ԿարևորՀասարակություն

Դավիթ Տոնոյանը կպահանջի դռնբաց դատական նիստեր

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Տոնոյանն իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի դրանից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հունվարի 10-ին տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:

Back to top button