Մասնագիտություն

Լողը՝ անհրաժեշտություն բոլոր կենդանի օրգանիզմների համար․ «Մասնագիտություն»

Աշխարհի հնագույն, ամենատարածված, սիրված, օգտակար և առողջարար սպորտաձևերից մեկը՝ լողը, և՛ նախընտրելի ժամանց է, և՛ մասնագիտություն։ Պատմիչների տարեգրությունը, պատմական զանազան աղբյուրները վկայում են, որ լողը կիրառվել է թե՛ առօրյա կյանքում և թե՛ ռազմական գործում։

Ու եթե մեր նախնիների համար այս կարևորագույն հմտությունը պարզապես կենսական անհրաժեշտություն էր, ապա ժամանակի ընթացքում լողը զարգացավ, առաջացան նոր ոճեր և աստիճանաբար վերածվեց սպորտի՝ ներկայումս դառնալով ամենահայտնի և սիրված մարզաձևերից մեկը։

Գոյություն ունեն մարզական, բուժական, կենցաղային և խաղային լողի տեսակներ։ 1896 թվականից լողն ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում: Անցկացվում են նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններ։ Օգտակար այս սպորտաձևը կարելի է սովորել ցանկացած տարիքում: Այն մարզաձև է ամբողջ կյանքի համար:

Բայց լողալն անհրաժեշտություն է նաև կենդանիների և թռչունների համար: Գրեթե բոլոր կենդանիները կարողանում են լողալ՝ սնունդ հայթայթելու, տեղաշարժվելու կամ թշնամիներից թաքնվելու համար: Առողջության ամրապնդման, ինչպես նաև ակտիվ հանգստի կազմակերպման լավագույն գրավականներից մեկը՝ լողը, ունի շատ մեծ դրական ազդեցություն. բարելավում և կարգավորում է սրտի աշխատանքը, զարգացնում տոկունություն, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, կարգավորում արյան շրջանառությունը, բարելավում շնչառական համակարգի աշխատանքը, նվազեցնում սթրեսը, զարգացնում մարմնի ճկունությունը, նպաստում օրգանիզմի ճարպազատմանը, մկանների զարգացմանն ու դիմադրողականության բարձրացմանը:

Ու եթե որոշել եք ընտրել այս սպորտն իբրև մասնագիտություն, ապա Ձեզ սպասվում են քրտնաջան աշխատանքն ու անվերջ մարզումները: Զրույց Հայաստանի լողի պատանեկան հավաքականի մարզիչ, Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողի հավաքականի մարզիչ Վիգեն Գևորգյանի հետ:

Back to top button