ԿարևորՔաղաքական

Արցախ այցելելը՝ անհրաժեշտություն․ Արցախի պետնախարարը համանախագահներին հորդորում է ավելի համարձակ լինել

Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող Ալիևի վերջին հայտարարությունները համանախագահներին պետք է ստիպեն առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու այցելել Արցախ՝  կարծում է Արցախի  պետնախարար Արտակ Բեգլարյանը։  Նրա դիտարկմամբ ՝ իրավիճակը միջազգային կառույցներից ավելի մեծ համարձակություն է պահանջում։  Այն փաստը, որ պատերազմից մեկ տարի անց էլ համանախագահները Արցախ այցելել չեն կարողանում, մտահոգում է նաև ռուսական կողմին։ Այդ մասին խոսել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը, բայց նաև հույս հատնել, որ այդ հնարավորությունը համանախագահներն  առաջիկայում կունենան։

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ  չի կարողանում այցելել Արցախ՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում առցանց ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ այս իրավիճակը մտահոգում է  ռուսական կողմին, բայց լավատեսության հիմքեր, այդուհանդերձ, կան։  ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս ունի, որ առաջիկայում համանախագահները կկարողանան  այցելել տարածաշրջան և հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարների հետ:

«Ի՞նչն է մեզ մտահոգում։ Որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և կոնկրետ միջոցառումներ նախանշել` կողմերին աջակցելու, մարդկանց միջև շփումներ հաստատելու, հումանիտար խնդիրները լուծելու համար»:

Ադրբեջանի նախագահը վերջերս ուղիղ տեքստով հայտարարել էր, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քանի որ այն, Ալիևի կարծիքով,  արդեն լուծված է։  Պաշտոնական Երևանը հակառակ կարծիքին է՝ պնդելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, նույնպես հայտարարել են, որ հակամարտությունը, առավել ևս Արցախի կարգավիճակի հարցը, լուծված չէ։ Այդ մասին նաև ԵՄ որոշ երկրներ են ասել՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը կարծում է, որ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային՝ նկատում Վարդանյանը․

«Ալիևին թվում է, թե ինքն այլևս ոչ մի բան չի զիջելու, դրա համար էլ ամեն կերպ խուսափում է ՄԽ համանախագահության ներքո անցկացվող հանդիպումներից։ Ալիևը դեռ տաք է, դեռ հաղթանակի էիֆորիայի մեջ է և կարծում է, թե հարցն ընդհանրապես «թաղվել» է։ Բայց հարցը չի «թաղվել», և այդ հարցը մի օր էլի վեր է բարձրանալու»։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն այս կարծիքին են։ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստում ներկայացնելով ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության 2022 թվականի ծրագիրը, ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է ուժեղացնի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Իր խոսքում Ռաուն նշել է․

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք պետք է վերականգնենք և ուժեղացնենք մեր ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում բարգավաճ զարգացմանը։ ԵԱՀԿ-ն հաստատակամ է օգնելու մեղմացնել առկա հակասությունները՝ միևնույն ժամանակ լիովին հարգելով տարբեր տեսակետներ՝ պայմանով, որ բոլոր շահագրգիռ կողմերը բարեխղճորեն մոտենան երկխոսությանը»։

ԵԱՀԿ գործող նախագահը թեև շեշտել է մարդու իրավունքներին, ազատության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության կարևորությունը և նշել ռազմական միջոցների կիրառման սպառնալիքների անթույլատրելիությունը, բայց  Արցախի մեկուսացումը շարունակվում է՝ փաստել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը  և ընդգծել՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն Արցախ։ Բեգլարյանի կարծիքով՝ Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող  Ալիևի վերջին հայտարարությունները համանախագահներին պետք է ստիպեն առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու այցելել Արցախ։  

«Ցավալին այն է, որ Ադրբեջանը կարողանում է արգելափակել, և միջազգային այդ կառույցները ենթարկվում են այդ ապօրինի պահանջներին։ Առավել ևս, որ իրենց պարտավորությունների մեջ մտնում է  մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական խնդիրների լուծումը։ Միջազգային իրավունքի հայտնի նորմերով ու սկզբունքներով  պետք է մարդու իրավունքները առաջնահերթ լինեն, քան՝ որևէ պետության կարծիք կամ ինքնիշխանություն։ Նրանք պետք է ավելի համարձակ լինեն»։

Արցախի պետնախարարն ընդգծում է՝  ԵԱՀԿ ՄԽ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը կամ էլ Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրացման փաստը:

«Ալիևի վերջին շրջանի հայտարարություններից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդեպ վերաբերմունքից հետո, իմ կարծիքով, ժամանակն է, որ այս երկրները, առանց Ադրբեջանի կարծիքը հարցնելու, ոչ  միայն այցելեն Արցախ, այլ նաև ճանաչեն Արցախի անկախությունը կամ գոնե Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրացման փաստը»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի 30 տարվա աշխատանքը  դրական է  գնահատում նաև «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 30 տարի պատերազմից ենք խուսափել, բանակցությունների շարունակականությունն են ապահովել՝ ասում է։

«Պատերազմից հետո կա՞ շանս, հնարավորություն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները շարունակելու, հնարավորինս առավելագույն արդյունք ստանալու գոնե Արցախի կարգավիճակի հետ կապված, այս պահին ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Քանի որ մյուս կողմը՝ Ադրբեջանը, կատեգորիկ Մինսկի խմբի թեման համարում է փակված, բայց ես կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ չէ, որ Ադրբեջանն է որոշում»։  

Վերջին հայտարարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածել են 2021-ի դեկտեմբերին, որում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը,  վերահաստատել  հակամարտության կարգավորման համար համապարփակ լուծումներ գտնելու հարցում կողմերին աջակցելու իրենց դիրքորոշումը։ Առաջիկայում տարածաշրջան այցելելու մասին  համանախագահները հստակ որևէ հայտարարություն չեն արել։

Ցուցադրել ավելի
Back to top button