ԿարևորՀասարակություն

Լիցենզավորում և կարգավորման մեխանիզմներ՝ նախադպրոցական և ոչ ֆորմալ կրթության ծառայություններում

Հունվարի 16-ից ուժի մեջ են մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն լիցենզավորման դաշտ պետք է բերվեն նախադպրոցական զարգացման կենտրոնները։ Փոփոխությունները կատարվել են «Կրթության մասին» և հարակից մի քանի օրենքներում։ Անցյած հուլիսին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծը, որը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը։ Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալն է,  նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտի ապահովումը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։ Նրա կարծիքով, զարգացման կենտրոնին լիցենզավորում պիտի տրվի՝ ըստ տվյալ կենտրոնի ուսուցման մեթոդի օգտակարության․

«Վաղ մանկության կրթությունը ամենակարևորն է,  և այստեղ ռիսկերն են մեծ, քանի որ երեխաները փոքր են, չեն հասկանում, չեն կարողանում արձագանքել։ Հետևաբար, ռիսկը, որ կարող է այդ կրթությունը վատ լինել, բարձր է։ Դրա համար շատ կարևոր է, որ վերահսկում լինի, և կրթության կենտրոն ունենալը միայն բիզնեսի չվերածվի»։

Օրենսդիրն ու գործադիրը նախատեսում են համապատասխան պայմաններ ոչ ֆորմալ կրթության իրականացման համար ընդհանրապես։ Ազգային ժողովը նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագրի» մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին։ ԿԳՄՍ նախարարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ, դրական էր։ Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչումն ուղղակի այլընտրանք չունի:

«Եթե խոսում ենք մեր կրթական համակարգի միջազգային ճանաչման մասին, ապա չենք կարող չխոսել ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասին։ Մենք մի իրողության մեջ ենք ապրում, որ ամեն պահի սովորում ենք, և սովորելը չպետք է կապված լինի կոնկրետ ուսումնական հաստատության հետ։ Պետությունը պետք է կարողանա ճանաչել մարդու գիտելիքն ու հմտությունը, իսկ մարդը պետք է մասնակցի երկրի հանրային զարգացմանը։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության զարգացումը մարդուն մղելու է ինքնազարգացման»։

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանի ողջ կյանքը անցում է՝ ֆորմալ կրթությունից ոչ ֆորմալ և հակառակը։ Ասում է՝ դրանք ոչ թե բացառում, այլ լրացնում են միմյանց․

«Դաշտը, այո, համակարգման կարիք ունի, որովհետև ցանկացած մարդ կարող է վեր կենալ ու ասել, որ ես ոչ ֆորմալ կրթություն եմ տալիս, բայց ոչ ոք չի կանոնակարգում։ Բայց այս պահին դեռ մեխանիզմների մասին չի խոսվում, ինձ համար դեռ անհասկանալի է՝ արդյո՞ք ոչ ֆորմալ կրթություն տվող կազմակերպությունները լիցենզավորվելու են, թե՞ ոչ, ինչպե՞ս են կանոնակարգվելու, և արդյո՞ք դա չի սահմանափակի մարդուն կամ կազմակերպությանը»։   

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ փոփոխությունը վաղուց պետք է կատարված լիներ։ Այսօր միայն ֆորմալ կրթություն ստանալը, համալսարան ավարտելը բավարար չէ։ Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համատեղումը, կրթության փորձագետի կարծիքով, հնարավոր է դրանց միավորմամբ․

«Մենք պետք է մտածենք՝ ինչ անել, որ ֆորմալ կրթություն տվող հաստատությունները՝ դպրոցներ, համալսարաններ, իրենք առաջարկեն ոչ ֆորմալ կրթություն, դասընթացներ, որպեսզի աշակերտն ու ուսանողը դասացուցակից դուրս ընտրելու, նոր բան այլ միջավայրում սովորելու հնարավորություն ունենան հենց ֆորմալ կազմակերպության ներսում, համագործակցություն է պետք»։

Կրթական ցանկացած բարեփոխում՝ լինի ֆորմալ, թե ոչ, պետք է ուղղվի հասարակության գիտակցության բարձրացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան կադրեր պատրաստելուն,–կարծում են զրուցակիցներս։

Ցուցադրել ավելի
Back to top button