ԿարևորՀասարակություն

Վաղարշապատ համայնքի 2022թ բյուջեն գերազանցում է 2 միլիարդ դրամը

Վաղարշապատ համայնքի բյուջեն 2022-ին կկազմի 2 միլիարդ 140 հազար դրամ: Խոշորացված համայնքի կազմում  միայն 2 բնակավայր է՝ Էջմիածին քաղաքն ու Ոսկեհատ գյուղը: Այսօր ավագանու արտահերթ նիստում հաստատվել է համայնքի 2022թ բյուջեն: Մինչ այդ՝ կազմակերպվել է բյուջեի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցել են միայն ավագանու անդամներն ու  համայնքապետարանի աշխատակիցները։

Վաղարշապատ խոշորացված համայնքի բյուջեն հաստատելուց առաջ դրվել էր հանրային քննարկման, սակայն մասնակցային ժողովրդավարությունը սահմանափակվեց միայն ավագնու անդամների և համայնքապետարանի աշխատակիցների շրջանակով: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ու ավագանու անդամ Ռուբիկ Ենոքյանը նկատում են՝ բնակիչներն անտարբեր են իրենց միջոցներով ձևավորվող բյուջետային ծախսերի նկատմամբ։

Դիանա Գասպարյան. «Ես կարծում եմ, որ պարզապես սովոր չեն: Նույնիսկ զարգացած երկրներում ժողովրդավարությունը զարգանալու տեղ ունի, իսկ մենք այդ հարցում դեռ շատ անելիք ունենք: Այնուամենայնիվ, վերջին նիստի դիտելությունն ավելի շատ էր, քան նախորդ նիստերինը, որոնք առցանց հեռարձակվում են ավագանու նիստերի դահլիճից»։

«Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Ռուբիկ Ենոքյան.

«Անկեղծ ասած՝ փորձեցինք ինչքան հնարավոր է իրազեկել բնակչությանը, որպեսզի մասնակցեն հանրային քննարկմանը, բայց մարդիկ անտարբերություն դրսևորեցին: Կարծես թե ձևավորված ավանդույթ լինի, մարդիկ անտարբեր են իրենց սեփական միջոցները տնօրինելու գործընթացին»:

Համայնքի բնակիչները չեն մասնակցում, բայց առաջարկություններ ունեն: Ցանկանում են, որ համայնքում ակտիվանա մշակութային կյանքը, ուշադրություն դարձնեն զբոսայգիների բարեկարգմանը.

«Մի երկու զբոսայգի ունենք, որոնք կարելի է բարեկարգել, ավելի գեղեցկացնել, ժամանակակից դարձնել, որպեսզի մենք չձգտենք գնալ Երևան: Մշակույթի տանն ամեն շաբաթ տարբեր միջոցառումներ են լինում. մի շաբաթ Սունդուկյանի անվան թատրոնն է գալիս, մի շաբաթ՝ Ստանիսլավսկու, մի շաբաթ՝ Տիկնիկային թատրոնը: Այսինքն, մշակութային կյանքը  շատ լավ է և ես հաճախում եմ: Կինոյի շենքը կուզեի իր նպատակին ծառայեր, և կինոդիտումներ լիներ, թե չէ գնում ենք կինո Մոսկվա՝ ֆիլմ դիտելու»։

 «Կինոյի շենքը չի աշխատում, քանդված է: Ինձ շատ հաճելի կլիներ, որ աշխատեր, ես էլ թոռներիս ձեռքը բռնեի ու կինո գայի»:

«Սպորտը զարգացնեին, երեխաները զբաղվելու շատ բան ունենային: Դանդաղ է առաջ գնում, ինձ թվում է բյուջեն կավելացնեն»:

2022թ Վաղարշապատի բյուջեն համապարփակ է, նախատեսված ծախսերը թույլատրելի սահմանում նվազեցրել են։ Եթե կարիքը լինի, տարվա ընթացքում կավելացնեն: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյան.

«2022թ-ի բյուջեի նախագծում նախանշված է նախադպրոցական հիմնարկների, մարզադպրոցների, մշակույթի օբյեկտների պահպանման ու դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Նախատեսվում է ակտիվացնել համայնքի մշակութային կյանքը, սպորտի բնագավառում ուշադրություն կդարձվի  սպորտի մասսայականացմանը»:

Այս տարի էլ համայնքում ասֆալտապատման, տանիքների նորոգման, աղբահանության, կանաչապատման ու լուսավորության աշխատանքներ կիրականացվեն։ Նախատեսվում է ընդլայնել  կանաչապատ տարածքները՝ հիմնել նոր այգիներ և  պուրակներ:  Նախորդ տարվա բյուջեն գերակատարել են.

