ԿարևորՀասարակություն

Դատական քաշքշուկ ու անորոշություն. Վանաձորն՝ առանց համայնքի ղեկավարի

Վանաձորում տեղական իշխանության ձևավորումը մնում է չլուծված օրակարգային խնդիր: Ձգձգվում ու տապալվում են ավագանու առաջին նիստի գումարման ու համայնքի ղեկավարի ընտրության փորձերը: 2021-ի դեկտեմբերի 24-ի նիստը չկայացավ, իսկ հունվարի 17-ին նիստ էր հրավիրել Վերաքննիչ վարչական դատարանը՝ քննելու  ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման պահանջը։ Վարչականի նիստն էլ, սակայն, հետաձգվել է՝ հիմնավորմամբ, թե Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը դրա մասին ծանուցված չի եղել։

2022 թվականը Վանաձոր խոշորացված համայնքը դիմավորեց առանց համայնքի ղեկավարի և տարեմուտի ավանդական շնորհավորանքի: Հիշենք՝ դեկտեմբերի 24-ի նիստը չէր կայացել վարչական դատարանի որոշմամբ։ Ավագանի չանցած «Լուսավոր Հայաստան»-ը դիմել էր դատարան՝ միջնորդելով կասեցնել նիստեր անցկացնելու և համայնքի ղեկավար ընտրելու գործընթացը՝ քանի դեռ Վերաքննիչ դատարանը չունի իրենց բողոքի հետ կապված որոշում։

«Լուսավոր Հայաստան»-ը բողոքարկել է դեկտեմբերի 5-ի ընտրություններում արձանագրված 12 անճշտությունների իրավաչափությունը՝ պահանջելով դրանք հաշվարկել հօգուտ իրենց կուսակցության։ Վարչական դատարանը մերժել էր հայցը։ Վերաքննիչ վարչական դատարան ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ  Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել վարույթ չընդունել «Լուսավոր Հայաստան»-ի վերաքննիչ բողոքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ «Լուսավոր Հայաստանը»-ը դեռ չի որոշել՝ կդիմի՞ Վճռաբեկ դատարան, թե՞ ոչ: «Ռադիոլուր»-ը փորձեց հարցի պատասխանն ստանալ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից։ Ասաց՝ հարցազրույց չի տալիս: 

Առանց ղեկավարի մնացած Վանաձորում աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն է որոշ լիազորություններ իրացնում: Վանաձորին միացած գյուղական բնակավայրերը վարչական ղեկավարներ չունեն: Հակոբյանն ասում է՝տարվա առաջին օրերին հատկապես քաղաքի կենտրոնական հատվածում աղբահանության վիճակն էր մտահոգիչ։ Այժմ վիճակը շտկվել է:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյան․ «Խնդիր ունեին մեքենաները, խափանվել էին, հիմա կարգավորել ենք, մնացված մասով ինքս շրջում եմ ամեն առավոտ, տեսնում որ կանոնակարգով արվում է: Սպասենք արդյունքներին, տեսնենք՝ դատարանն ինչ է որոշում, միաժամանակ պետք է սպասենք նաև ԴԱՀԿ-ի արգելքը հանելուն»: 

Վարչական դատարանի հունվարի 17-ի նիստը, որը պետք է քններ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման պահանջը, ավելի ուշ հայտնի դարձավ, հետաձգվել է՝ հիմնավորմամբ, թե  Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դատական նիստի մասին ծանուցված չի եղել։ Հիշեցնենք՝ կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում էր  Ասլանյանի նախկին 1-ին տեղակալ Արկադի Փելեշյանը: Վերջինիս հետ կապվելու մեր բոլոր փորձերը մնացին անպատասխան: «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն արտահերթ ընտրությունների հեռանկար չի տեսնում, փոխարենը լուրջ վտանգներ՝ ստեղծված իրավիճակում։

