիմվոլիզմի հետ և շատ ճարտարապետներ մերժել են սիմվոլիզմը ճարտարապետության մեջ։ Բայց դա սուբյեկտիվ կարծիք է, իհարկե»,-ասում է ճարտարապետը։

Պարզվում է, լոտոսը հատկապես արևելյան ճարտարապետության մեջ նմանակվել է ոչ միայն արտաքին տեսքի, այլև իր թերթիկների ամրության պատճառով։ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյանը հետաքրքրված է բիոնիկայով, ասում է՝ լոտոսի նմանակումը ճարտարապետական բինոիկայի յուրահատուկ նմուշներից է․

«Ծաղիկների մեջ լոտոսի թերթիկներն ամենաամուրն են, դրանք չեն թափվում, և, կարծում եմ, հենց դա էլ է նպաստել, որ արևելյան կիսագնդի երկրները կիրառեն ճարտարապետության մեջ։ Չէ՞ որ հենց այդ տարածքի երկրները հայտնի են իրենց ոչ սեյսմակայունությամբ և պետք էր գտնել բանաձև՝ ամուր և գեղեցիկ շենքեր կառուցելու»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Գլուխ 2

«Ֆուտուրիզմից՝ հին աշխարհ․ Ըստ ավանդազրույցի՝ եգիպտական արևի աստված Ռան ծնվել է լոտոսի արարման ժամանակ»

Լոտոս ծաղիկն իսկապես որ դիմացկուն է և իզուր չէ, որ չի վրիպել այդքան ճարտարապետների աչքից։ Բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան ասում է՝ ծաղիկն իսկապես որ դարերով կարող է ապրել․

«Եթե միջամտություն չլինի, մարդը չուզենա արմատից պոկի օգտագործի, ապա ծաղիկը էդպես կապրի ու կապրի»,-ասում է Գոհար Օգանեզովան։

Իսկ մարդը միայն ճարտարապետության մեջ չէ, որ օգտագործել է լոտոսը․ բուսաբանը մանրամասնում է․

«Լոտոսը ճարտարապետության մեջ հիմնականում որպես դեկորատիվ նախշ է օգտագործվել, այն սրբացրել են և հիմա էլ Ճապոնիայում, Հնդկաստանում, Չինաստանում համարվում է սրբացված ծաղիկ։ Այն ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ օգտակար։ Մարդը այն ուտելու համար էլ է օգտագործում, կոճղարմատից ալյուր են ստանում կամ բարակ կտրատում են, շաքարով պատում և ասում են, որ այդ քաղցրավենիքը մարմելադի համ է ունենում»,-ասում է բուսաբանը։

Լոտոս ծաղկի տեսք ունեցող շինությունները համարվում են ֆուտուրիստական, բայց արի ու տես, որ հին աշխարհում այն ևս եղել է ճարտարապության անբաժան մասնիկ։ Գոհար Օգանեզովա․

«Լոտոսը գտել են շատ անգամ փարավոնների գերեզմանների մեջ, առհասարակ Եգիպտոսում, Ասորիքում, ճարտարապետական գրեթե բոլոր գլուխգործոցների վրա կարելի է հանդիպել լոտոսի պատկերներ»,-նշում է կենսաբան-կարգաբանը։

Ջերմությունն ու էներգիան խնայելու ճարտարապետական հնարքը բնության մեջ կարելի է հանդիպել լոտոս ծաղկի դեպքում։ Ծաղկի արմատը ջրում է, որոշ թերթիկներ վերջրյա են, և դասավորված են այնպես, որ թույլ չեն տալիս քամին հասնի կոնաձև վարսանդին։ Բուսաբանը պատմում է․

«Լոտոսի տերևը ձագարաձև է, և դրա շնորհիվ մակերեսը չի թրջվում։ Այդ հնարքը շատ հաճախ ցույց են տալիս բուսաբանական այգիների աշխատակիցները, ջուր են ցանում ծաղկի վրա և ցույց են տալիս, թե ինչպես այն չի թրջվում»,-ասում է Գոհար Օգանեզովան։

Ծաղկից մինչև անհասկանալի գիտաֆանտաստիկ առարկներ հիշեցնող շենքեր․ ահա սա է ապագայի ֆուտուրիստական ճարտարապետությունը, ասում է ճարտարապետ Նարեկ Պետրոսյանը։ Եվ որքան էլ գնում ենք դեպի ապագա՝ տեխնոլոգիական առաջընթացով հարուստ, պարզ է դառնում, թե իրականում այդ գեղեցիկ և կատարյալ մեխանիզմների գաղափարները որտեղից է մարդը վերցնում։

Back to top button