«Սեփական եկամուտների մասով 2021թ բյուջեն կատարվել է 115.1 տոկոսով, իսկ Ոսկեհատ համայնքի ցուցանիշը՝ 129.1 տոկոս է, այսինքն, գերակատարվել է: Սա հավաքագրված եկամուտների մասով, իսկ ընդհանուր բյուջեն Էջմիածնում կատարվել է 107.1 տոկոս, Ոսկեհատում՝ 107.4 տոկոս»:

Վաղարշապատ համայնքի բյուջեն այս տարի գերազանցում է 2 միլիարդ դրամը:  Համայնքապետարանի աշխատակազմի ֆինբաժնի պետ Լուսինե Քալաշյանը նշում է, որ բյուջեի մեծ մասը կազմում են աշխատավարձերը, բարեկարգմանն ու աղբահանության ծախսերը.

«Մոտ 700 աշխատակից ունենք, բյուջեի 62 տոկոսը հատկացվում է աշխատավարձի ֆոնդին: Մեծ է նաև բնակ-կոմունալ վարչության գումարը, որն ապահովում է համայնքի  աղբահանությունը, սանմաքրումը: Միայն աղբահանությանը հատկացվել է 266 մլն 774 հազար դրամ, 20 մլն դրամ էլ ընթացիկ վարչական մասի ծախսերն են»:

Հոգևոր մայրաքաղաքի մաքրությունը դեռ խնդիր է։ Քաղաքի բնակիչ Ռուզաննա Այվազյան.

«Մեր ժողովուրդը պետք է մի քիչ փոխվի: Քաղաքում շատ գեղեցիկ աղբարկղեր էին դրել, բայց մարդիկ տան կենցաղային աղբն են լցնում մեջը: Դա դրված է ճամփորդի ձեռքի աղբի համար: Հիմա փոքրերն են տեղադրել, միևնույն է՝ բերում, կողքերն են շարում»:

Ավագանու անդամ Նաիրա Բասենցյանը նույնպես նկատել է, որ բնակիչները մաքուր չեն պահում շրջապատը.

«Կուզեի մեխանիզմներ մշակվեին, որպեսզի բնակիչն ավելի կարգապահ դառնա: Դա կարող է լինել նոր աղբամանների, աղբատար մեքենաների, տեսախցիկների, տույժերի ձևով։ Ճանապարհ գտնենք ու այդ աղբի կուտակումները վերացնենք, որովհետև շատ տգեղ է»:

Համայնքի աղբատար մեքենաները հնամաշ են, հաճախ խափանվում են, ու դրա համար ամեն շաբաթ բյուջեից զգալի միջոցներ են ծախսվում: Վաղարշապատ համայնքի ղեկավարը նախանշում է հարցի լուծումը՝  աղբահանությունը պատվիրակել մասնավոր ընկերությանը: Հաշվարկել են՝ ծախսերն ավելի քիչ են.

«21-րդ դարում ամբողջ աշխարհը ծառայությունները պատվիրակում է մասնավորին, իհարկե, ճիշտ գնումների պայմանով, ճիշտ պայմանագրով, ճիշտ հսկողությամբ և ցանկացած պահի կնքված պայմանագիրը լուծելու դեպքում միայն: Այդ է պատճառը, որ այս մասով բյուջեն  դեռևս քիչ է պլանավորված, և հնարավոր է՝ չավելացնենք»:

Մասնավոր կազմակերպությունը նախ կզբաղվի միայն քաղաքի աղբահանության խնդրով, իսկ սանիտարական մաքրումը կիրականացնի համայնքապետարանը։ Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ աղբը հավաքող բանվորներն և աղբատար մեքենաների վարորդներն անգործ չեն մնա: Այս տարվա բյուջեով նախատեսվել է 50 տոկոսով ավելացնել մարզադպրոցների մարզիչների, գեղարվեստի և երաժշտական  դպրոցների  ուսուցիչների աշխատավարձը: Սոցիալական օգնությունների համար դարձյալ քիչ են պլանավորել՝ 20 մլն դրամ: Բյուջեն հաստատվել է ավագանու արտահերթ նիստում։

Ցուցադրել ավելի
Back to top button