Վանաձորի «Մամիկոն Ասլանյան» դաշինք խմբակցության ավագանու անդամ Գայանե Քալանթարյան․ «Մտահոգ եմ, որովհետև քաղաքը չունի ղեկավար, չի գործում նաև ընտրված ավագանու ինստիտուտը։ Սա կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ քաղաքի հետագա զարգացման վրա: Ես այս պահին չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հավանականություն, քանի դեռ արգելանքի պատճառով ընդհանրապես ավագանու նիստ չի գումարվել, հանումն էլ ինձ համար անհասկանալի պատճառներով ձգձգվում է, որովհետև եթե դատարանը ծանուցել է ավագանու կազմում ընտրված 4 կուսակցություններին, ինչո՞ւ է մոռացել մեկ ուրիշ կուսակցությանն այդ մասին ծանուցել: Կարծում եմ՝ սրանք ավելորդ ձգձգումներ են, որոնք, հավանաբար, միտված են, որ կրքերը չբորբոքվեն, մարդիկ ավելի անտարբեր դառնան ընդհանրապես համայնքի խնդիրներին»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կառույցի ղեկավար, Լոռու մարզպետ  Արամ Խաչատրյանը թեև ոչինչ չի բացառում, բայց Վանաձորում նոր արտահերթ ՏԻՄ ընտրությունները քիչ հավանական է համարում: Որպես մանդատների թվով 2-րդ մեծ խմբակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռևս չունի նաև քաղաքապետի թեկնածու: Մարզպետն ասում է՝ այս ընթացքում ավագանի անցած որևէ ուժի հետ քննարկումներ չեն ունեցել: Կտրականապես բացառում է որևէ ձևաչափով «Մամիկոն Ասլանյան» դաշինքի հետ համագործակցությունը Վանաձորի կառավարման հարցում և հորդորում  չտրվել սադրանքներին:

Արամ Խաչատրյան Լոռու մարզպետ․ «Ես բացառում եմ նման համագործակցությունը, չեմ էլ պատկերացնում: Շահարկում են, բայց կարծում եմ՝ չի ստացվի, մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում: Կոչ կանեմ մեր քաղաքական ուժերին գույները չխտացնել և քաղաքական դիվիդենտներ չքաղել: Մինչ էս պահը որևէ քննարկում, պայմանավորվածություն որևէ քաղաքական ուժի հետ չունենք:Մինչև դատական պրոցեսները չավարտվեն, անիմաստ է, որ մենք քաղաքական պայմանավորվածություն ունենանք: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միայն նիստ է արել, ընտրել խմբակցության ղեկավար, քարտուղար: Մեծ հաշվով, քաղաքապետի հարց օրակարգում չի էլ քննարկվել»:

Մինչ քաղաքական ուժերը կուլիսային վերադասավորումների մեջ են, Վանաձորի հետընտրական իրավիճակին  է անդրադարձել  նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին  Երիցյանը՝ մասնավորապես նշելով՝

«Վանաձորում ավագանու առաջին նիստի կայացման ու համայնքի ղեկավարի ընտրության ձգձգման ու տապալման հետագա փորձերը կհանգեցնեն Հայաստանում տեղական ինքնակառավարման լեգիտիմության, իրավական համակարգի նկատմամբ վստահության կորստի։ Ավելին՝ Վանաձորում ստեղծված իրավիճակը կարող է դառնալ եվրոպական մի շարք կազմակերպությունների կողմից Հայաստանում ժողովրդավարության գնահատման հիմնական ցուցիչներից»։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել  ընտրված և կալանավորված անդամների մասնակցությանը ավագանիների առաջին նիստերին։ «Կառավարությունը և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որ ՏԻՄ ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին և չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից»։

Մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունն ուղարկել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, միջազգային այլ կառույցներին, դիտորդական կազմակերպությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այն հրատապ պարզաբանումների պահանջով ուղարկվել է արդարադատության նախարարին և Դատախազություն՝ ըստ իրավասության:

Back to top button