ԿարևորՀասարակություն

Ժառանգության ընդունման ավելի հեշտ կարգ՝ զոհված զինծառայողի ընտանիքի համար

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հեշտացված կարգով կիրացնեն իրենց ժառանգության իրավունքը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ նախատեսող օրինագիծը, որը հեշտացնելու է պատերազմում զոհված և ինքնությունը չպարզված անձանց ժառանգության ընդունման կարգը։

Նախագծի համահեղինակ Լենա Նազարյանը մանրամասնում է՝  գործող կարգավորումներով ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է, օրինակ, պատերազմում և տևական ժամանակ նրա  ինքնությունը չի պարզվել, օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը լրացել է, և հարազատները ստիպված են եղել  ժառանգությունը ստանալ դատական քաշքշուկից հետո:

«Սա մի խնդիր է, որին բախվել են 44-օրյա  պատերազմում զոհված և տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները։ Եվ ահա մենք ներկայացնում ենք հետևյալ լուծումը․ այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն 1 ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարել ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը, որպեսի ժառանգը կարողանա ստանալ իրեն հասանելիք ժառանգությունը և կաշկանդված չլինի 6 ամսվա ժամկետով»,-ասում է Լենա Նազարյանը։

Նախագծի հեղինակները հստակ վիճակագրություն չունեն, թե քանի շահառուի է վերաբերելու օրենսդրական նոր կարգավորումը, բայց զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումների ընթացքում բացահայտել են խնդիրն ու վստահ են՝ եթե նույնիսկ մեկ ընտանիք նման խնդիր ունի, ապա փոփոխություններն անհարժեշտ են։

Դրանք, ի դեպ, կվերաբերեն նաև բանկային հաշիվներին: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ասում է՝  նոր կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:

«Նման ընթացակարգային առանձնահատկությունները կարգավորելու համար մենք նաև հարցը քննարկել ենք նոտարների հետ, և, այո, մենք գործնականում ունեինք այդ խնդիրը, որ չկան մեխանիզմեր ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու համար»,-ասում է Քրիստինե Գրիգորյանը։

Պատգամավորներին մտահոգում էր նաև ժառանգության իրավունքը իրացնելու գործընթացում նոտարական ծախսերի հարցը։ Առաջարկում են առանձին նախաձեռնությամբ կարգավորել այն, ու պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին ազատել նոտարական լրացուցիչ ծախսերից։

Պատերազմում զոհված զինծառայողների ժառանգության ընդունման գործընթացը հեշտացնելու համար նախորդ տարեվերջից Արցախի կառավարության՝ Երևանում տեղակայված  օպերատիվ շտաբում գործում է նաև նոտարական գրասենյակ։ Գրասենյակի նոտար Սուսաննա Աղաջանյանն ասում է՝ արդեն 2 ամսից ավելի է գործուղվել են Երևան՝ այստեղ  ժամանակավորապես ապաստանած արցախցիների ժառանգության, սեփականության իրավունքների վերականգման, ինչպես նաև կտակների վավերացման գործարքները տեղում իրականացնելու համար։

«Երևանից Ստեփանակերտ շուրջ 350կմ է, և քաղաքացիները ստիպված էին լինում մի քանի անգամ գնալ Ստեփանակերտ և հետ գալ ժառանգության հետ կապված գործարքներ անելու համար։ Դրա համար որոշվեց Երևանում գրասենյակ ունենալ այստեղ ժամանակավորապես ապաստանած քաղաքացիների համար»,-ասում է Սուսաննա Աղաջանյանը։

44-օրյա պատերազմի հետևանքով շատերն առանց փաստաթղթերի են դուրս եկել Արցախից՝ պատմում է Սուսաննա Աղաջանյանը։ Արցախի շտաբի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում նրանց անձնագրերն ու մյուս փաստաթղթերը վերականգնվում են։ Հետպատերազմյան շրջանում էլ նոտարական ծառայություններից օգտվում են հիմնականում  զոհված զինծառայողների ընտանիքները։ Ամենամեծաթիվը ժառանգության իրավունքի վերականգման գործարքներն են։

«Կան մարդիկ, որոնք ամուսիններ, եղբայր կամ որդի են կորցրել պատերազմում․ շատ դժվոր է նրանց հետ աշխատել․ սարսափելի պահեր ենք ապրում։ Ակտիվությունը շատ է, արդեն ունենք ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրելու գործարքներ, ունենք նաև ընթացքի մեջ գործարքներ»,-ասում է նոտարը։

Օպերատիվ շտաբի աշխատակիցները պատմում են, որ գործի մեջ իրենց  ցավն ու հուզմունքը մի կողմ են դնում ու փորձում լուծել փաստաթղթային բոլոր խնդիրները։

Back to top button