Սփյուռքի ձայնը

Ղազախստանում ապրող հայերը շարունակում են իրենց բնականոն կյանքը․ «Սփյուռքի ձայնը»

Ղազախստանում ներքաղաքական խնդիրները որքանո՞վ են վնասել այդ երկրում ապրող հայերի բնականոն կյանքը, ինչպե՞ս են պատկերացնում իրենց հետագա անելիքները։ Հեռախոսազրույցի ընթացքում  համայնքի ներկայացուցիչ, Ալմաթի քաղաքում բնակվող Արամ Նավասարդյանը նշում է, որ այսօր իրավիճակը հանգիստ է, կայուն։

Ղազախստանում տարեսկզբին սկսված ներքաղաքական խնդիրները մտահոգիչ էին, քանի որ այսօր այդ երկրում ապրում են մեծ թվով հայեր, որոնց գործունեությունը, ինչպես նաև կյանքի բնականոն ռիթմը խաթարվել էր։ Ինչպես գիտենք, Հայստանը ևս միջամտեց ստեղծված իրևավիճակին՝ ուղարկելով 100 հոգուց բաղկացած զինվորների խումբ։

Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը և տրամադրությունը հայերի շրջանում, Ալմաթի քաղաքի բնակիչ Արամ Նավասարդյանը նշում է․

«Ես և համայնքի այլ ներկայացուցիչներ հանդիպել ենք մեր տղաների հետ, նրանց թե՛ ֆինանսական , թե՛ ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերել։ Ի դեպ, նրանց ներկայությունը Ղազախստանի բնակիչների մեծամասնության կողմից ողջունվել է, քանի որ մեր զորքերը տեղակայված էին երեք կարևոր և ստրատեգիական նշանակության օբյեկտներում»,- ասում է Արամը։

Արամ Նավասարդյանը նշում է, որ իր ծանոթ գործարարներից մեկը այնուամենայնիվ տուժել է ստեղծված իրավիճակում։ Խոսքը ոսկերչական ընկերության մասին է, որի խանութներից մեկը ենթարկվել է հարձակման և թալանվել է։

«Նա չի սիրում խոսել իրեն հատուցված վնասների մասին։ Ասեմ  միայն, որ ոսկերչական 9 խանութներից մեկում է եղել հարձակում և թալան, մյուսներում պաշտպանությունն ավելի ուժեղ է եղել, ինչը խանգարել է հանցագործություններին։ Այս միջադեպը ազգային որևէ խնդիր չի պարունակում, նման հարձակումներ  եղել են գրեթե բոլոր թանկարժեք և բրենդային խանութների վրա»,- նշում է զրուցակիցս։ Հարցին, թե արդյո՞ք պետությունը կփոխհատուցի վնասները, Արամ Նավասարդյանը նշում է, որ հնարավոր է և կան նման խոսակցություններ, բայց որքանով դրանք իրականանալի կլինեն, ցույց կտա ժամանակը։ «Նման դեպքերում ամեն բան բարդվում է ֆորս մաժորայիին իրավիճակների վրա»։

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք նման  ճգնաժամային իրավիճակներում հայությունը կնայի դեպի հայրենիք տանող ճանապարհներին, Արամ Նավասարդյանը նկատում է․ «Գուցե պատասխանս այնքան էլ հաճելի չէ լսել, սակայն այսօր Հայաստանում այնքան էլ լավ իրավիճակ չէ, որը կստիպի հայությանը տեղափոխվել։ Այլ երկրներ՝ հնարավոր է»։

Ղազախստանի դեպքերի ժամանակ համացանցում հանդիպող ազգությամբ ղազախների՝ հայերի հանդեպ հնչեցրած կարծիքների և խոսքերի մասին, Արամ Նավասարդյանը նշում է․ «Նմանատիպ իրավիճակներում հաճախ են լինում հրահրողներ և սադրիչներ, որոնք փորձում են սխալ կարծիքներ ձևավորել ազգերի միջև, այս դեպքերը կարող էին լինել, ինչի մասին ես տեղեկություն չունեմ, քանի որ օրեր շարունակ զրկված էինք ինտերնետ կապից»,-նշում է։

Back to top button