

Ինչպե՞ս են դառնում պրոդյուսեր մեր երկրում. Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր Էռնան Ռևազովան հարցին միանշանակ պատասխաններ չունի, քանի որ չկան կիրառական կրթական, ուսումնական ծրագրեր և հաստատություններ, և մասնագիտության մասին խոսելիս, նա ավելի շատ հիմնվում է անձնական նախաձեռնության և տարիների փաստացի փորձի վրա։
«Շատ բան է կախված նրանից, թե ի՞նչ ոլորտ ես ընտրել, ո՞ւմ հետ ես համագործակցում և ի՞նչ արդյունքներ ես արձանագրում»,- խոստովանում է պրոդյուսերը։
Նրա առաջին փորձը կապված է հրատարակչական գործի հետ, հետագայում իր ուշադրության կենտրոնում հայտվում են համերգային, կինո և հեռուստատեսային նախագծերը, և համացանցային ամենատարբեր ֆորմատները։


«Ինչ-որ պահին հասկացա որ իմ կազմակերպչական ունակություններն ու փորձը կարող եմ կիրառել նաև միջազգային մշակութային ֆորումներ և փառատոններ կազմակերպելով, ինձ հետաքրքիր են իմ մասնագիտության բոլոր դրսևորումները»։
Երաժշտական նախագծերի մասին խոսելիս նշում է, որ գերադասում է աշխատել փորձված և բարձր կատարողական արվեստին տիրապետող երաժիշտների հետ։
«Սիրում եմ աշխատել ինձ պես բծախնդիր և լավագույն արդյունքի ձգտող անհատականությունների հետ։ Դա ցանկացած նախագծի գլխավոր գրավականն է: Մի քանի ամիս առաջ էլ ստանձնել եմ Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսերի պարտականությունները»: